Համաձայնության կառավարության մաս կկազմեն

23/03/2008

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը. «Նախագահական ընտրություններն ակնառու կերպով ցույց տվեցին, որ ժողովրդի մի զգալի հատվածի մոտ առկա է լուրջ բարեփոխումներ իրականացնելու հստակ պահանջ: Սակայն, ցավոք, ժողովրդի մեջ առկա տրամադրությունները քաղաքական միջոցներով պաշտպանելու եւ ուղղորդելու փոխարեն ընտրվեց առճակատման կործանարար ճանապարհը: Արդյունքում.

– հասարակության մեջ բարոյա-հոգեբանական անկումային տրամադրությունները, հուսահատության, երկփեղկվածության, փոխադարձ անհանդուրժողականության, անվստահության, երկրի զարգացման հեռանկարի նկատմամբ անորոշության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խաթարման զգացումը վտանգավոր աստիճանի է հասել,

– քաղաքական կյանքում տիրապետող են դառնում քաղաքական ուժերին օտարների եւ յուրայինների բաժանելու միտումները, տեղայնական տարանջատումները, իշխանության եւ ընդդիմության միջեւ բացակայում են բնականոն հարաբերություններն ու երկխոսությունը, քաղաքական գործընթացներում առաջնորդող են ծայրահեղականությունը եւ առավելապաշտությունը,

– վտանգվում է ՀՀ-ի` իբրեւ բարենպաստ ներդրումային միջավայր, զարգացող տնտեսություն եւ կայուն առաջընթաց ունեցող երկրի վարկն ու կարգավիճակը,

– ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությանն ուղղված սպառնալիքների աննախադեպ աճ է արձանագրվել, առաջանում են նոր արտաքին մարտահրավերներ:

Իրավիճակի հետագա վատթարացումը հղի է հայկական երկու պետությունների անկախությանն ու անվտանգությանն ուղղված ռազմա-քաղաքական սպառնալիքներով:

Ստեղծված իրավիճակում երկիրը կանգնած է իր ազգային-պետական ուղեգիծը վերահաստատելու, ժողովրդավարական բազմակողմանի բարեփոխումների գործընթացը խորացնելու, ներազգային համերաշխությունը վերականգնելու, ազգային համաձայնության մթնոլորտ ձեւավորելու հրամայականի առաջ:

Օրախնդիր է երկրում արտագաղթի նոր ալիքի կանխարգելումը, ներդրումային ռիսկերի չեզոքացումը, առաջընթաց զարգացման համար բարենպաստ միջավայրի վերականգնումն ու ամրապնդումը:

Այս պայմաններում հանգուցալուծման միակ ճանապարհը հատվածական-կուսակցական շահի անվերապահ ստորադասումն է հանուն Հայրենիքի եւ հայության առջեւ կանգնած ազգային-պետական նպատակների իրագործման: Լավագույն լուծումը կարող է լինել խորհրդարանական բոլոր ուժերի ընդգրկումով ազգային համաձայնության կառավարության ձեւավորումը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը պատրաստակամ է մաս կազմել այս խնդիրների իրագործմանը նպատակամղված համաձայնության կառավարությանը եւ կոչ է անում քաղաքական ընդդիմությանը` գնահատել ստեղծված իրավիճակի լրջությունը, օգտագործել ընձեռված հնարավորությունը եւ իր մասնակցությամբ երկրում բարեփոխումների գործընթացը դարձնել առավել ամբողջական ու լիարժեք:

Համաձայնության կառավարությունն իր առաջնահերթ խնդիրները պետք է համարի.

– դատական համակարգին գործադիր իշխանության միջամտության բացառումը, այդ համակարգի լիարժեք անկախության եւ անաչառության ապահովումը,

– անպատժելիության եւ ամենաթողության վերացումը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը` անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից,

– ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը երաշխավորող, գործադիր իշխանության միջամտությունը բացառող, լիովին անկախ եւ ինքնուրույն ընտրական նոր համակարգի ձեւավորումը,

– տնտեսական մենաշնորհները բացառող հակամենաշնորհային գործուն օրենսդրական դաշտի ստեղծմամբ մրցակցային արդար կարգի հաստատումը,

– լիարժեք բազմակարծության, խոսքի ազատության, Հանրային հեռուստառադիոընկերության օբյեկտիվ եւ թափանցիկ գործունեության ապահովումը,

– ընդդիմության համար քաղաքական համակարգում լիարժեք գործելու երաշխիքների ապահովումը,

– կենսապահովման նվազագույն զամբյուղի հաշվառման հիման վրա սոցիալական քաղաքականության իրականացումը:

Երկիրը բնականոն հուն մտցնելու, վերոհիշյալ խնդիրները հաջողությամբ լուծելու, հետընտրական լարվածությունը արագ լիցքաթափելու համար ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը անհրաժեշտ է համարում իրականացնել անհետաձգելի միջոցառումների ծրագիր: Այդ ծրագրի իրականացմանը կարող է նպաստել հանրապետության նախագահին կից` ժողովրդի վստահությունը վայելող անձանցից, հասարակական կազմակերպությունների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից կազմված Հասարակական Խորհրդի ստեղծումը: Խորհուրդը պետք է նպաստի վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ հասարակության հետ իշխանության մշտական կապի հաստատմանը»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Երեւան, 19 մարտի, 2008թ.: