«Բանակցային ֆորմատն փոխվում է»

19/03/2008

– Պարոն Ենոքյան, ուրբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ադրբեջանի հեղինակած՝ «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերնագրով բավականին կոշտ բանաձեւը: ՀՀ իշխանությունները պնդում են, որ անհանգստանալու կարիք չկա, դա որեւէ պարտադիր ուժ չունի: Իրականում այս բանաձեւն ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

– Ես կցանկանայի, որ ուշադրություն դարձնենք երեք հիմնական գործոնի վրա: Առաջինն այն է, որ, այնուամենայնիվ, երկար ժամանակ սպառնալուց հետո Ադրբեջանը կարողացավ այս բանաձեւը մտցնել ՄԱԿ-ի օրակարգ ու քվեարկությամբ անցկացրեց: 2-3 տարի Ադրբեջանը սպառնում էր, որ հարցը կմտցնի օրակարգ, Հայաստանն ու Մինսկի խումբը բանակցում էին, որ նա օրակարգ չմտցնի: Հիմա, փաստորեն, Ադրբեջանն զգաց, որ Հայաստանը բավականաչափ թուլացել է, եւ հարմար պահ է այս հարցը ՄԱԿ-ի օրակարգ մտցնելու համար: Հայաստանն այսօր իսկապես, դիվանագիտության մեջ, արտաքին աշխարհում բավականին թույլ վիճակում է գտնվում՝ ներքաղաքական պրոցեսների հետ կապված: Երկրորդ գործոնը, որի վրա ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, այն է, որ աստիճանաբար տեղի է ունենում ղարաբաղյան բանակցությունների ֆորմատի փոփոխություն: Եթե մինչ օրս հարցը քննարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ապա այժմ փորձեր են արվում այն տեղափոխել ավելի բարձր ատյան՝ ՄԱԿ: Ճիշտ է, դեռեւս ֆորմալ, դեռեւս Գլխավոր ասամբլեայում, որոնք, ինչպես բազմիցս նշում են հայ դիվանագետները, պարտադիր չեն կատարման համար, բայց նախեւառաջ դրանք ստեղծում են քաղաքական եւ հոգեբանական ֆոն՝ կատարման համար պարտադիր որոշումների համար: Սրանք արդեն ցույց են տալիս, որ մեզ համար բավականաչափ հարմար Մինսկի ֆորմատից բացի, հարցը կարելի է քննարկել այլ տեղերում, ինչը, ես կարծում եմ, որ Հայաստանի համար բավականաչափ վատ է: Եվ երրորդը, ինչին ես ուզում էի, որ ուշադրություն դարձնենք, դա այն է, որ փաստորեն բանաձեւին ընդամենը 7 պետություն է «դեմ» քվեարկել, որից 4-ն, այսպես թե այնպես, պետք է «դեմ» քվեարկեին. դա Հայաստանն է ու Մինսկի խմբի 3 համանախագահող երկրները, եւ 3 ինչ-որ երկրներ: Դա ցույց է տալիս մեր դիվանագիտության չափազանց ցածր մակարդակը: Այսինքն՝ մենք որեւէ աշխատանք չենք կատարել ՄԱԿ-ում, որեւէ լոբբինգ չի եղել, այլ երկրների դեսպանների հետ որեւէ քննարկում չի եղելգ, ինչը նույնպես բնական է. եթե արտաքին գործերի նախարարը հիմնականում զբաղված է ներքաղաքական խնդիրներով, ներքաղաքական մեկնաբանություններ տալու գործով, ապա բնական է, որ իր անմիջական գործը կատարելիս թերանալու է:

– Ի՞նչ հետեւանք կունենա ՄԱԿ-ում ընդունված բանաձեւը:

– Դիվանագիտությունն այնպես չէ, որ խնդիրները լուծվեն մեկ քայլով: Հիմա բանակցային ֆորմատը փոխելու ուղղությամբ առաջին քայլն արված է, եւ որոշակի քայլեր են հնարավոր, որոնց արդյունքում մենք ստիպված կլինենք հրաժարվել մեզ համար հարմար քննարկման ասպարեզից:

– Ի՞նչ է պետք անել՝ այդ ամենը կանխելու համար:

– Կանխելու համար պետք է վերը նշված երեք գործոնների հակառակը լինի. առաջին՝ Հայաստանը պետք է ունենա հզոր, ուժեղ եւ չափազանց բարձր լեգիտիմություն ունեցող իշխանություն, երկրորդ՝ պետք է ՀՀ դիվանագիտությունը զբաղվի նրանով, ինչին որ կոչված է, այսինքն՝ Հայաստանի շահերը պաշտպանի արտաքին աշխարհում: Պետք է լրջագույն արտաքին քաղաքականություն վարվի, ինչը վերջին տարիներին մեզանում գոյություն չունի: