Վրացական միավորված ընդդիմությունը, որի մի խումբ ներկայացուցիչներ գրեթե երկու շաբաթ առաջ հացադուլ են հայտարարել, կդադարեցնեն ակցիան, եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցեն Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի բնակիչները: Այդ մասին հայտարարել է ընդդիմության ղեկավարներից մեկը՝ Կոբա Դավիթաշվիլին: Վրաստանի Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում ընտրություններին Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի բնակիչների մասնակցությունը, որոնց նկատմամբ չի տարածվում Թբիլիսիի իրավասությունը: Ընտրություններին, ըստ օրենսդրության, նախատեսված է այդ հակամարտային տարածաշրջաններից փախստականների մասնակցությունը: Մինչդեռ ընդդիմությունը գտնում է, որ օրենսգրքում պետք է ամրագրվի տարածաշրջանների բոլոր բնակիչների մասնակցությունը, այդ թվում եւ՝ այն տարածաշրջանների, որոնց վրա չի տարածվում Թբիլիսիի իրավասությունը:
«Հարգելով պատրիարքին՝ մենք փոխզիջումային տարբերակ ենք մշակել եւ հրաժարվել ենք իշխանությունների համար հիվանդագին բոլոր մյուս պահանջներից՝ բացառությամբ մեկի: Մենք պատրաստ ենք հրաժարվել հացադուլի ակցիայից եւ հավաքել վրանները, պայմանով, որ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն եւ իշխանությունները համաձայնեն 75 մեծամասնական մանդատները վերաբաշխել ըստ տարածաշրջանային-համամասնական համակարգի՝ հաշվի առնելով Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի ներկայացուցիչներին»,- լրագրողներին ասել է Դավիթաշվիլին պատրիարքի հետ կայացած հանդիպումից հետո: Նա հայտնել է, որ ընդդիմության հիմնական պահանջները քննարկվել են Իլյա Երկրորդի հետ, որը զանգահարել է Բուրջանաձեին եւ խորհուրդ տվել հաշվի առնել դրանք: