Երեկ Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը եւ արքայադուստր Ամիրայը հանդիպել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության` Սաուդյան Արաբիայի արքայազնն ասել է, որ հետաքրքրված լինելով նաեւ Հայաստանով, նպատակ ունեն ուսումնասիրել երկրի ներդրումային հնարավորությունները, մասնավորապես՝ զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի ոլորտներում: Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազնի, արքայադստեր եւ «Քինգդըմ հոլդինգ» ընկերության նախագահ Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլազիզ ալ Սաուդին եւ նրա գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` նրանք քննարկել են տնտեսական ոլորտում եւ հատկապես` հյուրանոցային բիզնեսում լուրջ ներդրումների իրականացման հնարավորությունները: