«Ադրբեջանը հերթական պարտությունը կրեց»

23/03/2008

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանում քվեարկության արդյունքներով Ադրբեջանը, փաստորեն, հերթական պարտությունը կրեց, չնայած փորձում է իր ժողովրդին ապացուցել, որ դա բարոյական հաղթանակ է։ Կարծում եմ, որ բավականին արտառոց բան է կատարվել, երբ ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի առաջարկությունը՝ որ չի կարելի միակողմանի փաստաթուղթ ներկայացնել ՄԱԿ-ին, Ադրբեջանը մերժեց: Քվեարկության արդյունքում 39 երկիր կողմ քվեարկեց առաջարկությանը, իսկ շուրջ 150 երկրներ կամ ձեռնպահ մնացին, կամ դեմ քվեարկեցին (որոնց մեջ էին Եվրամիության հիմնական երկրները)։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես դեմ քվեարկեցին։ Իմ կարծիքով, Ադրբեջանը հստակ ազդանշան ստացավ, որ միակողմանի ճնշման ձեւերը չեն անցնում»,- ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը` մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունումը։ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը մեկ անգամ եւս ապացուցել է, որ դեմ է խաղաղ կարգավորմանը եւ մտադիր է ճնշման միջոցով հասնել իր նպատակներին։