Թաներ Աքչամը կողմ է
-Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդները պետք է լսեն միմյանց, բայց դրան
դեռ պատրաստ չէ Թուրքիան, իսկ դա այսօր ամենագլխավոր հարցն է,- հայտարարել
է Մինեսոթայի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը։ Նա գտնում է, որ
Թուրքիան այսօր շատ կարեւոր պատմական շրջափուլի նախաշեմին է։
Աքչամն ասել է, որ մինչեւ վերջերս ինքը եղել է միակ թուրք գիտնականը, ով
բացեիբաց խոսել է հայերի ցեղասպանության մասին։ 1995 թվականի ապրիլի 24-ին
նա այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ մոմ է վառել ի հիշատակ
անմեղ զոհերի։ «Ես խոստացել եմ ջանք չխնայել երկու ժողովուրդներին
հաշտեցնելու, ցեղասպանության պատճառով կորսված պատմությունը վերադարձնելու
համար»,- ասել է պատմաբանը։
Նրա կարծիքով՝ Թուրքիան պետք է ընդունի իր պատմական սխալները, քանի որ
առանց դրա՝ նա դեպի Եվրամիություն չի կարող գնալ։ Աքչամը գտնում է, որ
Թուրքիայի պատմական սխալը ոչ միայն հայոց ցեղասպանությունն է, այլեւ
քրդական հարցը եւ այլ հարցեր, բայց այսօր ամենագլխավորը մնում է հայերի
ցեղասպանության ճանաչումը։ Այսուհանդերձ, նա գտնում է, որ տարածքային
խնդիրներն առայժմ քննարկման առարկա չեն։ «Անցած տարիների սխալների համար
պետք է փոխհատուցել, բայց ինչպես, ես չգիտեմ։ Փոխհատուցումը տարածքներով
կամ փողով, իմ կարծիքով, այս հարցի բարոյական բաղկացուցիչն է»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է արխիվներին, պրոֆեսորը հայտարարել է, որ Թուրքիայում կա
երկու արխիվ՝ Ստամբուլում եւ Անկարայում։ Անկարայի արխիվը փակ է անգամ
թուրք պատմաբանների համար։ Ստամբուլի արխիվը բաց է մասնակիորեն։ Աքչամը
տեղեկացրել է, որ այդ արխիվի նյութերից օգտվող գիտնականները հետագայում
համապատասխան մարմինների կողմից հարցաքննության են ենթարկվել։
Թուրք պրոֆեսորը նկատել է, որ Թուրքիայի քաղաքական վերնախավի
փոփոխությունից հետո, հնարավոր է, շատ բան փոխվի։ Նրա երազանքն է, որ 2015
թվականին Թուրքիան լինի Եվրամիության անդամ, իսկ հայկական
ցեղասպանությունը լինի ճանաչված։
Թաներ Աքչամը ծնվել է Թուրքիայի հյուսիս-արեւելյան Կարս-Արդահան գավառում։
Ուսանողական տարիներից զբաղվել է քաղաքականությամբ, թուրք հասարակության
ժողովրդավարացման խնդիրներով, քրդական հարցով։ 1976 թվականին՝ լինելով
քաղաքական ամսագրի խմբագիր, ձերբակալվել եւ դատապարտվել է տասը տարվա
ազատազրկման։ Մեկ տարի անց նրան հաջողվել է փախչել Գերմանիա, որտեղ
քաղաքական ապաստան է գտել։ Դոկտորի աստիճան Աքչամը ստացել է Հանովերի
համալսարանում։
1915-ը ցեղասպանություն է
– Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները
համապատասխանում են ցեղասպանություն հասկացությանը, որը նախատեսված է
ՄԱԿ-ի կոնվենցիայով, եւ զոհերի քանակը բացարձակապես ոչ մի նշանակություն
չունի,- հայտարարել է թուրքական Բիգլի համալսարանի պրոֆեսոր Մուրադ Բեգլեն։
«Ես միշտ ասում եմ, որ հայերի ցեղասպանությունն անքննելի փաստ է եւ այդ
հարցի մասին իմ մտքերը տպագրում եմ թերթերում, ինչը դառնում է ճնշման
պատճառ»,- ասել է նա։ Ավելին՝ Թուրքիայում այսօր մարդիկ կան, ովքեր
կցանկանային, որ Բեգլեն ընդհանրապես չլիներ։
Թուրք պրոֆեսորի խոսքով, Թուրքիայի կողմից ցեղասպանությունը չճանաչելու
գլխավոր պատճառն այն է, որ վախենում են տարածքային պահանջներից։ Իսկ ի
պատասխան այն հարցին, թե կճանաչի՞ Անկարան հայոց ցեղասպանությունը, եթե
հայերը հրաժարվեն տարածքային պահանջներից, Բեգլեն նշել է, որ «միայն
դրանով չի կարելի պայմանավորել Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, բայց
եթե Հայաստանը հայտարարի նման բան, դա զգալիորեն կթուլացնի
լարվածությունը»։ Այսուհանդերձ, նա գտնում է, որ Թուրքիայի Արտաքին
գործերի նախարարությունը պետք է լիովին փոխի իր կողմից տարվող արտաքին
քաղաքականությունը։
Մեկնաբանելով Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հարցը, Բեգլեն նշել է.
«Եթե Թուրքիան ի վիճակի լինի առանց խոչընդոտների շարժվել դեպի ԵՄ, կարծում
եմ, այսօր գոյություն ունեցող բոլոր հարցերն անպայման իրենց լուծումը
կգտնեն»։ Նրա կարծիքով՝ կան հարցեր, որոնք լուծելու համար 3 ամիս է
հարկավոր, եւ կան հարցեր, որոնց համար պետք է երեք տարի։
«Եվրոպական կառույցները կարող են աջակցել վիճելի հարցերի լուծմանը»,-
ընդգծել է նա։ Այսուհանդերձ, թուրք պրոֆեսորը գտնում է, որ ցեղասպանության
ճանաչման մասին խոսող շատ երկրներ այդ հարցն օգտագործում են իրենց
նպատակներին հասնելու համար։
Երկու երկրների երկխոսության գլխավոր խոչընդոտը, պրոֆեսորի կարծիքով, այն
է, որ հայերն ուզում են միայն 1915-ի իրադարձությունները քննարկել, իսկ
թուրքերը հակված են դրան նախորդող իրադարձությունների քննարկմանը։
Թուրքիան պետք է ներում խնդրի
– Հայերի զանգվածային կոտորածները Օսմանյան Թուրքիայում միանշանակ պետք է
որակվի ցեղասպանություն, իսկ այդ հանցագործությունը կատարած
կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի,- հայտարարել է Ճապոնիայի
Աիչի Սանգյո համալսարանի պրոֆեսոր Խիրոիշի Սեգավան։
Նա զուգահեռներ է անցկացրել հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի միջեւ։ Նրա
կարծիքով՝ այդ երկու զանգվածային բնաջնջումների միջեւ կան մի շարք
ընդհանրություններ՝ նման են հանգամանքներն ու դրդապատճառները, նման են
նաեւ Օսմանյան կայսրության եւ նացիստական Գերմանիայի
գաղափարախոսությունները։ Բացի այդ, երկու դեպքում էլ բռնությունը եղել է
համաշխարհային պատերազմների ընթացքում, ինչը թույլ է տվել հանցագործներին
խուսափել միջազգային սանկցիաներից։
Սեգավայի խոսքով, կան բազմաթիվ վավերագրական փաստեր, որոնք վկայում են
էթնիկ եւ կրոնական հողի վրա զանգվածային կոտորածներ եւ գաղթ կազմակերպելու
հրահանգների առկայության մասին։ Նա գտնում է, որ անհրաժեշտ է հրապարակել
այդ տվյալները, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա կատարվածի մասին։ Նա նշել է
նաեւ, որ անհրաժեշտ է վերանայել դպրոցական ծրագրերն ու դասագրքերի մեջ
մտցնել նյութեր հայոց ցեղասպանության մասին։
Ճապոնացի գիտնականն ասել է, որ այդ ուղղությամբ քայլեր պետք է կատարվեն
նաեւ Թուրքիայում, որպեսզի հայերը կարողանան հաղթահարել անցյալի ծանր
ժառանգությունը։ «Թուրքիայի ներկա իշխանությունները պետք է ներում խնդրեն
հայերից՝ այդպիսով ընդունելով իրենց մեղքն ու ապահովելով խաղաղություն»,-
ասել է Սեգավան։
Գերմանացիների օրինակով
«1915 թվականին հայերի դեմ կատարված հանցագործությունները բոլոր
միջազգային իրավական նորմերով համապատասխանում են ցեղասպանություն
հասկացությանը։ Նույնը վերաբերում է նաեւ գոյություն ունեցող փաստերին։
Այդ իրավական նորմերն օգտագործելու համար բացակայում է միայն բուն
հանցանքի ճանաչման եւ զոհերի կրած վնասների փոխհատուցման կամքը»,-
հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին քարտուղար
Ալֆրեդ դե Զայասը։ Նա նկատել է նաեւ, թե կարծիք կա, որ հիմա պետք չէ
ճանաչել ցեղասպանությունը, քանի որ այն իրականացնողներն արդեն մեռել են։
«Բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ, օրինակ, ստրկությունն ու
գաղութարարությունը մարդկության դեմ ուղղված հանցանքներ չեն միայն այն
պատճառով, որ բոլոր նրանց, ում կարելի էր պատժել, հիմա չկան։ Այո, հայոց
ցեղասպանությանը մասնակցած բոլոր պաշտոնական անձինք հիմա չկան։ Բայց
արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այդ սպանությունների դատապարտումն այսօր պետք
չէ։ Պատմական հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է դատական վճիռ,
համաշխարհային հանրության կարծիքի վրա հիմնված վճիռ»,- ասել է Զայասը։
Անդրադառնալով պատմությանը, նա հիշեցրել է, որ Գերմանիան ժամանակին
ճանաչել է Հոլոքոստը եւ բազմամիլիոն փոխհատուցում վճարել։ «Թուրքիան ոչ
միայն չի անում այդ բանը, այլեւ շարունակում է բռնազավթված պահել հայկական
հողերը, եկեղեցիներն ու տները։ Մի պահ պատկերացնենք, որ Գերմանիան մինչ
այժմ բռնազավթած պահեր հրեական սինագոգներն ու օգտագործեր հրեաների
ունեցվածքը։ Անկասկած, ամեն ոք նման իրավիճակը կհամարեր ոչ նորմալ եւ
անտանելի»,- եզրակացրել է ՄԱԿ-ի նախկին պաշտոնյան։
Հայ արիների աչքից հեռու
2001 թվականին հայերն ու թուրքերը համատեղ անցկացրել են սոցիոլոգիական
հարցում, որի նպատակն է եղել ուսումնասիրել երկու հասարակությունների
փոխհարաբերությունների բնույթը։ Եղել է երեք հարց՝ միմյանց մասին
տեղեկացվածությունը, հարաբերություններն ու հնարավոր զարգացումները։
Հարցումներն անցկացվել են Թուրքիայի 68 վիլայեթների 34 քաղաքում եւ
Հայաստանի 11 մարզերի 24 քաղաքում։ Ընդհանուր առմամբ՝ հարցմանը մասնակցել
են Թուրքիայի 1219 բնակիչ եւ Հայաստանի՝ 1000։
Հարցման արդյունքներից պարզվել է, որ հայերն ավելի լրիվ եւ ծավալուն
պատկերացում ունեն Թուրքիայի եւ թուրքերի մասին, քան թուրքերը՝ հայերի։
Թուրքերի տեղեկությունները հիմնականում կառուցված են տեղի հայկական
համայնքների հետ ունեցած շփման վրա։ Հայերի տեղեկությունները կազմված են
պատմական աղբյուրներից, հիշողություններից, անձնական տպավորություններից,
քանի որ նրանցից շատերը եղել են Թուրքիայում։
Թուրքերի մեծամասնության կարծիքով՝ Հայաստանը բազմամիլիոն բնակչությամբ
մեծ երկիր է։ Օրինակ, շատ թուրքերի կարծիքով՝ Հայաստանի բնակչությունն 8
միլիոն է, իսկ երկիրը ձգվում է Կասպից, Սեւ եւ Միջերկրական ծովերի միջեւ։
Նրանց կարծիքով՝ Հայաստանի բնակչության կեսը քրիստոնյա է, իսկ 21%-ը
կարծում է, որ հայերը հրեաներ են, եւ նրանց կրոնը հուդայական է։
Ինչ վերաբերում է հարաբերությունների հետագա զարգացմանը, յուրաքանչյուր
հինգերորդ թուրքը գտնում է, որ ցեղապանությունն ամենամեծ խոչընդոտն է։
Այսպիսով, եթե ոչ ուղղակի, գոնե անուղղակիորեն նրանք հայտարարում են, թե
բնակչության մեծ մասը տեղյակ է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, եւ
հասկանում է, որ վաղ թե ուշ թուրքական կառավարությունը պետք է հաշտվի այդ
փաստի հետ։
Պատրաստեց Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ