Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունեց մի բանաձեւ: Բանաձեւը հայկական կողմի համար ունի բավականին աննպաստ բովանդակություն:
Անգամ վերնագիրն է բավականին կոշտ: «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» խոսուն վերնագրով բանաձեւում մասնավորապես ասված է. «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով նաեւ պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում»: Բանաձեւում նմանօրինակ կոշտ ձեւակերպումներ էլի կան: Մասնավորապես նշվում է, որ «ՄԱԿ-ի անդամ որեւէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որ հիմա առկա է LՂ-ում, եւ չպետք է դիմի որեւէ քայլի, որ կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը»: Փաստաթուղթը նաեւ հաստատում է «Ադրբեջանական Հանրապետության օկուպացված տարածքներից տեղահանված անձանց անքակտելի իրավունքը՝ վերադառնալ իրենց օջախները»: Սրան զուգահեռ, ՄԱԿ-ի անդամների կողմից վերահաստատված այս բանաձեւում նշվում է, որ կազմակերպությունն ընդունում է «Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը»: Բանաձեւն ընդունվել է ձայների՝ 39 «կողմ», 7 «դեմ» եւ 100 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: ՄԱԿ-ի անդամ 46 երկրի ներկայացուցիչներ չեն մասնակցել քվեարկությանը: Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը երեկ «Վրեմյա նովոստեյ» թերթին ասել է, թե փաստորեն ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը գերադասել է գործ չունենալ այդ բանաձեւի հետ: Դեմ քվեարկած 7 երկրների թվում են Հայաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ՝ Հնդկաստանը, Անգոլան ու Օվկիանիայում գտնվող փոքրիկ Վանուատու կզղին: Բանաձեւի քվեարկությունից առաջ ասամբլեայի լիագումար նիստում Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսի՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Ադրբեջանից դիվանագետների կողմից պատրաստված այս փաստաթղթի ընդունմանը: Ամերիկյան պատվիրակության անդամ Ալեխանդրո Վուլֆը, ելույթ ունենալով Մինսկի խմբի համանախագահների անունից, ասել է, թե ներկայացված բանաձեւում տեղ է գտել Մինսկի խմբի համանախագահների առաջարկների միայն մի մասը, ինչի հետեւանքով փաստաթուղթը հավասարակշռված բնույթ չունի: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը եւս ընդգծել է փաստաթղթի միակողմանի բնույթը` ասելով, թե «ՄԱԿ-ի պատմության մեջ սա աննախադեպ մի երեւույթ է, երբ փորձ է արվում ընդունել մի բանաձեւ՝ նախապես դրա շուրջ խորհրդակցություններ ու քննարկումներ չկազմակերպելով»: «Ադրբեջանը նպատակ ունի այս քայլով իր ցանկությունները խտացնել մեկ առանձին վերցված թղթի կտորի վրա»,- հայտարարել է Մարտիրոսյանը՝ համոզմունք հայտնելով, թե «այսպիսի բանաձեւ շրջանառության մեջ դնելով՝ Ադրբեջանը կարող է խաթարել ողջ բանակցային գործընթացը»: Ադրբեջանին աջակցություն հայտնած պետությունների մեծ մասն «Իսլամական համաժողով» կազմակերպության անդամներն են, այդ թվում՝ Թուրքիան, ինչպես նաեւ՝ ԱՊՀ-ի անդամ պետություններից՝ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ուզբեկստանը: Ադրբեջանական պատվիրակության պատրաստած բանաձեւին կողմ է արտահայտվել նաեւ Սերբիան: Ու թեեւ բանաձեւն ընդունվել է, սակայն դրան ՀՀ պաշտոնական արձագանքից կարելի է տպավորություն ստանալ, թե իրականում ոչ մի լուրջ բան էլ չի եղել, կամ էլ ինչ եղել է՝ ի վնաս Ադրբեջանի է եղել: Օրինակ՝ բանաձեւի ընդունումից հետո ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հույս է հայտնել, որ այս բանաձեւն «ահազանգ կհանդիսանա Ադրբեջանի համար, քանի որ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել Lեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի մոտեցումներին»: Այնուհետեւ հաղորդագրություն տարածեց ՀՀ Արտգործնախարարությունը: Դրանում նշված է, թե ՄԱԿ-ում անցկացված քվեարկությունը տրամադրությունների յուրատեսակ ստուգատես էր: «Այն ցույց տվեց, որ ՄԱԿ-ի անդամ ընդամենը 39 պետություն է պաշտպանում ադրբեջանական կողմի մոտեցումները, այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահ պետությունները դեմ հանդես եկան դրանց, իսկ ՄԱԿ-ի ավելի քան 150 անդամ ընդհանրապես ձեռնպահ մնաց կամ չմասնակցեց քվեարկությանը»: Երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հրավիրված մամուլի ասուլիսում այս կապակցությամբ ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի «քվեարկության արդյունքները միշտ կլինեն մեր ուշադրության կենտրոնում». «Մենք իրոք ոգեւորված ենք այն փաստով, որ քաղաքակիրթ երկրները ձեռնպահ են մնացել այդ բանաձեւի նկատմամբ այս կամ այն վերաբերմունք արտահայտելուց, հասկանալով, որ դրանով որեւէ օգուտ չեն տա բանակցային գործընթացին եւ ընդհանրապես խնդրի կարգավորմանը»,- ասել է Վ. Սողոմոնյանը: Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ում այդ փաստաթղթի ընդունումն անակնկալ չէր, եւ անհանգստանալու կարիք չկա: Իսկ ահա Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի պնդմամբ՝ ընդունված բանաձեւը «շատ կարեւոր մի փաստաթուղթ է, որն ինչպես՝ իրավաբանական, այնպես էլ՝ քաղաքական ուժ ունի»: Ա. Ազիմովը քննադատության է ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ պնդելով, թե վերջիններն իրենց շատ ծանր կացության մեջ են դրել: «Համանախագահները թող չկասկածեն, որ այսուհետեւ այն ամբողջ աշխատանքը, որ նրանց հետ է տարվելու, հիմնված է լինելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված սկզբունքների վրա: Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի ՄԱԿ-ի երեկ ընդունված բանաձեւի հիման վրա»,- ասել է նա: Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ռուսաստանի Արտգործնախարարությունը: Հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ համատեղ պատրաստ է շարունակել Մինսկի խմբի համանախագահների ակտիվ միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շահերից ելնելով, ինչը թույլ կտա Հարավային Կովկասում վերականգնել կայունությունն ու հանգիստը: