Ատելության համաճարակ

25/03/2008 Գոհար ՔԱԼԱՇՅԱՆ

Գարուն ա, Երեւանում ավեր են արել: Թվում է՝ Երեւանը չէ, մեր քաղաքը չէ, այլ, առնվազն, Սումգայիթի հայկական թաղամասերն են՝ հայտնի ողբերգական դեպքերի օրերին:

Վայրագությունների այս պոռթկումը ինքնաբուխ ալիք չէր, կազմակերպիչների կողմից վաղօրոք գրված սցենարի բաղկացուցիչ մասն էր, որի իրականացման համար «հմուտ ռեժիսորներ» են աշխատել, միջոցներ կուտակել, անգամ՝ հանցավոր աշխարհի հետ համաձայնություններ կայացրել:

Նախագահի ոչ մի թեկնածու չէր համարձակվի բացեիբաց հայտարարել, թե հաղթելու դեպքում «քիրվայություն» է անելու հարեւանների հետ՝ մեծ արագությամբ վերացնելով այդ ճանապարհի բոլոր խոչընդոտները: Իսկ խոչընդոտները, պարզ է, ղարաբաղյան հարցի կարգավորմանն են վերաբերում, եւ ապագա նախագահացուն անթաքույց հայտարարում էր, թե զիջելու է այնքան, որ «քիրվայության» արժանանա: Ասենք, նա, անձամբ, արդեն իսկ արեց իր քիրվայությունը՝ հային հայի դեմ հանելով, հասարակությունը պառակտելով ու ատելության համաճարակը տարածելով: Նա՝ նախկինում բացառիկ զուսպ, ժողովրդին մի սրտամոտ, ջերմ խոսք չասած մարդը, հիմա հանրահավաքային հարթակի վրա տարատեսակ պարեր էր պարում եւ պատրանք ստեղծում, թե «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխությունը, իսկ ավելի ստույգ՝ երկրի սահմանադրական կարգի դեմ ոտնձգությունն այդպես պարելով են անելու: Մեր Ազատության հրապարակում օտարների դրոշները թափահարելով են հաղթանակի հասնելու սեփական ժողովրդի նկատմամբ:

Ինչի՞ մասին էր վկայում Տեր-Պետրոսյանի կերպարանափոխությունը: Ակնհայտ էր, որ նա վա-բանկ է գնում, հանուն իշխանության՝ պատրաստվում է կենաց ու մահու կռվի: Բայց կռվողը, անշուշտ, ինքը չէր լինելու, այլ՝ հմտորեն մոլորեցված, չարությամբ ու ատելությամբ լցոնված այլք: Ուրիշները: Ուրիշների զավակները: Ուրիշները՝ Տեր-Պետրոսյանի համար, բայց բոլորն էլ՝ մեր հայրենակիցները: Նրանց վճռական կռվի էին նախապատրաստում ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամու՝ իրենց կողմից ուռճացված, ատելի դարձված թշնամու, նույնն է՝ համաքաղաքացիների դեմ: Մեր զինվոր տղաների, ոստիկանների դեմ:

Ատելության այս ժայթքումը պահի ազդեցության տակ չէր: Տարիներով քողարկված ու հսկայածավալ դարձած իրենց թշնամանքն ու ատելությունը ներարկեցին ամբոխի մեջ: «Ինձ գործիք դարձրեք»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր Տեր-Պետրոսյանը, սակայն քայլ առ քայլ գործիք էր դարձնում իրեն հետեւողներին:

Հայտարարում էր, թե արդարություն է հաստատելու եւ, միաժամանակ, ոտնահարելով արդարության ամենատարրական սկզբունքները, դատավոր էր դառնում ու դատավճիռներ հրապարակում հին ախոյանների եւ նրանց նկատմամբ, ովքեր այժմ իր կողքին չէին կանգնում: Ամբոխը ոգեւորվում ու ծափահարում էր: Այսպիսի՞ արդարություն էր հաստատելու: Այսպիսի՞ն էր լինելու մեր երազած արդար երկիրն ու իր արդարամիտ նախագահը: Լինչի դատաստանի օրենքնե՞րն էր ի կատար ածելու մեկ անգամ եւս իր բռում հայտնված երկրում: Բայց դա արդեն եղել էր, դա արդեն տեսել ու ճաշակել էինք տարիներ առաջ:

Հասարակության վրա ազդելու մեխանիզմները նա եւ իր թիմը լավ գիտեին: Իրենց գործողությունները մշակվում էին համաշխարհային հեղափոխական փորձն ուսումնասիրելով: Իրենց «բարձր» նպատակներին հասնելու համար նրանք ինչպես՝ նախկինում, այնպես էլ՝ այժմ պատրաստ էին զոհաբերելու ինչ-որ քանակությամբ մարդկանց: Երեւի այդ հաշվարկները եւս ունեին, մարդկային ճակատագրերի տնօրինումը թվաբանական պարզ գործողություններով կատարել էին:

1993-94 թվականներին, ո՛չ առանց իր մեղքի ծանր պայմաններում հայտնված մարդկանց է՛լ ավելի հուսահատեցնելու համար Տեր-Պետրոսյանը Բաքու էր գործուղում իր թիմակիցներին, որոնք այնուհետեւ մամուլը հեղեղում էին մեր մութ աշխարհի եւ ադրբեջանցիների լույս աշխարհի մասին իրենց հետեւություններով: Դրանք հասարակությանը մոլորեցնելու, պարտվողականությունը ամրապնդելու, ծախվելուն պատրաստ լինելու տրամադրություններ պիտի սերմանեին: Այն ժամանակ չկարողացան: Մարդիկ նախընտրեցին իրենց «մութ աշխարհը»՝ թշնամու առաջ ծնկի իջնելուց, սկսած ազատագրական պայքարը պարտությամբ ավարտելուց:

10 տարի անց կորցրած իշխանությունը վերագտնելու քաղցր հույսը նրանց դարձյալ ասպարեզ բերեց, ու նույն ճանապարհն ընտրեցին՝ իրենց երկիրը նվաստացնելու, ոտնահարելու, չորեքթաթ՝ հարեւանների մոտ աճապարելու նույն եղանակը:

Այո, մեր երկրում քաղաքացիական ակտիվ դիրոքորոշում ունեցող հասարակություն պիտի ձեւավորվի, բայց դա մոլեգնության ճանապարհով չէ, որ իրականություն պիտի դառնա: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչ խախուտ է քաղաքական երթի ելածների ու տարրական թալանչիների միջեւ սահմանագիծը: Եվրոպական շատ զարգացած երկրներում էլ ցուցարարների ու ոստիկանների բախումներ են լինում: Բավական կոշտ բախումներ: Բայց տարբերությունն այն է, որ նրանց ցուցարարներին փողոց է հանում որեւէ կոնկրետ սոցիալական, իրավական խնդիր, ո՛չ ատելությունն ու կույր մերժողականությունը: Եվ հակամարտության կողմերի միջեւ պառակտում չի առաջանում, երկիրը չի բաժանվում միմյանց չվստահող, միմյանց դավաճան անվանող ու ոչնչացնելու պատրաստ տարբեր ճամբարների:

Հետընտրական այս շրջանում անգամ դպրոցահասակ երեխաների քաղաքականացված խոսակցությունները լսելիս ցավալիորեն պարզ էր դառնում, որ Տեր-Պետրոսյանի համակիրների երեխաները տոգորված են նույն ատելությամբ, նույն թշնամանքով, ինչ՝ իրենց ծնողները: Նույնիսկ երեխաների հոգիները չարությամբ լցնելուց չէին խորշել՝ ավելի հեռուն գնացող իրենց նպատակների համար նոր անձնազոհների բանակ նախապատրաստելով:

Տագնապեցնող է երիտասարդության շրջանում ընտրություններից առաջ եւ հետո նրանց վարած քայքայիչ աշխատանքը: Երիտասարդներին, որոնք Տեր-Պետրոսյանի իշխանության օրերը չէին հիշում, «զինվորագրել էին» կեղծ կարգախոսներով՝ խաղալով նրանց տարիքային մաքսիմալիզմի ու եռանդի վրա, գրավելով իրենց գաղափարախոսության թույնով, նյութական աջակցությամբ, այլ «զինատեսակներով»: Երիտասարդության շրջանում մի ինքնատիպ քաղաքական հոգեորսություն էր տեղի ունեցել, անփորձ մարդիկ ներքաշվել էին փորձված քեռիների շահերին ծառայող մոլեգնության մեջ: Կատարվածից, անշուշտ, հետեւություններ պիտի անեն նաեւ ազգային անվտանգության ծառայությունները:

Նախընտրական մի ապշեցուցիչ հայտարարություն արեց Տեր-Պետրոսյանը: 1996 թվականին Վազգեն Մանուկյանի թիմի ներխուժումը Ազգային ժողով նա համարեց 1999 թվականի «Հոկտեմբերի 27»-ի ողբերգության պատճառը: Վազգեն Մանուկյանն էր, պարզվում է, Նաիրի Հունանյանին ոգեշնչողը: Նախկին ընկերոջ եւ գաղափարակցի նկատմամբ դրսեւորած սառնասիրտ ատելությունը շատ բան էր ասում հենց Տեր-Պետրոսյանի մասին: Հակառակորդին ամեն գնով ոչնչացնելու, դավաճանի կերպար սարքելու եւ մարդկանց նրա նկատմամբ թշնամանքով տրամադրելու համար նախկին նախագահը ոչնչի առաջ կանգ չէր առնում: Նույն կերպ նա դավաճան հռչակեց Արթուր Բաղդասարյանին: Եվ ամբոխը, արդեն վարժված լինելով դավաճանամոլության այս դրսեւորումներին, առավել ոգեւորված ծափահարեց: Եթե Վազգեն Մանուկյանն իր համախոհների հետ Ազգային ժողովի շենք ներխուժելով՝ «Հոկտեմբերի 27» էր նախապատրաստել, ապա, նախկին նախագահի տրամաբանությամբ՝ ի՞նչ ապագա հանցագործությունների ու աղետների պատճառ է դառնալու ինքը՝ Տեր-Պետրոսյանը, իր հրահրած այս հակապետական, հակաժողովրդական գործողություններով: Երեւանի ամբողջ փողոցներ ավերակելով, մարդկային զոհերով, վնասվածքներ ստացածների ֆիզիկական ու բարոյական տանջանքներով, թալանով ինչի՞ էր ուզում հասնել եւ ինչի՞ է հասնելու մոտակա ու հեռավոր ապագայում: Մարդկանց հոգիները պղտորելով, աշխատանքից, դասերից, ընտանիքից կտրելով, սեփական գերազանցությունը նրանց պարտադրելով, չհիմնավորված հայտարարություններ անելով, թե ի՛նքն է ընտրվել ձայների մեծամասնությամբ ու ի՛նքն է արդեն իսկ երկրի նախագահը, դրսից ղեկավարվող գունավոր կամ, իր իսկ խոսքերով՝ պարային հեղափոխություն էր անում՝ ի շահ ո՞ւմ: Ժողովրդի՞: Երկրի վարկի՞: Երկրի ապագայի՞:

Մարտի 1-ի գիշերն էլ ուշ չէր, որ նա պաշտոնական հայտարարություն աներ ու կանգնեցներ իր համախոհների կողմից մոլեգնության հասցված մարդկանց, տաքգլուխ երիտասարդներին: Հաշտության ու սթափության կոչ աներ: Եվ չէր լինի այն, ինչ եղավ: Զոհե՛ր չէին լինի: Թալանչիական երթ տեղի չէր ունենա: Բայց հիմա, երբ անհրաժեշտ էր, որ խոսեր, նա լռեց: Եվ նրա ոտքերը, ինչ խոսք, «կախաղանին մոտ չգնացին»: Զոհ լինելու համար կային ուրիշները, երիտասարդ մարդիկ, մի կողմից՝ Տեր-Պետրոսյանի կողմից հրահրվածները, մյուս կողմից՝ ծառայական պարտականությունները կատարողները: Եղբայրը՝ եղբոր դեմ, ընկերը՝ ընկերոջ դեմ: Տեր-Պետրոսյանի կողմից ելույթ ունեցողների մեջ եւս կային իրենց քաղաքացիական պարտքը գիտակցող, իսկապես արժանապատիվ մարդիկ: Անմոռանալի է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի արարքը: Տեսնելով ոստիկանի դեմ ուղղված դանակը՝ նա սեփական մարմնով էր փակել դանակի ճամփան, վնասվածք էր ստացել ինքը: Եվ սա կինո չէր, հորինվածք չէր, իրական կյանքն էր, երբ արտակարգ իրավիճակում յուրաքանչյուրը դրսեւորվում է, ինչպես կա: Հերոսը հերոսանում է, վախկոտը՝ առավել վախկոտանում, սրիկան՝ ավելի բացահայտ անում իր սրիկայությունները: Պատմությունն անվերջ դաս է տալիս, որ մենք հատկապես անմիաբանությունից ենք տուժել: Հատկապես պառակտումն է շատ անգամ դարձել մեր պարտությունների, պետականության կորստի, դարերով օտարի լծի տակ տառապելու պատճառը: Բայց նույնիսկ հիմա բավական է, որ հայտնվի եւս մի լավ քողարկված պառակտիչ, ու մենք նորից կիսվում ենք, միմյանց նկատմամբ տոգորվում թշնամանքով ու ատելությամբ:

Չարության կուտակումը, ըստ բժիշկների, հանգեցնում է մարդու օրգանիզմում չարորակ գոյացությունների առաջացմանը: Իսկ երբ չարությունն ու ատելությունը անարգել կերպով կուտակվում են հասարակության մեջ, չարորակ գոյացությունները հասարակության մարմնում են բուն դնում եւ անում իրենց սեւ գործը՝ կործանում ու մահ սփռելով իրենց շուրջը: Օրենքի գերակայությանը հասնելու, արկածախնդիրների այսօրինակ գործողությունները բացառելու կամ առանց ծանր հետեւանքների դրանք դիմագրավելու համար այսօրվանից եւեթ պետք է անկյունաքարային դառնա օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը: Յուրաքանչյուրը, ով էլ որ լինի, պետք է ստանա իր արարքին կամ արարքներին համաչափ պատիժ: Իսկ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չպետք է ունենան: Անպատժելիությունն է նոր հանցանքներ ծնող առաջին պատճառներից մեկը: Եվ մեր երկիրն իր դատաիրավական համակարգով պետք է գոնե այսուհետ աշխատի այնպես, որ օրենքները գործեն ոչ թե հօգուտ մի բուռ վերնախավի, այլ ի շահ օրինահարգ քաղաքացիների, ի շահ Հայաստանի: