Ջամվելյաններն արձագանքեցին հրապարակմանը

23/03/2008

«168 Ժամ» թերթի նախորդ համարում տպագրված «Նրանց մասին ոչ ոք չգիտի» հրապարակումը Կոտայքի մարզի Գառնի գյուղի բազմանդամ մի ընտանիքի մասին էր: Հիշեցնենք, որ յոթ անչափահաս երեխաների մայր տիկին Սվետլանայի 5 ամսական երեխան սովից մահացել էր:

Հրապարակմանն անմիջապես արձագանքեցին «Արզնի» տոհմային թռչնաբուծարան ընկերությունից («Արզնի» ԹՏԽ ԲԲԸ)` խնդրելով այս ընտանիքի հետ հանդիպում կազմակերպել: Մենք տիկին Սվետլանայի եւ նրա երկու երեխաների հետ՝ այցելեցինք «Արզնի» թռչնա-տավարա-խոզաբուծական ընկերություն: Ընկերության նախագահ Մարատ Ջամվելյանի որդին` Գեղամ Ջամվելյանը պատրաստակամություն հայտնեց տիկին Սվետլանայի ընտանիքի տվյալները գրանցել «Ջամվելյան եւ որդիներ» բարեգործական հիմնադրամում եւ նրանց դարձնել հիմնադրամի շահառուներ:

«Շատ հուզվեցինք ձեր թերթում տպագրված այդ հոդվածից ու որոշեցինք օգնել: Մենք նրանց ամսական գումարային օգնություն կհատկացնենք եւ, հաշվի առնելով ընտանիքի անդամների քանակը` ամսվա համար անհրաժեշտ բնամթերք կտրամադրենք: Ես նաեւ աշխատանք կառաջարկեմ, եթե ցանկություն ունենան` կարող են նաեւ մեզ մոտ աշխատել»,- վստահեցրեց Գ. Ջամվելյանը:

Ի դեպ, վերջինս «168 Ժամ» թերթին առաջարկեց այսուհետ սոցիալապես անապահով մարդկանց հրապարակումներին հետեւողականորեն արձագանքել: Մեզ նաեւ առաջարկեց իրենց տրամադրել նման կարիքավոր մարդկանց տվյալները, որից հետո «Ջամվելյան եւ որդիներ» հիմնադրամը նրանց կվերցնի իր հովանավորության տակ: Գ. Ջամվելյանը նաեւ առաջարկեց համագործակցել, այսինքն` «168 Ժամ» թերթում տպագրված անապահով ընտանիքների գործազուրկ անդամներին «Արզնի» տոհմային ԹՏԽ ԲԲԸ-ում աշխատանքի տեղավորել: