Հայ արվեստագետները ներկայիս իրավիճակի արտացոլանքը տեսնում են մեծն Եղիշե Չարենցի տողերում: Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին դերասան Ազատ Գասպարյանը եւ գրականագետ
Դավիթ Գասպարյանը:
Վերջինս նշեց, որ Չարենցի ստեղծագործությունների մեջ ներկա օրերի արձագանքն ու անդրադարձը կա: Նրա կարծիքով` այսօրվա համար առաջնահերթ է Չարենցի հետեւյալ պատգամը` «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է». «Որպես պատգամ՝ այն հրաշալի է, մնում է այն իրականացնել, կյանքի կոչել: Չարենցի գրեթե բոլոր տողերում այսօրվա անդրադարձը կա: «Գիրք ճանապարհին» խտացումն է մեր ամբողջ պատմության: Հատկապես` «Պատմության քառուղիներով» եւ «Մահվան տեսիլ» պոեմները: Չարենցի արդիականությունն այսօրվա մեջ շատ է, ու պիտի նաեւ մտածենք, որ եթե Չարենցն այսօր լիներ, ի՞նչ կաներ, ի՞նչ կգրեր, ի՞նչ դատողություններ կունենար»:
Ազատ Գասպարյանին էլ մտահոգում է այն, որ ամեն անգամ հանդիպումներ են տեղի ունենում, եւ արդյունքում ոչինչ չի արվում: Նրա խոսքերով` մինչեւ հիմա մեր մեծերի դասերը չենք սերտել: Նա Չարենցից մի տող մեջբերեց, որով մենք, ըստ դերասանի, մինչ այսօր չենք մտահոգվել. «Կարող է լինել մի սերունդ, որ նախորդ սերնդից չունենա ոչինչ ժառանգած` իբրեւ ջիղ, արյուն ու ավյուն…»: Ա. Գասպարյանն ասաց, որ շատ կցանկանար, որպեսզի բոլորս Չարենցի եւ մյուս դասականների բաղադրատոմսերով առաջ գնանք, բուժվենք. «Չենք բուժվում: Առանց այն էլ ֆիզիկական օրգանիզմի նկատմամբ անփույթ ազգ ենք, էլ ուր մնաց` հոգեւորի նկատմամբ: Ամեն օր անգաղափար քայլում ենք: Ու ամեն օր որեւէ լրագրող որեւէ հոդված գրելուց առաջ պիտի գրի` ծրագիր չունենք, գաղափար չունենք»:
Դավիթ Գասպարյանն էլ գտնում է, որ այսօր շատ լարված մթնոլորտ է ստեղծվել, որն անպայման պետք է մեղմել, խաղաղեցնել. «Շատ լարված է ամեն ինչ, ամեն տեղ նույնն է` գյուղերում, քաղաքներում, ընտանիքներում: Ընտանիքն ընտանիքի դեմ է դուրս եկել, մարդիկ կիսվել են: Սա ամենամեծ չարիքն է, որ մենք անում ենք մեր ժողովրդի նկատմամբ: Այսպես չի կարող լինել, որովհետեւ այս ամենը տանում է դեպի ազգի մանրացում, թշնամացում, փոշիացում: Այս լարվածությունը թուլացնելու տարբեր ճանապարհներ կան: Ես այն կարծիքին եմ, որ քաղաքական հայացքների ու սկզբունքների համար մարդկանց չպետք է մեկուսացնել: Մարդ ունի սկզբունք ու դրանք ի հայտ է բերում քաղաքական պայքարի մեջ, օրինավոր բազմաթիվ ձեւեր կան, եւ այդ միջոցները կարող են կիրառվել: Այսօրվա իրադրության մեջ մենք Չարենցի անունն ենք տալիս, որպեսզի կարողանանք ժողովրդին այս անելանելի կացությունից հանել»:
Ազատ Գասպարյանը կրկին Չարենցի տողերից մեջբերեց. «Արձագանք չեմ լսում իմ երգածի»: Նրա խոսքերով` 1937թ. այդ արձագանքը չի լսվել, ու հիմա էլ ստեղծագործողների, անհատների արձագանքը չի լսվում, մնում է օդում. «Բակունցի գրած բանաստեղծություններից մեկում տող կա` «Մենք շատ ենք անփույթ մեր հանճարի հանդեպ», կամ շարունակությունը` «Վայե՞լ է մեզ լինել անինքնուրույն, անտեր»: Իրոք, կարելի՞ է, որ հայն այսքան անփույթ վերաբերվի Աստծո կողմից տրված շնորհքի ու տաղանդի հանդեպ: Ուզում եմ, որ լսվի ստեղծագործող անհատի ասածը»: Դերասանի խոսքերով` ինքը պատրաստ է կանգնել ստեղծագործողի թիկունքին, ժողովրդի կողմից է, բայց քաղաքական կուսակցությունների հետ գործ չունի. «Կուսակցական լիդերների հետ ես գործ չունեմ, նրանց չեմ կարող պաշտպանել»:
Դավիթ Գասպարյանն էլ, խոսելով ներկայիս մտավորականներից, ասաց, որ Չարենցի նման մտավորականն ուր էլ որ լիներ, իր ժողովրդի կողքին պիտի լիներ: «Դժբախտաբար, այսօրվա մեր մտավորականությունը շատ փոշիացած է, բաժան-բաժան, այն միաբան, հզոր մտավորականությունը չկա: Ու միշտ չէ, որ այդ մտավորականի անվան տակ հանդես եկողն իրոք մտավորական է:
Օդում տագնապ կա, վախ, մորմոք կա, ու պիտի առճակատումը, բախումը բացառել: Եվ հատկապես այսպիսի լարված օրերին հիշում են, որ մտավորական կա, բայց դա ամեն օր պետք է լինի: Մենք հեռացել ենք մեր մշակութային արժեքներից: Մտավորականությունն առաջին հերթին մշակութային արժեքն է»,- ասաց գրականագետը: