Ողբալի տոն

13/05/2005 Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Ինչ աչքս բացել եմ, ցեղասպանություն է տեսածս: Ծնված` ցեղասպանված,
չծնված` ցեղասպանված, ապրած` ցեղասպանված ու կարծես մեկ է արդեն, կյանք թե
մահ է մի ողջ ազգի համար: Իր երկրում մուրացկանացած` ինքն իրենից էլ,
ուրիշներից էլ: Ոչ արժանապատիվն է հասկանալի, ոչ` անարժանը: Իր ապրած
ժամանակում էլ կյանքը ողորմություն է անցյալի ցնորքից ու ցավից:
Ցեղասպանությունը շղթայակապում է միտք թե առաջընթաց, իր ցավի մեջ խեղդում
մի ողջ ազգի անցյալում ապրած լավ ու վատ, ապագայի ամեն քայլ իրենից է
սկսեցնում: Մի ազգի բոլոր սերունդները պարտավոր ե՞ն մեռյալ ծնվել կամ
կյանքն անընդհատ մեռնել: Ես քայլել եմ ուզում: Առանց կապկպանքների: Առանց
դարերի դիակներն ու կմախքները անընդհատ մեջս կրելու: Ուղղակի առաջ քայլել
այս աշխարհի սովորական ժամանակի ու սովորական տարածության մեջ: Հիշատակը
սրտում ունենալն այլ է: Դա ավելի շուտ ներկայում` անցյալում եղած մեծի ու
հաղթանակածի առջեւ բարձր պատասխանատվություն, այն կրելուն համապատասխան
ուժ ունենալն ու չեղածի կամ կորցրածի վրա ավելացնելն է, պարտությունը իր
հաղթանակով հակակշռելը: Մերը անցյալի բոլոր պարտությունները հոգեւոր
հաղթանակ կոչելն ու բոլոր ներկաներում նորից ամենը պարտության դատապարտելն
է: Մերը շերտ-շերտ ցավ ու ողբ է, դարերում ավելացած ու ավելացնելիքը,
կարծես, եւս:

Հայոց բոլոր պատմավեպերի բոլոր թուրքի սրից զառիվայրի պռնկին կանգնած
աղջիկների հետ սիրտս անդունդն է նետվել: Հայ մանկան մաքրության ու
հայրենասիրության բարձրագույն չափանիշն է դա: Ուրիշ կերպ նախքան սեփական
գիտակցություն ձեռք բերելը կրթվել հնարավոր չէ, որովհետեւ ոչ մի
պատմություն ու վեպ լալահառաչանքից այն կողմ չի անցել: Հերոսության
կերպարանքներ անգամ չկան այնտեղ: Եղածը անելանելիությունից բխած է կամ
կորստյան վախից արված քայլերի ուռճացում: Նույնն է թե` անդունդներում: Դա
շուտ էր. հետո, երբ նրանց արնոտված հոգիները ըմբոստացան մեջս, հասկացա, որ
հայոց այրի սրի զորությունն այնքան է դարերում պակասել Հայկի նետի
զորությունից, որ այդպես նա սրտապնդել է իրեն` այդ անդնդախոր անդունդները
նետվելու պատրաստ սիրով ու նվիրումով: Թուրքի յաթաղանից փախչելով ինքն իր
հողից, այդ անդունդների մեջ նա փայփայել է իր սիրած հայրենիքի ցնորքը: Ու
պահել, հոգում կրել այն, փոխանցել դարեդար, իրական անզորությունը այդ
ցնորական մշուշով պատել, պատճառներ, մեղավորներ, հանցակիցներ
գտնել-ստեղծելով զորացել: Դարերի մեջ սրեր են ճոճվել միայն, դարերի մեջ
կորուսյալ հայրենիքն է ավելացել միայն: Ու կոտորածների, ինքնակոտորածների
քանակը` նույնպես. Սումգայիթ, Բաքու, Հոկտեմբերի 27:

Աշխարհն ընդհանրապես թքած ունի ամեն ջարդի վրա: Մարդկությունը մեծ ցավերի,
ապա նաեւ՝ մեծ բարեգործությունների պակաս երբեք չի ունենում:
Մարդկությունը կարող է Օսվենցիումում ու Մայդանեկում մարդ խորովել, հետո
կարող է հիշել, դատապարտել, տոնել 60 տարի անց, կարող է մի տեղ ռումբեր
թափել մանուկների գլխին, մյուս տեղում ցունամիից տուժածներին կերակրել:
Աշխարհի աչքի առաջ էր 1915-ը, մեծ ու փոքր տերությունների լուռ
համաձայնությամբ ու աջակցությամբ: Հիմա` տարիներ անց, նորից նույն աշխարհի
նույն փողոցներն ընկած Հայոց եղեռնի ճանաչումն ենք մուրում ազգովի` երկրի
տեր կոչված իշխանավորից մինչեւ նորածին:

Իսկ անկեղծորեն. ինչի՞ համար է պետք ճանաչումը: Տարածքների՞: Ո՞վ պիտի
այնտեղ ապրի: Արեւմտյան Հայաստանի տարածքները նախքան եղեռնն էլ դատարկված
էին: Ոչ ոք ի վիճակի չէ խլել նվիրականը. այն փայփայում են, ոչ թե բախտի
քմահաճույքին կամ յաթաղանին հանձնում: Այսօր Հայաստանն էլ մարդազրկվում է,
մտագար մի հայի ուղեղում միտք է ծագում հազարավորների արյունով ձեռք
բերված Արցախի եւ կամ էլ Զանգեզուրի տարածքները խաղասեղանին դնել: Ու
այդպես է ոչ միայն այսօր, այս պահին, այս իրավիճակում. այդպես է եղել
միշտ, դարեդար: Պատերազմներում հայրենիքի համար կյանքը տվել, խաղաղ
ժամանակներում միմյանց ու հայրենիքի կյանքն է խլվել: Անփույթ ենք եղել
մենք մեր հող ու ջրի, մեր տան ու եկեղեցու հանդեպ. մենք ենք կորցրել մեր
հայրենիքը մեր սրտում ու հոգում, օտարները դա վավերացրել են միայն,
պայմանագրերով հաստատել իրականը, փաստացին: Մենք մեր հայրենիքի տերը չենք,
այլ նրա ողբի ու կորստի ստրուկը: Եղեռնագործություններն էլ, որքան ցավալի
է ու դաժան, մեր ներսում են: Մենք երբեք մեր զորեղին իշխանավոր չենք
դարձնում, մենք երբեք ուժեղի քայլերը չենք ընկալում, հակառակը` զորավորին
գլխատում, տկարին ու տկարամիտին ենք առաջնային կարգում: Իսկ նա
շարունակում է մնացածը ավերել ու սպանել: Բնական է. իր չափումների մեջ
տեղավորելու եւ տեղավորվելու համար: Միշտ էլ ցուցամոլ հայրենասիրություն
կոչվածն է կարեւորը: Դրա անվան տակ ով ու ինչ կուսակցություն ինչի ասես
ընդունակ չէ: Թուրքերի նկատմամբ ատելությունը մեր կոկորդին կանգնած`
շնչահեղձ է անում մեզ, նվաստի, ճնշվածի, անզորի մի գերակայությամբ փռվում
ամենուր` կյանքում, մշակույթում: Փոխարենը նրանք մեծ ու զարգացող երկիր
են, մենք` փոքր ու աղքատացող: Ցեղասպանությունը հաղթահարել է պետք, ոչ թե
նրա անտանելի դարձված բեռան տակ անընդհատ կորանալ, կծկվել, կաթվածահարված
մնալ, թրահատված մի գիտակցություն անընդհատ զարգացնել: Մահվան զարկերակի
վրա է հայի սիրտը տրոփում, այնինչ ապրելու ընթացքը կյանքի զարկերակն է:
Մեծ եղեռնը արդեն սպանվածի մի պարտադրանք ունի իր մեջ, որ փակում է կյանքի
բոլոր ելքերը: Այդ պարտադրանքից է պետք ազատագրվել, ոչ թե այն ճանաչել կամ
ճանաչեցնել:

Ցեղասպանության ճանաչումն իրականում նրա ջատագովներին արյան փոխհատուցման
համար է պետք: Ոսկով: Դա ինձ նմանին չէ որ պետք է: Ինձ զորեղ հայրենիք է
պետք կամ գոնե հայրենիք` մեջս, կողքս, շուրջս, թիկունքիս: Ո՛չ ցնորականը,
ո՛չ ցնորք Նաիրին: Իրականը:

Իսկ իրական Հայաստանը դարերում թե իրականում` արյունաքամվում, նվազում է:

Հայոց մի խումբ եղեռնն է «ճանաչում ու վերականգնում», ինչպե՞ս. Հոկտեմբերի
27-ի նման: Մեկ այլ խումբ եղանակի տեսություն է մրմնջում Մեծ Հայքի
տարածքներում: Հայոց բոսերը հայոց աղջիկներին են արտահանում եւ Դուբայում
ու Թուրքիայում էժան ծախում:

Եվ 90 տարի շարունակ ողբում ու տոնում է ազգը Ապրիլի 24-ը: