Ակնհայտ ապաշնորհություն

23/03/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Նույնիսկ այս օրերին տնտեսական որոշ հարցեր հասարակական հետաքրքրության նյութ են: Դրանցով անգամ իշխանություններն են հետաքրքրված: Առաջնայինն, իհարկե, պարզեցված հարկն է: Մոտ մի տարի առաջ սկսված քննարկումներից ու ընդունված փոփոխություններից, կարծես, բոլորն են դժգոհ: 2008թ. բյուջեին կից ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթում էլ պարզեցված հարկի վերանայում էր ենթադրվում: Արդյունքում ստվերային տնտեսության դեմ պայքարի զոհասեղանին դրվեց փոքր բիզնեսը: Պաշտոնական տվյալներով մոտ 20 հազար տնտեսավարող փոքր կազմակերպություններ դառնում են «լիիրավ հարկատու»: Փորձագիտական տվյալներով՝ առնվազն եւս 4-5 հազար փոքր կազմակերպություններ գրանցված չեն Ազգային վիճակագրական վարչությունում: Նրանք փոխարենը գրանցված են Հարկային տեսչությունում եւ պարզեցված հարկ մուծողներ են: Այսինքն` այդ հարկատեսակով հարկվել է մոտ 24-25 հազար տնտեսավարող: Նույն փորձագիտական տվյալներով՝ այդ ընկերություններից յուրաքանչյուրում միջին հաշվով աշխատում է 4-5 մարդ: Այսինքն` պարզեցված հարկի յուրաքանչյուր փոփոխություն վերաբերում է առնվազն 80-100 հազար աշխատանք ունեցողի: Եթե հաշվի առնենք, որ այդ մարդիկ նաեւ ընտանիք ունեն, ապա ակնհայտ կդառնա, որ օրենսդրական փոփոխությունները շոշափում են մի քանի հարյուր հազար մարդու շահ: Այն, որ մեր խորհրդարանում օրենքների քննարկումները պատշաճ մակարդակում չեն արվում` ակնհայտ է: Այլապես հնարավոր չէ հասկանալ, թե ինչու սոցիալական այսքան մեծ խմբի շահերին առնչվող փոփոխություններն ընդունվեցին այդքան հապճեպ ու ամենակարեւորը` առանց հասարակական հետեւանքների հաշվարկի: Խոսքը միայն դժգոհությունների հասարակական մասշտաբի մասին չէ: Երբ օրենքն այդքան բազմաքանակ տնտեսավարող սուբյեկտների առաջարկում է տեղափոխվել հարկման լիիրավ դաշտ, պետք է ելնի որոշակի իրատեսական հաշվարկներից: (Իրավաբանները «իրատեսական» բառի փոխարեն սովորաբար գերադասում են օգտագործել «ողջախոհություն» բառը): Պատկերացնենք, թե ինչպես է հնարավոր 20-25 հազար տնտեսավարողի հայտնվելը պարզեցված հարկից դուրս: Դա նշանակում է, որ նրանք պարտավոր են հարկային մարմիններին ներկայացնել օրենսդրական պահանջներին համապատասխանող հաշվապահական հաշվետվություններ: Դժվար է պատկերացնել, թե որտեղից են հայտնվելու այդքան անհրաժեշտ որակավորում ունեցող հաշվապահներ: Այն, որ այս մասնագիտության ոլորտում որակյալ կադրերի լուրջ պահանջարկ կա` ձեզ կբացատրի ցանկացած գործարար ու գործատու: Կորեյկոյի «հիմա լավ հաշվետարներ ամեն տեղ պետք են» արտահայտությունն անմահ է: Մասնագիտական իմաստով տանելի որակավորում ունեցող հաշվապահները, որպես կանոն, աշխատում են մի քանի հիմնարկություններում: Նրանք հազիվ են հասցնում սպասարկել (կազմել ու հարկային մարմիններ ներկայացնել) հաշվապահական բալանս կոչվածները: Ակնհայտ է, որ դեռ երեկ պարզեցված հարկ մուծող տնտեսավարող սուբյեկտները չեն կարող իրենց թույլ տալ աշխատանքի հրավիրել անհրաժեշտ որակավորում ունեցող հաշվապահների: Դա իրենց հնարավորություններից թանկ աշխատուժ է: Հետեւաբար, նրանց վարձած մասնագետների կազմած ֆինանսական հաշվետվությունները չեն կարող անթերի լինել: Այ, այստեղ ակնհայտ նկատելի է դառնում օրենքի փոփոխությունները նախաձեռնող` Հարկային պետական ծառայության գերատեսչական շահը: Այն երկակի է: Եթե հաշվի առնենք անմեղության կանխավարկածի հանրահայտ սկզբունքը, պետք է ասենք, որ Հարկային ծառայությունն ընդամենը իր համար գործունեության նոր ոլորտ է բացում: Այդքան նորանոր` 20-25 հազար բալանսների ստուգման համար հարկային կադրերի նորանոր խմբաքանակ է պետք: Այսինքն` բարձր վճարվող ու պահանջարկ ունեցող նոր աշխատատեղեր պիտի բացվեն, քանի որ Հարկային ծառայությունում անխղճորեն ընդլայնվում է աշխատանքի ծավալը: Ամենեւին էլ չեմ ակնարկում, որ աշխատատեղեր վաճառելը եկամտաբեր զբաղմունք է: Պարզապես ուզում եմ հարցնել` «որտեղի՞ց են հայտնվելու անհրաժեշտ որակավորում ունեցող հարկային տեսուչներ»: Ի վերջո, դա կարելի է նաեւ համարել պետական ապարատի ուռճացում, կամ էլ հարկային ոլորտում վարչական մեթոդների անթույլատրելի կոշտացում: Ցանկացած տնտեսավարող ձեզ կփաստարկի, որ գրագետ մասնագետի հետ աշխատելն ավելի հեշտ է, քան հակառակը: Գրագիտության պակասը միշտ էլ մարտնչող վարչարարություն է ծնում: Պարզեցված հարկի օրենքն ընդունվել է 2000թ. ամռանը: Անցած ոչ լրիվ ութ տարիների ընթացքում 14 լրացում ու փոփոխություն է մտցվել: Միջինը` տարեկան 1,75 փոփոխություն, այսինքն` սա անընդհատ գործընթաց է: «Լա՞վ է, թե՞ վատ»` հարցրեք մանր գործարարներին: Գնահատական տալու պատասխանատվություն ես չեմ ստանձնի: