Միջազգային անկախ հետաքննություն է պետք

25/03/2008

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից Լեւոն Զուրաբյանը երեկ հրավիրված ասուլիսում ասել է, որ իշխանությունների կողմից իրենց բանակցությունների որեւէ առաջարկ չի եղել: Նա երկխոսության պատրաստակամություն է հայտնել, սակայն նկատել է, որ «չի կարելի եւ հնարավոր չէ երկխոսել մեկի հետ, ով մի ձեռքով հարվածում է քեզ, իսկ մյուսով ուզում է սեղմել քո ձեռքը»: Նրա դիտարկմամբ՝ երբ բանտերը լցված են ընդդիմադիրներով, երկխոսություն անցկացնելն անհնար կլինի: Ըստ նրա, բանակցությունները չպետք է վարվեն ուժի դիրքերից: Լ. Զուրաբյանը բանակցությունների անցկացման առաջնային պայման է համարում քաղաքական հայացքների համար հետապնդվող քաղաքացիներին բանտերից ազատելը: «Ո՛չ միջազգային հանրությանը, ո՛չ էլ մեր հասարակությանը մենք ապացուցելու ոչինչ չունենք: Սա պարզ, բռնապետական հետապնդում է՝ քաղաքական հայացքների համար»,- ասել է նա: Լ. Զուրաբյանի խոսքերով՝ եթե մինչեւ փետրվարի 19-ը տեղի ունեցողն ընտրական պայքար էր, ապա դրանից հետո, երբ հասարակությանը պարզ դարձավ «խայտառակ ընտրությունների պատկերը», բազմաթիվ մարդիկ, ովքեր չէին ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանին, միացան նրան: Իսկ մարտի 1-ին, ըստ Լ. Զուրաբյանի` «ռեժիմը վերջնականապես պատռեց իր դեմքը»: Տեղի ունեցող իրադարձություններն, ըստ նրա, ոչ թե քաղաքական, այլ՝ ազատության ու ժողովրդավարության վերականգնման համար ողջ հասարակության պայքարն է: Անդրադառնալով քաղաքական իրավիճակի կարգավորման ուղիներին՝ նա ասել է, որ դրա ամենակարեւոր գրավականներից մեկը մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննության անցկացումն է: Նա փաստել է, որ իշխանությունը բացարձակապես շահագրգռված չէ, որ ճշմարտությունը բացահայտվի, ու այդ ուղղությամբ որեւէ քայլ չի անում: Ըստ նրա, իրենք կոչ են արել միջազգային հետաքննություն անցկացնել: Նա նկատում է, որ եթե կատարվածի առնչությամբ իշխանությունները որեւէ խնդիր չունեն, կամ նրանց մասնակցությունն այդ գործում չկա, ապա առաջին հերթին նրանք պետք է շահագրգիռ կողմ հանդիսանան: Ավելացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ հանդիպելով Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, ասել է. «Դատախազությունը պատրաստակամ է ստեղծել բոլոր աշխատանքային պայմանները արտերկրի մասնագետների մասնակցությունը կոնկրետ փորձաքննությունների կատարմանը ապահովելու համար»: