Անցած տարվա մայիսի 12-ին Քրեական հետախուզության վարչությունում վախճանված Լեւոն Գուլյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Ինչպես երեկ հայտնի է դարձել «Ազատություն» ռ/կ-ին, մարտի 12-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Գաբրիել Պետրոսյանը որոշում է կայացրել, որում ասված է. «Լ.Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված թիվ 63200707 քր.գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»: Որոշման մեջ նշված է, որ մայիսի 9-ին «Պանդոկ» հացատան տնօրեն Լ. Գուլյանը տեսել է, որ Ստեփան Վարդանյանը եւ ընկերները վիճաբանում են «Եմո» մականունով անձնավորության հետ: Գուլյանը մոտեցել է նրանց եւ պահանջել հեռանալ, ինչն առիթ է հանդիսացել Ստեփան Վարդանյանի եւ նրա ընկերների հետ վիճաբանության, ապա՝ ծեծկռտուքի, որի ընթացքում Ս. Վարդանյանը հրազենից արձակած կրակոցներից սպանվել է: Հաջորդ օրը Գուլյանը հրավիրվել է Դատախազություն, որտեղ պնդել է, թե սպանության ժամանակ դեպքի վայրում չի եղել, մինչդեռ հացատան մատուցողուհի Մարինե Գրիգորյանն իր ցուցմունքում նշել է, որ վիճաբանության, ծեծկռտուքի եւ կրակոցների ընթացքում Գուլյանն այնտեղ է եղել: Ըստ քննիչի, մարտի 12-ին Գուլյանը հրավիրվել է Քրեական հետախուզության Գլխավոր վարչություն: «Լ.Գուլյանը զրույցի ընթացքում իմանալով, որ վարչություն է հրավիրվել նաեւ մատուցողուհի Մարինե Գրիգորյանը, եւ հասկանալով առերեսման անխուսափելիությունը, որի արդյունքում չի կարող թաքցնել վիճաբանության եւ կռվի մասնակիցների, ապա սպանությունը կատարող անձի ինքնությունը, որոշել է դիմել փախուստի: Այդ նպատակով աշխատասենյակում գտնվող Արայիկ Մկոյանից խնդրել է ջուր տալ, իսկ երբ վերջինս գնացել է ջուր բերելու, աշխատասենյակի պատուհանից փորձել է դիմել փախուստի, սակայն շուրջ 7 մետր բարձրությունից վայր է ընկել գետնին եւ ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»,- նշված է որոշման մեջ: Լեւոն Գուլյանի մահը տարաբնույթ մեկնաբանությունների եւ կասկածների առիթ է տվել: Նրա իրավահաջորդների ներկայացուցիչները մտադիր են դիմել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Ներկայացուցիչների կազմած բողոքում ասված է. «Գտնում ենք, որ քր.գործի վարույթը կարճելու մասին որոշումն անօրինական է, չհիմնավորված ու չպատճառաբանված եւ ենթակա է վերացման»: Բերելով մի շարք պատճառաբանություններ՝ ներկայացուցիչները խնդրում են «վերացնել քրեական գործի վարույթը կարճելու մասին անօրինական ու չհիմնավորված որոշումը եւ վերսկսել սույն քրեական գործով վարույթը»: