Հանրապետությունում խնամվող 632.894 գլուխ ոչխարներից տարեկան ստացվում է շուրջ 1300 տոննա բուրդ, որի հիմնական մասն անասնապահական տնտեսություններն իրացնում են ներքին շուկայում եւ Վրաստանում: Բրդի զգալի քանակ է գնում եւ տարատեսակ թելեր մշակում Սուրենավանի «Բրդի վերամշակման գործարանը», իսկ «Հայգորգ», «Արմենկարպետ» գործարաններն այդ թելերն օգտագործում են ձեռագործ գորգերի, գոբելենների ու կարպետների հյուսվածքներում: Մնացած բրդից անհատ ձեռներեցները պատրաստում են անկողնային պարագաներ: Ըստ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության եւ տոհմային գործի զարգացման վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի` «Հասկ-96» հ/կ-ն ու «Թուֆենկյան» հիմնադրամը սահմանամերձ, բարձրլեռնային գյուղերի անասնապահական տնտեսություններում սկսել են խնամել եւ բազմացնել հայկական «Բալբաս» կիսակոպտաբուրդ ցեղի ոչխարներ: «Բալբասից» ստացված սպիտակ բուրդը, որը հեշտությամբ մշակվում եւ ներկվում է տարբեր գույներով, անգերազանցելի է գորգագործության մեջ: Հյուսվածքներից բացի, հանրապետության մասնավոր ձեռնարկությունները տարեկան արտադրում են շուրջ 600-650.000 ոչխարի մազածածկով կաշվե բաճկոն (կամ «ոչխարենի») եւ նույնքան էլ հովվական յափնջի, որոնք արտահանվում եւ սպառվում են Թուրքիայում: