Ձկնաբուծություն հայկական ձեւով

13/05/2005 Արսեն ԲԱՐՍԵՂՅԱՆ

Պարզվում է, Հայաստանում ձկնաբուծությունը զարգացնելու մեծ
հնարավորություններ եւ հեռանկարներ կան: Եթե 90-ական թվականների սկզբներին
գյուղատնտեսական արտադրության այս ճյուղն ընդհանրապես դադարել էր, ապա
90-ականների վերջերին այն կրկին թափ է առել ու գնալով ավելի է զարգանում:
Դեռեւս ԽՍՀՄ տարիներին մեկ շնչին ընկնող արտադրված ձկան քանակով Հայաստանն
առաջին տեղն էր զբաղեցնում: Ձկնաբուծության այսպիսի մեծ ներուժը
մասնագետները բացատրում են սառը, քաղցրահամ ջրերի առկայությամբ, ինչը
լավագույն պայմաններ է ապահովում ձկնատեսակների քաշաճի ինտենսիվության
համար: Մեր հանրապետությունում ներկայումս զարգացած է ծիածանափայլ իշխանի
բուծումն արտեզյան ջրերի հիման վրա: Վերջին 5-6 տարիներին հայկական
ձկնաբուծությունը նորամուծություն է ունեցել թառափաբուծության
բնագավառում: Զարմանալիորեն Ռուսաստանից ներմուծված այս ձկնատեսակը
Հայաստանի պայմաններում 2-3 անգամ ավելի արագ է քաշաճ տալիս՝ շնորհիվ ջրի
ջերմաստիճանի եւ որակի: Եթե մեր պայմաններում 2-3 կգ քաշով թառափ ստանում
ենք բուծման 2-րդ տարում, ապա նույն արդյունքին ռուսական տնտեսությունները
հասնում են 4-5 տարվա ընթացքում: Առանձնահատուկ մոտեցում է պահանջում
կարպաբուծությունը, որը հատկապես ներկրվող կերի պայմաններում տնտեսապես
աննպատակահարմար է։ Եթե նախկինում կարպային տնտեսություններն աշխատել են
պետական դոտացիաներով, ապա ներկայումս այդպիսիք չեն հատկացվում։

Սաղմոնաբուծությունը հանրապետությունում ծաղկում է ապրել: Եթե 60-ականների
կեսերից մինչեւ ԽՍՀՄ փլուզումը տարեկան արտադրվում էր 80-100 տ սաղմոն,
ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 1200-1500-ի:

Ժողովրդական տնտեսության մեջ միայն արտադրության ծավալներով չէ, որ պետք է
առաջնորդվել: Կարեւոր է ինքնարժեքի, ապա նաեւ` արտադրանքի գնի նվազեցումը,
ինչի համար Հայաստանում այսօր լուրջ խոչընդոտներ կան: Նախ, որ կերը
ներկրվում է եվրոպական երկրներից` Հոլանդիա, Դանիա, Թուրքիա, որտեղ կան
մշակված տեխնոլոգիաներ: Տեղական ոչ մեծաթիվ արտադրողները չեն կարողանում
ապահովել որակյալ կերով, իսկ ներկրվողները, թեեւ որակյալ, բայց թանկարժեք
են եւ իրենց ֆինանսական ազդեցությունն են ունենում ձկնային արտադրանքի գնի
վրա: Երկրորդ կարեւոր հանգամանքը, ինչպես նշում են ձկնաբուծական
տնտեսությունների ղեկավարները, իրացման խնդիրն է: Հանրապետությունում այն
դժվար է իրացվում, իսկ արտահանման հարցերը կարգավորված չեն: Թերեւս
բացակայում են նաեւ վերամշակող կազմակերպությունները: Տնտեսվարողները մեծ
հույսեր են կապում Առեւտրի պալատի եւ Ձկնաբույծների միավորման հետ, չնայած
քաջ գիտակցում են, որ այդ միավորման անդամներից եւ ոչ մեկը ձկնաբուծական
տնտեսություն չի տեսել, ուղղակի թղթի վրա են աշխատում: Իսկ սահմանափակվել
մի քանի վերամշակման արտադրամասերով ուղղակի հնարավոր չէ: Մյուս
խոչընդոտը, որը դեռեւս միայն օդում կախված վտանգ է` ավելացրած արժեքի
հարկն է: Ինչպես հայտնի է, գյուղատնտեսական արտադրությունը ազատված է
հարկերից, սակայն Եվրամիության առջեւ պարտավորությունների շրջանակներում,
բանից պարզվում է, 2008-2009 թվականներից ձկնաբույծները պետք է վճարեն
ԱԱՀ: Թե ինչ կապ ունեն մեր ձկնաբույծները Եվրամիության հետ, անհասկանալի
ու տարօրինակ է: Բայց ինչպես ասում են` ընկել ես, պիտի քաշես:

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղակայված «Կոնստանտին եւ քույրեր» ՍՊԸ
գլխավոր տնօրենին անհանգստացնում է նաեւ այն փաստը, որ «հարյուր մարդ ա
գալիս` էս ջուրն իմն ա, էս սարն իմն ա, ու վրեն պլոմբ ա դնում»՝ չթողնելով
օգտագործել ջուրը: Ջրառատցի գործարարին Բնապահպանության նախարարությունից
պատճառաբանություններ են ներկայացրել, թե իր օգտագործած ջուրն աղտոտում է
բնությունը: Հարցի պարզաբանման համար դիմեցինք Բնապահպանության
նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ
Վոլոդյա Նարիմանյանին: Վերջինս պարզաբանեց, որ ձկնաբուծությունն
էկոլոգիական լուրջ խնդիրներ չի առաջացնում ջրային ռեսուրսների աղտոտման
առումով: Միակ խնդիրը հոսող գետի ջուր օգտագործելիս դրա բնական հոսքի
խախտումն է, որը կարող է հանգեցնել գետի ցամաքման, ինչը Հայաստանում
դեռեւս չի գրանցվել: Ձկնաբուծությունը, ըստ ՀՀ Ջրային օրենսգրքի,
համարվում է ջրօգտագործում, իսկ ջրօգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական
անձինք պարտավոր են ունենալ ջրօգտագործման թույլտվություն: Այս
փաստաթուղթ-փաթեթում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց
պարտականությունների մեջ սահմանվում են ջրօգտագործման նպատակները,
ծավալները, արտանետման պայմանները եւ այլն: Սակայն, այս ամենին զուգահեռ,
ինչպես նշում է թե նախարարության աշխատակիցը եւ թե ՀՀ ԳԱԱ ձկնաբուծության
ինստիտուտի ավագ գիտաշխատող Հայկազ Ռուբենյանը` ձկնաբուծական
տնտեսությունները ջուր չեն օգտագործում, այլ միայն ջրային միջավայրը, իսկ
տնտեսությունով շրջանառվող «բնական» ջուրը որակական տեսանկյունից միայն
դրական փոփոխության է ենթարկվում` հարստանալով թթվածնով: Հայաստանի
տարածքում ստորգետնյա ջրերի սպառման դեպքում 1 խորանարդ մետրի համար
սահմանված է 1 դրամ վճարաչափ: Սա` սպառման դեպքում: Պարզվում է նաեւ, որ
հայրենի կառավարությունը ձկնաբույծներին ընդառաջ գնալով, սահմանել է
զեղչեր եւ նրանց չօգտագործած յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց
գանձում է ընդամենը 5 լումա, եւ այդ «կոպեկները» պետությանը մուծելը,
պարզվում է, ձեռնտու պետք է լինի բոլոր ձկնաբուծարաններին: Փոխարենը`
Արաքսի ափամերձ տնտեսություններում առաջարկում են կառուցել պոմպակայաններ
եւ դեպի Կասպից ծով հոսող «հայկական» ջուրն ուղղորդել հայրենի արտերը
ջրելու: Այս կապակցությամբ, ինչպես նշում են Ջրային ռեսուրսների
կառավարման գործակալությունում, հոսանքով աշխատող ջրմուղ կայանները
տնտեսապես ձեռնտու չեն, իսկ հայրենասեր ջրառատցիներին էլ ցավ է պատճառում
շուրջ 6 միլիարդ խորանարդ մետր ջուրը թշնամու բարեկեցությանն ընծայելը:

Ձկնաբուծության զարգացմանը խոչընդոտող կարեւորագույն խնդիրների շարքում
մասնագետների պակասն է: Նախկինում Հայաստանի համար մասնագետներ պատրաստվել
են Աստրախանում եւ Կալինինգրադում: Այսօր եւս փորձ է արվում Հայաստանում
սեփական ուժերով պատրաստել մասնագետներ: Հայկական Գյուղատնտեսական
ակադեմիայի Մասնավոր անասնաբուծության ամբիոնում արդեն երկրորդ տարին է,
ինչ գործում է Ձկնաբուծության բաժինը: