Շատերից մեկը

13/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

«Դե, սով էր, աշխատանք չկար, Ղարաբաղի կռիվն էլ արդեն պրծել էր, ասի՝ կնիկ
ջան, հիմա որ պատերազմը պրծել ա՝ էլ ամոթ չի գնալը, հո չե՞նք փախնում,
կգնանք գոնե մեր հացի փողը կաշխատենք, ուրիշից չենք ուզի»: Երեք երեխաների
ու կնոջ հետ մոտ երեք տարի ապրում են Բրյանսկում, մինչեւ որ Չեռնոբիլյան
աղետի հետեւանքներն անդրադառնում են նաեւ նրանց երեխաների վրա: «Էրեխեքը
ճագարի պես ուռում էին, թպրտում ու ընկնում գետնին, բժշկությունն ասաց՝
էրեխեքիդ ստեղից փախցրու փրկի»: Ընտանիքը, որ այդ ժամանակ համալրվել էր
նաեւ չորրորդ երեխայով, կրկին գաղթի ճանապարհն է բռնում ու հանգրվանում
Լենինգրադում: Բախտը, սակայն, Լենինգրադում «թարսվում» է նրանց հետ.
«Ընկանք օրգանի աշխատող ադրբեջանցի միլիցեքի ձեռքը. ինչ ա, թե հայ ենք՝
նախ ավտոս գողացան, հետո՝ ամբողջ մեր ունեցվածքը, հետո էլ՝ երեխեքիս»:
Ընտանիքն այդ ժամանակ արդեն համալրվել էր հինգերորդ երեխայով, հինգ
երեխային էլ ստիպված գիշերօթիկ են տալիս, որ կարողանան աշխատել ու ապրել:
«Մենք 4-5 օրը մեկ գնում էինք երեխեքին տեսնելու, ու հանգիստ էինք, որ
երեխեքն ապահով տեղ են: Մի օր էլ նվերները առած գնացինք ու տեսանք՝
էրեխեքը չկան. էրեխեքին գողացել էին»: Լենինգրադի հայկական եկեղեցին երկու
ամսում երեխաներին գտնում ու վերադարձնում է ծնողներին: «Կարմիր խաչի
միջոցով ամեն մեկին մի տեղից գտան,- պատմում են ծնողները,- երեխեքին 3000
դոլարով ծախել էին ամերիկացիներին»: 2000 թվականին ընտանիքը վերադառնում է
Հայրենիք: Ռուսաստան մեկնելուց առաջ ընտանիքը վարձով բնակարանում է ապրել:
«Գառնիկը տան մեծ տղան էր, ամուսնացանք, ծնողներից բաժանվեցինք, դե, էդ
տարիներին էլ տուն առնե՞լ կլիներ»,- ասում է Մարինեն: Հայրենիք վերադարձած
ընտանիքը մի քանի օր ծանոթ-բարեկամների տանն է ապաստանում, հետո հայտնվում
է փողոցում: Նամակ են գրում ու նախընտրական շրջանում Էջմիածին այցելած
Ռոբերտ Քոչարյանին հանձնում: «Քոչարյանը հրաման ուղարկեց մարզպետարան՝
կամիսիա եկավ, երեխեքիս վիճակը տեսան՝ լացները եկավ»: Ընտանիքին
տեղավորում են Երկրագործական ինստիտուտի վթարային հանրակացարանում. «Էդ
շենքն ամեն վայրկյան կարող էր փուլ գալ գլխներիս»: Հետո առաջարկում են
տեղափոխվել նախկին «Վաղարշապատ» հյուրանոցը, սակայն այս շենքն էլ
սեփականաշնորհվում է: Ընտանիքն այժմ հանգրվանել է Երկրագործական
ինստիտուտի բակում տեղադրված մի փայտե տնակում: «Բայց էս հողն էլ են ծախել
արդեն,- ասում են,- ամեն օր մարդիկ են գալիս, չափուձեւ են անում, էս երկու
օրը էստեղից էլ կվռնդեն»:

Ընտանիքն ապրում է Մարինեի վաստակով: Նա եկեղեցու բակում խաչ է վաճառում.
«Մի մարդ կա, սարքում ա, 500-ով տալիս ինձ, ես 700-ով ծախում եմ: Օրական
մեկ-երկու խաչ հազիվ ա ծախվում: Բայց միլիցիան էդ էլ չի թողնում, ասում
են՝ էստեղ մի ծախի, մեր վրա խոսակցություն կգա, իսկ մեր հույսը էդ խաչի
վրա է»: Ընտանիքի հայրը հաշմանդամ է, աչքը չի տեսնում, հիվանդ են
երիկամները: Հաշմանդամության կենսաթոշակ ստանալ չի կարողանում, որովհետեւ
Ռուսաստանից մազապուրծ փախած ընտանիքը կորցրել է բոլոր փաստաթղթերը:
Գառնիկը ծնունդով Արմավիրից է, Արմավիրի զինկոմիսարիատում զինգրքույկ
տալու համար 100 դոլար են պահանջել: Մարինեն ինքն էլ է հիվանդ, շաքարախտ
ունի: «Օրերով հաց չենք ունենում ուտելու, լավ է՝ հիմա բանջարը դուրս
եկավ, բանջար ենք հավաքում, ուտում ենք»,- ասում է: Երբեմն էլ աղբանոցից
շշեր են հավաքում-հանձնում: Հինգ երեխաներից ոչ մեկը դպրոց չի գնացել.
«Ո՞նց գնան՝ ոչ շոր ունեն, ոչ կոշիկ, ոչ գիրք»: Բարեկամները խղճացել,
ամիսը 5000 դրամ են հավաքում-տալիս, որպեսզի գոնե մեծը՝ արդեն 16-ամյա
աղջիկը մասնավոր պարապմունքների հաճախի. «Էդ դասատուն էլ է խղճով, ամիսը
5000 դրամով հայերեն, ռուսերեն գրել-կարդալ է սովորեցնում»:

«Մի անգամ քաղաքապետից օգնություն խնդրեցի, ասաց՝ գնա աշխատի, ասում եմ՝
ո՞ւր աշխատեմ, ասում է՝ բա ինձ հետաքրքի՞ր է, էնքան կոպիտ ասաց, էնքան
վիրավորվեցի,- պատմում է Մարինեն,- Նոր տարուն էլ օգնություն էի խնդրել`
մերժել էր, հետո կանչեց-ասեց՝ ես քեզ չե՞մ օգնել, որ բոլորի մոտ բողոքում
ես: Ո՞նց չի օգնել՝ ընտրությունների ժամանակ երեք հազար դրամ ա տվել ինձ,
մինչեւ հիմա ասում է՝ օգնել եմ, հա օգնել եմ»…