Հապճեպ անցկացված օրինագիծ

23/03/2008 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Մարտի 17-ին ԱԺ-ն մինչեւ ուշ գիշեր տեւած արտահերթ նիստում «քննարկեց» եւ երկու ընթերցմամբ ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ժամեր անց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ստորագրել էր այդ օրինագիծը:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ արդեն փոփոխված օրենքում կան դրույթներ եւ ձեւակերպումներ, որոնք իշխանություններին՝ զանգվածային հրապարակային միջոցառումներ արգելելու հնարավորություն են տալու: Դրանում էապես սահմանափակված են ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու ՀՀ քաղաքացիների իրավունքները, եւ թերեւս այս պատճառով էլ ԱԺ խիստ սակավաթիվ ընդդիմադիր պատգամավորներից ոմանք առաջարկեցին այն անվանել «Հանրահավաքներն արգելելու մասին» օրենք: Հապճեպ անցկացրած այդ օրինագիծը, սակայն, բացի տարակուսանք առաջացնող փոփոխություններից, պարզվում է, որ անցկացվել է նաեւ ընթացակարգային բավականին լուրջ խախտումներով: Ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների` վերոնշյալ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը հեղինակ չունի. համենայնդեպս դրա հեղինակը կամ հեղինակներն անհայտ են: «Մինչեւ այսօր մեր տրամադրության տակ կա միայն արտահերթ նիստ հրավիրողների ստորագրությամբ մի բլանկ, եւ այդ ձեւաթուղթը, որը ներկայացվել է ԱԺ աշխատակազմ, հիմք հանդիսացավ, որպեսզի գումարվի արտահերթ նիստ: Պատգամավորներին բաժանված օրենքի նախագծում նշված չէ հեղինակի անունը»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով՝ օրենքի փոփոխությունները պատգամավորներին են ներկայացվել ոչ միայն առանց դրա հեղինակներին նշելու, այլեւ առանց ԱԺ նախագահի համապատասխան գրառումների, առանց հարակից զեկուցողների: «Պարոն Թորոսյանի կողմից պաշտոնապես տեղեկացվում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ստորագրել են արտահերթ նիստ հրավիրելու ձեւաթղթի տակ, նրանք էլ հանդիսանում են օրինագծի հեղինակները,- նշեց Ս. Սաֆարյանն ու նկատեց,- Այն պատկերը, որը հետագայում ստեղծվեց ԱԺ դահլիճում, առնվազն կարելի է տարօրինակ բնութագրել, որովհետեւ ես չեմ տեսել մի նիստ, որտեղ, ասենք, 70 հոգի լինեն հեղինակ, եւ հեղինակներն իրենք իրենց հարցեր տան: Սա նոնսենս է»: Ըստ պատգամավորի՝ նույն օրը կայացած նախագծի 2-րդ ընթերցման տեքստը եւս բաժանվել է՝ առանց համապատասխան առաջարկների հեղինակներին նշելու: Ս. Սաֆարյանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստին, որ օրենքից հանվել է «ինքնաբուխ հանրահավաքներ» ձեւակերպումը: «Որքան էլ մենք նշեցինք, որ հանելով «ինքնաբուխ հանրահավաքներ» ձեւակերպումը, արգելելով զանգածային հրապարակային միջոցառումների՝ առանց իրազեկման կազմակերպումը, կներեք, իսկ թաղումները, հարսանիքները, ցեղասպանության հուշահամալիր գնալն ինքնաբուխ ակցիայով… բա դրանք ի՞նչ ենք անելու,- հարցնում է պատգամավորն ու հավելում,- Պարոն նախարարը պատասխանեց, որ այնտեղ օրենքում կա «այլ ժողովներ» ձեւակերպումը: Կներեք, այդ դեպքում էլ «այլ ժողովների» տակ կարելի է տեղավորել քաղաքական ժողովները»: Ընդհանրապես, «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը գտնում է, որ այս փոփոխությունները հակասում են մեր պարտավորությունների ոգուն, Սահմանադրությանը եւ ընդհանրապես ողջամտությանն ու տրամաբանությանը:

Երեկ նույն ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը մեջբերելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը՝ նկատեց. «Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»: Փաստորեն, հանրահավաքը կարող է արգելվել, «եթե կան հավաստի տվյալներ», որ դրանք ուղղված են սահմանադրական կարգի բռնի տապալմանը: «Ըստ հավաստի տվյալների,… սա ամենաանորոշ ձեւակերպումն է: Անորոշությունը 100%-անոց է այստեղ, որովհետեւ հավաստիությունն ո՞վ պետք է մեկնաբանի,- հարցնում է պատգամավորն ու ընթերցում առաջարկված փոփոխության համապատասխան հատվածը,- Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն ներկայացրել է պաշտոնական եզրակացություն: Այսպիսով, քաղաքական եւ քաղաքացիական կարեւորագույն իրավունքներն ու ազատությունները պետք է նախեւառաջ անցնեն Ոստիկանության եւ ԱԱԾ ինչ-որ թույլտվություն ստանալու փուլ: Ասել է թե՝ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքի իրականացման վերաբերյալ հարցը պետք է լուծի ուժային կառույցը»: Լ. Ալավերդյանը նկատեց նաեւ, որ կարելի է այլեւս արտակարգ դրություն չհայտարարել, որովհետեւ արդեն այս օրենքի նորմը թույլ է տալիս առանց նման իրավիճակ հայտարարելու սահմանափակումներ իրականացնել: