Ռուսական կողմը կաջակցի հայկական կողմին

23/03/2008

Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի` դեռեւս փետրվարին Հայաստան կատարած այցի շրջանակներում հայկական կողմի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էին նաեւ մաքսային ոլորտին առնչվող հարցեր: Մասնավորապես` առաջարկություններ էին եղել ուժեղացնել երկու երկրների փոխգործակցությունը ակցիզային ապրանքները, հատկապես՝ կոնյակի կեղծված խմբաքանակները բացահայտելու ուղղությամբ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր հետամուտ լինել արծարծվող հարցերի եւ առաջարկությունների հետ կապված աշխատանքների իրականացմանը: Հանձնարարականների կատարման ընթացքն ապահովելու նպատակով մարտի 18-ին Հայաստան է ժամանել ՌԴ Դաշնային մաքսային ծառայության պետի տեղակալ Լեոնիդ Շորնիկովի գլխավորած պատվիրակությունը` ենթաակցիզային հարկերով հարկվող ապրանքների մաքսային հսկողության, մասնավորապես` Փոթի-Կովկաս երթուղով ոգելից խմիչքների տեղափոխմանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Հայ եւ ռուս մաքսավորները երեկ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատում հանդիպել են ենթաակցիզային հարկերով հարկվող ապրանքների արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ոլորտում առկա խնդիրներ: Հայ գործարարներին մասնավորապես անհանգստացնում է այն հարցը, որ ոգելից խմիչքները Հայաստանից Ռուսաստան արտահանվում են միայն Նովոռոսիյսկով, ինչը բեռների կուտակումների պատճառ է հանդիսանում: Հարցը լուծելու նպատակով Լ. Շորնիկովը խոստացել է տալ համապատասխան հանձնարարականներ, որպեսզի հայկական կողմը ենթաակցիզային հարկով հարկվող ապրանքների արտահանում իրականացնի նաեւ Կովկաս նավահանգստով: ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի պարզաբանմամբ` Կովկաս նավահանգստով ոգելից խմիչքներ չեն արտահանվում, քանի որ այնտեղ չկան համապատասխան տեխնոլոգիաներ: Սակայն հարցը լուծելու նպատակով կիրականացվեն համապատասխան աշխատանքներ: Նա նաեւ տեղեկացրել է, որ ոգելից խմիչքներ արտահանողների հետ ՄՊԿ-ն այսուհետ պարզեցված ծրագրով կաշխատի: Այսինքն` ոգելից խմիչքներն արտահանելիս ներդրվելիք տեխնոլոգիաների միջոցով կֆիքսվի դրանց քանակը եւ որակը: Ռուսական կողմը հիմք կընդունի ՀՀ մաքսային ձեւակերպումները եւ արտահանողներին լրացուցիչ հոգսեր չի պատճառի: Այդ գործելաոճը ռուսական կողմը կիրառում է նաեւ մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի նկատմամբ: ՌԴ Դաշնային մաքսային ծառայության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին նույնպես հայկական կողմի հետ կքննարկի մի շարք հարցեր: «Մեր պատվիրակությունը պլանավորված աշխատանքային այց է կատարել Հայաստան` տեղում ծանոթանալու այն խնդիրներին, որոնք տարբեր առիթներով հնչում են, սակայն իրական լուծում չեն ունենում: Պետք է լուծել այն խնդիրները, որոնք ծագում են, երբ գործարարներն առնչվում են մաքսային մարմինների հետ»,- ասել է Լ. Շորնիկովը: