Երեկ ժամը 12.00-ին ՀՀ կառավարությունում քաղաքական չորս ուժեր «Քաղաքական կոալիցիայի համաձայնագիր» ստորագրեցին: Փաստաթուղթը ստորագրեցին «Հանրապետական» կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարին ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Ս. Սարգսյանը ՕԵԿ նախագահին առաջարկել էր ստանձնել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, Ա. Բաղդասարյանն էլ համաձայնել էր: Այդ համաձայնության հիմքի վրա էլ փետրվարի 29-ին Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը ստորագրել էին «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»: Երեկ ստորագրվեց քաղաքական քառակողմ կոալիցիայի համաձայնագիրը: Փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո կողմերին հարցեր տալու հնարավորություն լրագրողներին չտրվեց: Արարողության դահլիճում ստորագրելուց հետո կողմերը կարճ նախաբան ասացին, շամպայն խմեցին, «ցտեսություն» ասացին ու հեռացան: Ամբողջ միջոցառումը տեւեց ընդամենը 13 րոպե: Իսկ կոալիցիոն համաձայնագրում նշված է, թե կողմերը նպատակ ունեն ձեւավորել արդյունավետ գործող իշխանություն, խորացնել ժողովրդավարական բարեփոխումների եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, էականորեն բարելավել քաղաքացիների կյանքի որակը, արդյունավետ դիմակայել Հայաստանի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին եւ այլն: Ներկայացնում ենք նաեւ կոալիցիոն համաձայնագրի կողմ հանդիսացող կուսակցությունների նախագահների կարճ ելույթները:
Սերժ Սարգսյան. «Այսօր մենք կոալիցիա կազմելու մասին համաձայնագիր ստորագրեցինք: Ես կարծում եմ՝ սա աննախադեպ երեւույթ է, որովհետեւ նախկինում Հայաստանի Հանրապետությունում կոալիցիոն համաձայնագրեր ստորագրվել են կոալիցիոն կառավարություն կազմելու մասով: Մենք այսօր քաղաքական կոալիցիա ենք ստեղծել, որի նպատակն է մեր երկրում իրականացնել բարեփոխումներ, լրջագույն փոփոխություններ: Անշուշտ, այդ փոփոխությունները լինելու են մասշտաբային, շատ-շատերի համար լինելու են ցավոտ: Եվ որպեսզի այս փոփոխությունները հնարավոր լինեն իրականացնել ողջ մասշտաբով, մեզ անհրաժեշտ է հասարակական լուրջ աջակցություն: Ահա, այս նպատակով` մեր ջանքերը միավորելու նպատակով՝ մենք այս փաստաթուղթը ստորագրեցինք: Ի դեմս ձեզ՝ մենք խնդրում ենք նաեւ լրատվամիջոցների աջակցությունը, խնդրում ենք աջակից լինել մեր երկրում լրջագույն փոփոխություն իրականացնելու գործում»:
Արմեն Ռուստամյան. «Կարծում եմ, որ, իսկապես, մենք տեւական բանակցությունների միջոցով հասունացրել ենք այս փաստաթուղթը, եւ կարեւոր է արձանագրել, որ նախեւառաջ քաղաքական համաձայնության փաստաթուղթ ենք ստորագրում: Այստեղ դուք չեք գտնի սովորական դարձած հարցը, թե ո՞վ` ի՞նչ պաշտոններ է ստանձնում, ո՞վ` ի՞նչ պորտֆելներ պետք է ունենա: Դա չենք մենք կարեւորել: Գլխավոր հարցը համարել ենք հենց քաղաքական հարցերի համաձայնեցումն այն խնդիրներին, որոնք այսօր կանգնած են մեր երկրի առջեւ: Եվ հասունացած է այս համագործակցությունն ու համաձայնագիրն այնքանով, որ մենք՝ առնվազն «Դաշնակցությունը», երեք հիմնական խնդիր է այստեղ հետապնդել: Առաջինը՝ հնարավոր ամեն ինչ անել, որ առկա ներքաղաքական լարվածությունն արագ լիցքաթափվի: Մնացած խնդիրները, որոնք արդեն դրանից հետո պետք է իրականացվեն` արդեն հստակ ամրագրված են քաղաքական համաձայնագրի մեջ: Եվ ես վստահ եմ, որ այդ խնդիրները լուծելով՝ քայլ առ քայլ մենք էական փոփոխություն ենք մտցնելու մեր կյանքում»:
Գագիկ Ծառուկյան. «Այսօր մենք ստորագրեցինք կոալիցիոն հուշագիրը: Սա մեկ անգամ եւս մեզ պարտավորեցնում է, որ պետք է կարողանանք մեր համատեղ աշխատանքով իրականացնել այն հույսերը, որ մենք ժողովրդին խոսք ենք տվել: Ժողովուրդը սպասելիք ունի, իսկ մենք բոլորս միասին պետք է կարողանանք մեր ներկայացրած ծրագիրն իրականացնել: Ոչ թե ասենք, այլ մեր ասածներն իրականություն դարձնենք: Ես համոզված եմ, որ անպայման այս նոր կազմով մենք պետք է աշխատենք ժողովրդի սպասելիքներն իրականացնենք, պայմաններ ստեղծենք աշխատելու, սովորելու, բարեկեցիկ, բարգավաճ կյանքով ապրելու համար»:
Արթուր Բաղդասարյան. «Ես համարում եմ, որ առաջին անգամ է Հայաստանի քաղաքական իրականության մեջ ստորագրվում նման լայնածավալ փաստաթուղթ, որն ունի մի քանի առանձնահատկություններ: Առաջին՝ փաստաթուղթը ստորագրող քաղաքական ուժերը խորհրդարանական եւ վերջին նախագահական ընտրություններում հավաքել են ծանրակշիռ թվով ձայներ, ինչը նշանակում է, որ ապագա քաղաքական կոալիցիան ունի Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնության քաղաքական վստահությունը: Երկրորդ կարեւորագույն առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ այս փաստաթղթում նշվում է, որ ստորագրող կողմերը ստանձնում են քաղաքական պատասխանատվություն Հայաստանում իշխանության գործունեության համար, ինչը չի եղել նախկինում: Այս կետի արձանագրումը նշանակում է, որ 4 կուսակցությունները ստանձնում են նաեւ լիարժեք քաղաքական պատասխանատվություն մեր երկրում իշխանության գործունեության համար: Երրորդ առանձնահատկությունը ես համարում եմ այն, որ փաստաթուղթը ենթադրում է լայնածավալ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ: Եվ վերջին կարեւոր առանձնահատկությունը, մեր կարծիքով, այն է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան փորձեց այն օգտագործել եւ ծառայեցնել իր նեղ նպատակներին: Այս փաստաթղթով կոալիցիոն համաձայնագիրը ստորագրող կողմերը քաղաքական վճռականություն են հանդես բերելու երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար»:
Նշենք, որ համաձայնագիրը սկսում է գործել ստորագրման պահից եւ ուժի մեջ է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում: Համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջեւ կայացած համաձայնությամբ: