Երեկ՝ Երեւանում 20-օրյա արտակարգ դրությանը հաջորդող առաջին օրը, ՀՀ մի խումբ քաղաքացիներ փորձեցին Ազատության հրապարակում մոմեր վառելով՝ հարգել մարտի լույս 2-ի գիշերվա դեպքերի զոհերի հիշատակը:
Ու թեեւ արտակարգ դրությունն արդեն ավարտվել էր, սակայն Ազատության հրապարակը շարունակում էր շրջապատված մնալ ոստիկաններով եւ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներով: Ռետինե մահակներով, էլեկտրաշոկերով ու վահաններով ոստիկանները փորձում էին Ազատության հրապարակում մոմեր վառելու փորձ անողներին հեռացնել հրապարակի մատույցներից: Մարդիկ սկսեցին մոմերը վառել Առնո Բաբաջանյանի արձանի շրջակայքում: Մոտակայքում սեւ ժապավեն կապվեց՝ վրան մեխակներ: Այնտեղ էր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Հավաքվածներից շատերը, բացի մոմերից ու սեւ ժապավեններից, իրենց ձեռքին ունեին նաեւ մարտի 1-ի դեպքերից հետո տասնյակ կալանավորվածների նկարներ: Ոստիկանները շարունակում էին վահաններով առաջ շարժվել, այնքան, որ ի վերջո հավաքված մի քանի հարյուր մարդկանց մղեցին դեպի Թումանյան փողոց: Ոստիկանների թիվը զգալիորեն ավելի շատ էր ցուցարարների թվից, սակայն վերջիններիս քանակն ավելանում էր: Ոստիկանները հիմնականում հարգալից էին մարդկանց հետ: Բարեկամաբար զրուցում էին, պատասխանում հարցերին: Սակայն քիչ չէին նաեւ կոպիտ, անհարգալից ու ագրեսիվ ոստիկանները, ովքեր փորձում էին հեգնել ցուցարարներին, գոռում էին նրանց վրա, վիրավորանքներ հասցնում: Նրանցից մեկի կատաղությունը հասավ այն աստիճանի, որ նա հարձակվեց մի երիտասարդի վրա: Վերջինս ոստիկանի հարվածից խուսափելու նպատակով վազելով անցավ Թումանյան փողոցը՝ Բաբաջանյանի արձանի մոտից՝ դիմացի մայթ: Ոստիկանը վազեց նրա հետեւից, գցեց գետնին, ու էլեկտրաշոկով հարձակվեց վրան ու սկսեց ոտքերով հարվածել ընկած երիտասարդին: Միայն հարակից մարդկանց միջամտությունից հետո ոստիկանին հեռացրեցին, սակայն հեռացնելու գործն էլ հեշտ չեղավ: Մի պահ ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախում եղավ, ինչը մի քանի րոպե անց հնարավոր եղավ հանդարտեցնել: Հավաքված մարդկանց ոստիկանները հրեցին դեպի Հյուսիսային պողոտա: Դեպքի վայրում էին ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը, Ոստիկանության Երեւանի Քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը: Որքան նկատեցինք, Ոստիկանության նշված բարձրաստիճան պաշտոնյաները մարդկանց հետ բավականին հանգիստ ու հարգալից էին խոսում: Ի տարբերություն նրանց, ոստիկաններից մեկը երբեմն բավականին կոպիտ ու ագրեսիվ էր, ով իր ռեպլիկներով ու ձայնը բարձրացնելով՝ փորձում էր հավաքվածներին ստիպել հեռանալ: Ինչեւէ, Հյուսիսային պողոտայում մարդիկ հավաքված մնացին մինչեւ ժամը 17:00-ը: Այս ժամին մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակը հարգելու համար հավաքվածների թիվն արդեն բավականին շատացել էր. հավաքվածների բազմությունը ձգվում էր Հյուսիսային պողոտայի սկզբից մինչեւ վերջ: Նշված ժամին մի քանի հազար մարդիկ մոմերով, ծաղիկներով ու կալանավորվածների լուսանկարներով Աբովյան փողոցի մայթով լուռ շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ, որտեղ էլ մարտի 1-ին ծավալվել էր իրադարձությունների հիմնական մասը: Ճանապարհին ցուցարարները շարքով կանգնեցին ՀՀ Արտգործնախարարության շենքի դիմաց՝ ձեռքերին վառվող մոմեր, լուսանկարներ ու ծաղիկներ: Մարդկանց այս լուռ շղթան հասավ մինչեւ Մյասնիկյանի արձանի մոտ: ՀՀ կառավարության շենքի դիմաց նույնպես շարքերով ոստիկաններ էին կանգնած: Ոստիկանական շարքերով շրջափակված էր Ստեփան Շահումյանի արձանը: Իսկ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանն ուղղակի ոստիկանական օղակի մեջ էր առնված: Սգո երթի մասնակիցներին այդպես էլ թույլ չտրվեց մոտենալ արձանին ու այնտեղ դնել ծաղիկներն ու մոմերը: Ոստիկանների թիվը գնալով ավելանում էր. նրանց նորանոր խմբերը հայտնվում էին Ֆրանսիայի դեսպանատան մոտից: Մոմերն ու ծաղիկները նրանք դրեցին հարակից քարերին: Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատների հարեւանությամբ գտնվող այս տարածքում ոստիկանները հիմնականում հարգալից եւ սիրալիր էին քաղաքացիների նկատմամբ: Նրանցից ոմանք ուղղակի շրջում էին շարքերով ու մարդկանց հորդորում ցրվել: Մարդկանց մի մասն այստեղ մնաց մինչեւ ժամը 19:00-ը, ինչպես եւ նախատեսել էին, ինչից հետո ցրվեցին: Իսկ մարդկանց երկրորդ խումբը փորձեց Մաշտոցի պողոտայով վերադառնալ Ազատության հրապարակ եւ այդտեղ ավարտել սգո ակցիան: Սակայն Մարգարյանի անվան ծննդատան մոտ ոստիկանները փակեցին նրանց ճանապարհն ու ուժով ցրեցին տարերային երթի մասնակիցներին: Նրանցից ոմանց ձերբակալեցին ու մեքենաներով տարան առայժմ անհայտ ուղղությամբ: Ի դեպ, երեկվա այս ողջ ակցիայի ընթացքում բավականին շատ էին նաեւ տեսախցիկները: Մի քանի երեւացող տեսախցիկով սգո երթի մասնակիցներին նկարահանում էին նաեւ ոստիկանական հագուստով մարդիկ: