2004 թվականի օգոստոսի 14-ին 93 տարեկան հասակում Կրակովում մահացավ մեծ լեհ բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Չեսլավ Միլոշը: Նա մահացավ իր տանը` մտերիմների ու բարեկամների շրջապատում: Բանաստեղծը համարյա երեսուն տարի անցկացրեց աստանդականության մեջ, ու հայրենիք վերադարձավ միայն 80-ականների վերջերին, եւ հենց 1980 թվականին նրան Նոբելյան մրցանակ շնորհվեց:
Չեսլավ Միլոշը ծնվել է 1911 թվականին Լիտվայի Շետեյնի քաղաքում` մայրաքաղաք Վիլնոյի մերձակայքում: Գրողի մանկությանն ու պատանեկությանն է նվիրված նրա «Իսսայի հեռաստանը» վեպը: 1930-ական թվականներին նա հրատարակեց իր առաջին բանաստեղծությունները լեհական ուսանողական ամսագրում: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Միլոշը բանաստեղծություններ էր տպագրում Վարշավայի ընդհատակյա հրատարակություններում:
Պատերազմից հետո Չեսլավ Միլոշը մշակույթի խորհրդական է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներում: 1951-ից, հրաժարվելով սովետական ռեժիմին ծառայելուց, նա չկամեցավ վերադառնալ հայրենիք: 1953-ին Միլոշը «Իշխանության գրավումը» վեպի համար գրականության մրցանակ ստացավ: Նույն թվին միջազգային ճանաչում ստացավ «Անազատ միտքը» երկի համար: 1958 թվականին Փարիզում հրատարակեց իր «Հարազատ Եվրոպա» գիրքը` արեւելաեվրոպական բնավորության յուրահատկության հետազոտությունը:
1960-1981 թթ. Թ.Միլոշը դասավանդում էր Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի սլավոնական բանասիրության բաժնում: 1969թ.
Չ. Միլոշը հրատարակեց ամերիկյան քաղաքակրթությանը նվիրված «Տեսիլքներ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում» էսսեների ժողովածուն, իսկ 1970-ին նա ամերիկյան քաղաքացիություն ստացավ: ԱՄՆ-ում անցկացրած առաջին 20 տարում Միլոշը մեծ ճանաչման չէր արժանացել. նա գրում էր բանաստեղծություններ, որոնք հետզհետե ավելի փիլիսոփայական բնույթ էին առնում, եւ զբաղվում էր գրաքննադատությամբ: 1977-ին լույս տեսավ նրա՝ ցնորատեսական ավանդույթին ու սեփական հոգեկան որոնումներին նվիրված «Ուլրո երկիրը» գիրքը: Միլոշը փառքի արժանացավ միայն 1980 թվականին Նոբելյան մրցանակ ստանալուց հետո: 1983 թվականին Փարիզում հրատարակվեց «Պոեզիայի վկայությունը»` 1981-1989 թթ. Հարվարդում նրա կարդացած դասախոսությունների ժողովածուն: 1988-ին ԱՄՆ-ում լույս ընծայվեց 1931-1987 թթ. բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1992-ին` «Իմ փողոցներից սկսած» (Beginning with my streets), 1995-ին` «Դեմքով դեպի գետը» (Facing the river: New poems)` բանաստեղծությունների ժողովածուն:
Նրա գրականությունն իր մեջ ներառել է Արեւելյան Եվրոպայի յուրահատկությունը, XX դարի արյունալի պատմության արձագանքները եւ աստանդականության տանջալի փորձը:
«Տեսիլքներ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում» գրքից
ԲԱԶՈՒՄ ԿՐՈՆՆԵՐԻ ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Աստված մեռավ»
Նիցշե
«Նիցշեն մեռավ»
Աստված
(Մակագրություն Բերկլիի համալսարանի պաստառի վրա)
Միայն Աստված կարող է ինձ փրկել, որովհետեւ, անձնատուր լինելով նրան, ես համբառնում եմ առ բարձունք, եւ իմ ճշմարիտ էությունը իմ մեջ չէ, այլ ինձանից վեր է: Սարդի պես ես մագլցում եմ թելով, եւ այդ թելը` աներկբայելիորեն եւ բացառապես իմն է, կախ տված այնտեղ, որտեղից եկել եմ ես եւ ուր կենում է Դուն, որ ինձ Դու-ով է դիմում: Այն, ինչը կոչվում է կրոնական վերածնունդ Ամերիկայում, չի ենթարկվում հողագործական, մինչարդյունաբերական ընդհանրությունների համար ընդունված սկզբունքներին: Այստեղ քիչ բան կարող են հասկանալ եւ այն մռայլ աթեիստները, այդ շրջած կրոնական մոլեռանդները, ովքեր այդչափ երկրներում տանջում են հասարակ մարդկանց այն բանի համար, որ նրանք ուզում են իրենց երեխաներին սովորեցնել, թե ինչպես խաչակնքվեն: Սակայն կիրառվող հասկացությունների բազմիմաստությունն այնչափ մեծ է, որ հենց նրանց խառնաշփոթությունը պետք է վերլուծության դրդեր: Բայց վերլուծությամբ հազվադեպ են զբաղվում, խոչընդոտներ կան, եւ ես, հանդգնելով, դիմում են անպարզի ոլորտին, ուր կարելի է լոկ խարխափելով շարժվել:
Աստված ամենուր է, այնպես, ինչպես ամենօրյա առողջապահության եւ դեղերի պարագաները, Աստված դոլարե մետաղադրամներից` «In God we trust»: Ազգային Աստված, կարգված կարգուկանոնի երաշխիքը, որ օգնում է նրանց, ովքեր հավատում են նրան, բազմացնում է նրանց ոչխարները եւ ուղտերը, կամ նրանց մեքենաները, պատժում է անօրեններին, պահանջելով ընտրել` իր հետ կամ իր դեմ, խրախուսելով բաժանումը` մենք արժանավոր ենք, նրանք` անաստված: Ժողովուրդների եւ առանձին մարդկանց հարստությունը նրա հետ ճիշտ շփման արտաքին ապացույցն է խոնարհության եւ առաքինության մեջ, իսկ կարիքը դրսեւորում է արտաքին արատը, վկայում է մեղանչումների ծանրության մասին: Գնալով եկեղեցի, դու ցույց ես տալիս հարեւաններիդ, որ դու մարդ ես, ում կարելի է վստահել, քանի որ կամ դու առ Աստված հիմնավորված երախտագիտություն ես զգում, կամ հենց արարողությանը քո մասնակցությամբ հավաստում ես, որ աստվածային խնամակալությունը քեզ թույլ չի տա անկում ապրել: Ավաղ, այդ Աստծո էությունը հողմահարվում է, ամբիոններից եւ հասարակաց ճառաբեմերից արտաբերվող նրա անունը դատարկ է, ինչպես աստվածությունների անունները Հռոմեական Կայսրությունում, եւ ծառայում են սոսկ ավանդական արժեքի հանդեպ հարգանքի ցուցադրման համար: Ավելին, դա Աստված է ատելի առավել բազմաքանակ մարդկանց համար: Աստված, ինքն իրեն ծաղրի առարկա դարձնող, թոշակի գնացած Յուպիտերն իր հնաոճ սովորույթներով, ում գոյությունը տառացիորեն ոչ ոք չի ընդունում:
Կրոնները` յուրահատուկ ճարտարապետությամբ ամբողջություններ են, նրանք մնում են շուրջը տեղի ունեցող փոփոխությունների միջեւ, ինչպես եկեղեցական աշտարակի սրաձողը, որ մեքենաների շարժումից թրթռացող մնում է հրապարակում: Սակայն չի կարելի ասել, որ շրջապատող շարժումը չի դիպչում կրոնին եւ հետզհետե այն չի քայքայում: Ինչպես եկեղեցական շինությունը դադարել է քաղաքի կենտրոնակետը լինելուց, այդպես էլ կրոնական ամբողջականությունը, որը մի ժամանակ ընդգրկում էր փիլիսոփայությունը, գիտությունն ու արվեստը, այժմ կտրված է նրանցից, եւ այդ նոր ամբողջությունները նրան անբարյացակամորեն են վերաբերվում: Քաղաքակրթությունը, որում ես գտնվում եմ, հակասում է կրոնին, իսկ երեւութականության պահպանումը, բազում հիանալիորեն կազմավորված եկեղեցիները, նրանց ֆինանսական հզորությունը սարսափելիորեն ուժգնացնում են համատարած անպարզությունը: Իմ յուրաքանչյուր օրը, եւ այն ամենը, ինչը ես դիտարկում եմ օրվա ընթացքում, ինձ վարժեցնում է հակակրոնականության մեջ եւ ոչ մի ինձ համար հասկանալի դիտավորությամբ ես չեմ կարող բացատրել վիթխարի նեոնային մակագրությունների ներկայությունը` «Հիսուս կփրկի մեղքից»` բետոնե գալարների, ավտոմեքենաների գերեզմանոցների ժանգոտած երկաթների, ֆաբրիկաների եւ քանդվող ետնախորշերի չարագուշակ բնանկարում: Եթե մարդիկ չեն դրել այդ մակագրությունները, ապա ո՞վ: Նրանք, բայց եւ ոչ նրանք` նրանք, ինչպես իրենք իրենցից գջլած, որսված երկուստեք միմյանցից ձեռք բերվող իրականացումների կարծրացած արտաթորումներից: Ես միացնում եմ մեքենայի ռադիոն եւ դարձյալ չեմ կարողանում որեւէ մարդու, որպես բանական էակի, կապել ջազին եւ կոնկրետ երաժշտությանը հարակից այդ քարոզների, անեծքների, կոչերի աղմուկին: Հիրավի, նրանք չեն խոսում լեզվով, այլ լեզուն է նրանցով խոսում: Դա անհեթեթության հասցրած ֆորմայի ամենակարողությունն է, որը ոչնչի հետ հարաբերակցում չի պահանջում: Մնում է լոկ հետեւել այդ նշանների ազդեցությանը, որոնց միջեւ որեւէ կապ հաստատելն անկարելի է: Դա խարխլում է իմ վստահությունը, ես կորցնում եմ այլոց հետ ընդհանուր լեզուն, ես ստիպված եմ այդ մյուսներին իրենց յուրահատուկ վարքով ընդունել որպես կենդանիների տեսակների, նրանք պարզապես գոյում են, եւ ահա հանդուրժողականությունը մարդկանց աշխարհը վերածում է Բնության անկամության, անկարության աշխարհի: Այդ պատճառով ես մտածում եմ հին Հռոմի մասին, եւ ինձ թվում է, որ շղթան փակվել է, որ ես այդ դարաշրջանի հանդիսատեսն եմ, երբ այնտեղ հող էր նախապատրաստվել քրիստոնեության համար, թեեւ այն այժմ իր հերթին արդեն, գուցե թե, սոսկ մարող պաշտամունքներից մեկն է: Ճիշտ նույնպես Հռոմում, հավանաբար, մոլեգնում էր միմյանց միջեւ մրցակցող աստվածների աղմուկը, որոնց մասին ամենքը գիտեին, որ նրանք արդեն ներսից դատարկ են, որ դրանք խոսքի գծագրություն են, եւ ճիշտ այդպես, որքան տարածվում էր այդ գիտելիքը, այնքան առավել ագահորեն էին ամենքը կառչում ֆորմայից, մաքուր լեզվական ծեսից, որը կատարվում էր փոխադարձաբար միմյանց վստահեցնելու համար:
Սակայն դա լոկ մակերեսային իմաստավորում է, այդ կատեգորիաները չափազանց ընդհանրական են, ինչ-որ էական բան այդ ընթացքում սպրդում է: Ես չեմ կարող հափշտակել հանդիսատեսի անվտանգ տեսակետը, բոլոր կոնֆորմիստական հարմարվողականություններից զատ, կա նաեւ առանձին մարդը, որ մասնակցում է ժամերգությանը. նրանց տարբերությունն ինձանից այն է, որ ինչ նրանք այդ ընթացքում զգում եւ մտածում են, ես ենթադրել չեմ կարող: Նրանցից յուրաքանչյուրը` բաց, թափանցիկ, կլլվող պատկերների ազդեցության է ենթակա, որ ծնել են գիտությունն ու տեխնիկան մանրագույն մեքենայի մեջ, որից նա օգտվում է` աշխարհայացք է պարփակված, բայց դրա հետ մեկտեղ՝ յուրաքանչյուրը, արդեն իսկ իր մարդկայնությամբ, ըստ խորին պահանջի, երկրպագող էակ է, եւ հակասությունը, որը սերում է դրանից, նաեւ իմ հակասությունն է: Ես ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում նաեւ այն խոստովանանքում, որ երկրպագման ցանկությունը զուգորդվում է ինքդ քո մասին հոգ տանելով: Դա ամոթալի կլիներ, եթե միայն մարդկային կյանքը այն չլիներ, ինչը որ կա, եւ հատկապես սկզբունքային զրկանք, անհնարինություն, անտանելի բեռ, եւ սակայն կուրության ու հերոսականության շիլափլավի շնորհիվ ինչ-որ բան բերող: Ես ծարավի եմ Աստծուն, ով նայում է ինձ, ով բազմացնում է իմ ոչխարները եւ ուղտերը, ով սեր կտածի առ ինձ եւ կօժանդակի դժբախտության մեջ, ով կփրկի ինձ մահ-անգոյությունից, ում ես կարող եմ ամեն օր շնորհել իմ երկրպագությունն ու երախտիքը:
Աստված պիտի մորուս ունենա եւ ճեմի ընդմեջ երկնային արոտավայրերի: Պատահական չէ Սվեդենբորգը վկայում, որ Երկնքում նա հատկապես շատ աֆրիկացիների հանդիպեց` քանզի նրանք միամտաբար պատկերացնում էին Աստծուն որպես բարի ծերուկի: Միայն մարդանման Արարիչն է առանձնացնում մեզ քարերի եւ ջրերի, ինչպես նաեւ՝ այլ կենդանի օրգանիզմների մեջ, միայն նրա շուրթերից կարող է գալ նշանակալի ձայնը, միայն նրա ունկը կարող է լսել մեր խոսքը: Ինչպիսին էլ լինեն նրա մարմնավորումից վանվող ըմբռնումները, իսկ սուրբ Թովմաս Աքվինացին, ավաղելով մեր լեզվի անբավությունը, առաջարկում էր մտորել լոկ այն մասին, ինչն Աստված չէ` մարդիկ այդպես էին կարգավորվում, որ չկորցնեն աստվածային մատչելիությունը, համառորեն վերադառնում էին իրենց արձաններին եւ նկարներին, յուրահատուկ երկրպագություն շնորհելով աստվածությանը` տղամարդու կամ կնոջ հանդերձանքով` Քրիստոսին, Մարիամ-մորը: Սակայն եւ Հին Կտակարանի Եհովան, իր զայրույթի եւ քմայքների պոռթկումներով, թեպետ եւ անտեսանելի, մորենու թփի հրե քողով պարուրված, ուժգնապես ներկա էր, որպես ձայն, որպես սյուք: Տիեզերքի մասին հասկացությունների հեղաշրջումը, որը սկսվեց Կոպեռնիկոսից, հանգեցրեց այն բանին, որ զգայականորեն ընկալելի աստվածությունից կառչելը ավելի դժվարացավ, թեեւ իր վերեւն ու ներքեւը կորցնող տարածությունը (ուշացած նյուտոնյանը) պարտադրված է ամենքին, եւ դա դժվարացնում է գանգատն առ Միակը, որպես բոլորին վերաբերվող տեղի, եթե նույնիսկ այդ Միակը հանգեցվեր լույսի կետի: Այդուհանդերձ, Սկզբնապատճառը չի բավում խնամակալության մասին իմ կարոտին: Ես կանգնած եմ լողավազանի գլխավերեւում եւ տեսնում եմ, թե ինչպես քամու թեթեւ սյուքը ջուրն է նետում փոքրիկ բզեզին: Արեւի տակ շողշողացող մակերեւույթը դողում է նրա անճարակ շարժումներից, նրա տակ` թափանցիկ, երկնավուն անհունն է, ընդհուպ մինչեւ հատակի սալիկները: Ես նրան թղթի կտոր եմ նետում, բայց նա, դրանից բռնվելու փոխարեն, կուրորեն տարուբերում է տոտիկները, եւ առաջացած հոսանքից ետ հրվելով թղթի կտորը հեռանում է: Դա պաղեցնում է իմ փափագը, ես արդեն հագնված եմ ու նրան չեմ փրկի, եթե ես մի 15 րոպեից վերադառնամ, բզեզն արդեմ մեռած կլինի: Դա կարող է լինել իմ ճակատագրի փոխաբերությունը: Առանձին գոյությունների անարտահայտելի բազմության կառավարն է դիպվածը, եւ նույնիսկ ենթադրելով, թե կողքիս գերագույն էակներ կան, ինձ անհայտ, ինչպես ես եմ անհայտ բզեզին, եւ, որ նրանց ներհատուկ է խղճահարության բնազդը, մեր հանդիպումը կախված է դիպվածից, ինչպես որ դիպվածից է կախված, որ բզեզը չօգտագործեց իրեն տրված հնարավորությունը: Քանի որ Երկիրը կորցրել է Երկնքի եւ Դժոխքի միջեւ հարթություն լինելու արտոնությունը, քանի որ ամեն ինչ ենթարկվում է սառը պատճառականության օրենքին, որը անհատական ճակատագրի հանդեպ դիպվածի երեւույթ է առնում, ապա շատ քիչ հույս է մնում, թե իմ ճակատագիրն այլ կլինի, քան բզեզի վերջը: Իմ հոգու անմահությունը, եթե բզեզն անմահ չէ, վանում է ինձ որպես հափշտակում:
Կրոնն ունի անարտահայտելիի յուր սեփական ոլորտը: Սակայն նրա սիմվոլները պետք է մշտապես վերածնվեն երեւակայության մեջ, ձեռք բերելով նոր ավիշ ու լիարյունություն: Ուժատ երեւակայությունը պտտվում է նրանց շուրջ, բայց չի կարող նրանց կենդանացնել, այնպես, որ նրանք կապվեն իմ սեփական կոչմանը, սակայն միայն դա արդյունավետ կլիներ: Այստեղից է հիմքերի բացակայության զգացողությունը, ես գալիս եմ ոչ մի տեղից եւ գնում եմ ոչ մի տեղ, իսկ դա ծանր է տանելը: Ըստ երեւույթին, «դարձն առ կրոնը» այսօր արդեն բացատրվում է ավելի շատ վախով, քան հասարակական համակերպությամբ. ավանդական նորմերի քայքայման հանդիման մենք այնպես ենք մեզ պահում, ասես այն ամենը, ինչ ուսուցանում է կրոնը, գաղտնիքի պահնորդը, ճշմարիտ էր: Մարդիկ ընդհատում են դատելու իրենց ունակությունը եւ այլոց հետ տաճարում ժամերգության են մասնակցում, ընդ որում, ամենակարեւոր հենարանը դառնում է այդչափ բարդ բաներ ինքնուրույն բացահայտելու կասկածը: Այդ միայն «ես» եմ դժվարությունների դեմ առնում, միայն «իմ» ուղեղն է դատարկ ամեն անգամ, հենց ես փորձում եմ դրանից ինչ-որ բան պատկերացնել: Մյուսները, ահա սրանք կողքիս, երեւի, այդպիսի դժվարություններ չունեն: Այնինչ նրանցից յուրաքանչյուրը, թեպետ ես այդ չեմ ենթադրում, նույնպես է մտածում իմ մասին: Եվ այսպես, յուրաքանչյուրի անհավատությունից ձեւավորվում է կոլեկտիվ հավատը:
Սակայն ես, պարփակված իմ մաշկի սահմաններում, անցավոր եւ իմ անցողիկությունը գիտակցող, ես խոսող էություն եմ, այսինքն՝ ինձ պետք է Դուն, ում ես կարող եմ դիմել, ես չեմ կարող խոսքս ուղղել ամպերին ու քարերին: Գոյություն ունեցող կրոնները միայն մասամբ են հագեցնում այդ կարոտը, նույնքան մարդկային, որքան խոսքը, կամ բնավ էլ չեն հագեցնում: Եվ այդ պատճառով ողջ քաղաքակրթության վրա թեւածում է կրոնական սպասումների եւ որոնումների աուրան:
«Ճամփեզրի շնիկը» գրքից
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Գիտելիքներս մեծ չեն, բանականությունս կարճ է: Ես ջանում էի, որքան կարողանում էի, սովորում էի, բազում գրքեր էի կարդում, եւ` ոչինչ: Տանը գրքերս թափվում են գրադարակներից, լցված են աթոռների վրա, հատակին, խանգարում են անցնել: Անշուշտ, ես երբեւէ դրանք բոլորը չեմ կարդա, բայց աչքերս ագահորեն նոր վերնագրեր են փնտրում: Սակայն, եթե ճիշտն ասենք, քո սահմանափակությունը չես զգում իսկապես, միայն երբեմն հանկարծ գիտակցում ես, թե որքան նեղ է քո երեւակայությունը, ասես գանգի չափազանց հաստ ոսկորները խանգարել են բանականությանն ընդգրկել այն, ինչը նրան հասնում էր: Ինձ հարկ էր իմանալ այն ամենը, ինչ կատարվում է այժմ երկրի ուզածդ կետում, կարողանալ ըմբռնել իմ ժամանակակիցների մտքերը եւ ինձանից մի քանի սերունդ ջահելներինը, եւ նաեւ նրանցը, ովքեր ապրել են եւ երկու, եւ ութ հազար տարի առաջ: Հարկ էր, բայց ի՞նչ:
ԱՉՔԵՐԸ
Օպերատորը` Դու տեսնում ես: Ես մի պահ քեզ հնարավորություն տվեցի տեսնելու ջրկոտեմի ծաղիկը թիթեռի աչքերով, եւ կենալ թիթեռ: Թույլատրեցի նայել մարգագետնին սալամանդրի աչքերով: Այնուհետեւ քեզ պարգեւեցի տարբեր մարդկանց աչքերը, որպեսզի դու տարբեր կերպ նայես միեւնույն քաղաքին:
– Պիտի խոստովանեմ, ես չափազանց ինքնավստահ էի: Այնքան էլ մեծ չէ նմանությունը այն բանի միջեւ, թե ինչ էին այդ քաղաքի փողոցներն ինձ համար, եւ ինչ էին այն մարդկանց համար, ովքեր քայլում էին կողքիս նույն մայթերով: Եվ եթե ես գոնե համոզված լինեի, որ բացի բազում անձնական, միմյանց հետ չկապված տպավորություններից, այլ բան գոյություն չունի: Սակայն ես փնտրում էի ամենքի համար միասնական, բոլորի համար տեսանելի իրերի ճշմարտությունը, եւ այդ պատճառով քո ցույց տվածը ինձ համար դարձավ այդքան ծանր փորձություն եւ գայթակղություն:
ԱՆՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Նրան չէր հաջողվում վերահսկել իր մտքերը: Նրանք հածում էին, որտեղ կամենում էին, եւ հետեւելով դրանց, նա վախ էր ապրում: Այդ մտքերը բարի չէին, եւ դատելով դրանցից, դրանցում դաժանություն էր ապրում: Նա կարծում էր, որ աշխարհը չափազանց անուրախ է, եւ մարդիկ արժանի են սոսկ նրան, որ գա նրանց գոյության վերջը: Միաժամանակ նա կասկածում էր, որ երեւակայության դաժանության եւ ստեղծագործական խթանի միջեւ գոյություն ունի ինչ-որ կապ:
ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
Մշտապես մտածում ես, որ պետք է գոյություն ունենա որեւէ տեքստ, որում ինչ-որ կերպ արտացոլվել է այն հրեշայինի էությունը, որը դրսեւորվեց այս դարում: Կարդում ես հուշեր, լրատվություն, վեպեր, բանաստեղծություններ` միշտ հուսով եւ միշտ միեւնույն արդյունքով` այն չէ: Միայն թե վեհերոտ մի միտք է ծագում երկրի երեսին մարդու ճակատագրի մասին` այն չէ, ինչը մեզ ուսուցանել են: Մեզ համար սարսափելի է նույնիսկ փորձելն այդ անվանելը:
ԴԱՏԸ
Մեր արարքների հետեւանքները: Միանգամայն անկանխատեսելի` չէ որ մեր արարքներն ամենատարաբնույթ կերպով կապված են այլ մարդկանց արարքներին եւ իրադրություններին, թեպետ, երեւի թե, որեւէ անբասիր աշխատող համակարգիչ կարող էր այդ հետեւանքներ հաշվարկել: Պարտադիր շտկմամբ առ դիպվածը` քանզի ինչպե՞ս հաշվարկես, թե ինչպես է վերջանալու բիլյարդի գնդակի շարժումը, որը դիպչել է այլ մի գնդակի: Կարելի է, սակայն, պնդել, որ ոչինչ տեղի չի ունենում պատահաբար: Այսպես թե այնպես, հայտնվելով ճշգրիտ հաշվարկած քո կյանքի արդյունքում (Ահեղ Դատաստանը), կա, թե ինչից զարմանք կտրես. ուրեմն, ես պատասխանատու եմ ողջ չարիքի համար, որն իմ կամքի դեմ է գործվել: Ուրեմն, կշեռքի մյուս նժարի վրա բարիքն է, որը ես պատրաստվում էի գործել եւ որի մասին չէի կասկածում:
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄՈԹ
Պոեզիան` ամոթ բան է, քանզի նրա սկիզբը շատ նման է այն զբաղմունքներին, որոնք ընդունված է կոչել մտերմիկ: Պոեզիան չի կարելի զատել սեփական մարմնի գիտակցումից: Այն եւ կապված է նրա հետ, եւ անմարմին է, թեւածում է բարձունքում, ձեւացնելով, թե պատկանում է առանձին ոլորտի` ոգուն, եւ հենց դրա համար էլ ամոթ է: Ես ամաչում էի այն բանից, որ բանաստեղծը, կարծես թե, մերկացած, հասարակորեն ցուցադրում էր մարմնական արատը: Նախանձում էի մարդկանց, ովքեր բանաստեղծություն չեն գրում, եւ որոնց այդ պատճառով նորմալ էի համարում, ինչում սակայն սխալվում էի, քանզի այդպիսի բնորոշման արժանի են շատ քչերը:
ՀԱՎԱՏԱԼ: ՉՀԱՎԱՏԱԼ
Ես խորապես հավատացյալ էի: Բացարձակապես հավատացյալ էի: Հակադրությունն այնքան մեծ էր, որ անհայտ է, թե ինչպես դրանով ապրես: Իմ մեջ կասկած ծագեց, որ «հավատալ» բառում մինչեւ այժմ չհետազոտված ինչ-որ բովանդակություն էր թաքնված: Հնարավոր է, որ այդ երեւույթը բնորոշ է ավելի շուտ մարդկային հասարակության կյանքին, քան անհատի հոգեբանությանը: Ոչ կրոնական խմբակցությունների լեզուն, ոչ էլ աթեիստների լեզուն չէին օգնում դրա իմաստի վրա խորհրդածելիս: Ինձ հաճախ թվում է, որ բացատրությունը հենց կողքիս է, որ այն ասես թեւածում է օդում, եւ հենց որ խոսք զգենա, բազում մարդիկ կգոչեն` «Դե, իհարկե: Դա հենց իմ դեպքն է»:
Քանի որ նրանք այստեղ են, իմ կողքին, տաճարում խաչակնքվում են, ծունկի են գալիս, իսկ ես գլխի եմ ընկնում, որ նրանց մտքում տեղի է ունենում այն, ինչը եւ իմ գլխում, այլ կերպ ասած, նրանք ավելի շատ ուզում են հավատալ, քան հավատում են, կամ էլ միշտ չէ, որ հավատում են: Երեւի թե, բոլորիս մեջ դա միատեսակ չի կատարվում. բայց հատկապես ինչպե՞ս: Եվ, երեւի թե, մի քանի դար առաջ մարդիկ այլ կերպ էին մտածում, թեպետ արդեն XVII դարում Պասկալը գրառել էր. «Մարդու համար հակասելը, հավատալը եւ ամեն ինչում կասկածելը` նույնն է, ինչ որ ձիու համար վարգելը», իսկ XIX դարում Էմիլի Դիկինսոնը կասի. «Ես հավատում եմ եւ չեմ հավատում ժամում հարյուր անգամ, այդու հավատը պահպանում է ճկունությունը» (I believe and disbelieve a handred times an hour, which keeps believing nimble): Տաճարում նրանց հետ լինելն ավելի կարեւոր է, քան յուրակերպ խելոքություն անելը` մի՞թե այդպես չի զգում եւ մտածում եկեղեցու պատերի ներքո հավաքվածների մեծամասնությունը, առիթ տալով տրտնջալու ծիսական կրոնից, բայց միաժամանակ խոնարհություն ցուցաբերելո՞վ:
Հնարավոր է, ես արդեն մոտեցել եմ լուծմանը, եւ ահա հանկարծ նրանք բոլորը հառնում են մտահայացքիս առջեւ` երկու սեռի արարածները, իրենց մազերի կղզյակներով, սեռական հատկանիշներով, ակնհայտ ֆիզիկական թերություններով, ձուլված վսեմագույն հոգեւոր պաշտամունքի ծեսում` գոյություն ունի՞, արդյոք, ավելի սահմռկեցուցիչ ինչ-որ բան:
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ