Փոփոխում են

19/03/2008

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հավաստմամբ` այդ փոփոխությունների նպատակն օրենքի դրույթները ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելն է: Այսինքն` 1996թ. ընդունված օրենքից ՀՀ փոխնախագահին վերաբերող դրույթների կրճատումը, քանի որ այդպիսի պաշտոն այլեւս գոյություն չունի: Բացի այդ, ըստ նրա` պետք է ՀՀ նախագահի անվտանգությունն ապահովող ծառայության անվանումը համապատասխանեցնել ներկայումս այդ գործառույթն իրականացնող ծառայության անվանմանը, եւ օրենքում արձանագրել, որ ՀՀ նախագահի անվտանգությունն ապահովում է ՀՀ պետական պահպանության ծառայությունը: ՀՀ նախագահի պաշտոնաթողությունից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով: Ի դեպ, գործող օրենքում հատուկ կենսաթոշակը սահմանված է 75 տոկոսի չափով: Նախագծով ՀՀ պաշտոնաթող նախագահն ապահովվում է բնակարանով, որը տրամադրվում է սեփականության իրավունքով, ցմահ օգտագործման իրավունքով տրամադրվող ավտոտրանսպորտով, ինչպես նաեւ՝ նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով, սակայն նրան չի տրվում պետական ամառանոց, ինչպես գործող օրենքում է: Այս նախագիծն ընդունվելու դեպքում հետադարձ ուժ չի ունենալու: