Հայկական ոսկին համարվում է որակյալ եւ թանկարժեք: Հայկական ոսկին որակյալ
ապրանք է համարում նաեւ Ադրբեջանը, եւ պատահական չէ, որ այնտեղ մաքսանենգ
ճանապարհով ներմուծվում է Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքը:
Մաքսային կոմիտեից տեղեկացանք, որ Հայաստանից Ադրբեջան ոսկյա իրեր
արտահանող կազմակերպություն կամ ֆիզիկական անձ գոյություն չունի, իսկ թե
ինչպես է հայկական ոսկին հայտնվում ադրբեջանական խանութներում՝
պատճառաբանեցին, որ, ամենայն հավանականությամբ, մաքսանենգ ճանապարհով
ներմուծվում է Վրաստանից:
Հայաստանից մեծ քանակությամբ ոսկի է արտահանվում տարբեր երկրներ։ Մաքսային
կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ միայն 2004թ. արտահանվել է 3808,6
կգ, 17650,2 մլն դր. մաքսային արժեքով ոսկի, ընդ որում՝ 118 արտահանման
քանակով, որից 21-ը եղել են կազմակերպություններ, իսկ 97-ը` ֆիզիկական
անձինք: 2004-ին ոսկի արտահանվել է ԱՄՆ, Միացյալ Արաբական Էմիրություններ,
Շվեյցարիա, Գերմանիա, Ռուսաստան, Հունգարիա, Բելգիա, Թաիլանդ, Թուրքիա եւ
Իսլանդիա: Եթե 2004թ. 1-ին եռամսյակում արտահանվել է ընդամենը 759,0 կգ,
3732,0 մլն դր. մաքսային արժեքով ոսկի, ապա 2005թ. առաջին եռամսյակում`
801,9 կգ, 3506,7 մլն դր. մաքսային արժեքով ոսկի, այսինքն՝ այս տարի
արձանագրվել է արտահանումների աճ: Ի տարբերություն 2004 թ. 1-ին
եռամսյակի, այս տարվա 1-ին եռամսյակում ավելացել է նաեւ արտահանողների
քանակը: Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ոսկի արտահանում էին 12
կազմակերպություն եւ 22 ֆիզիկական անձ, այսինքն՝ 34 արտահանող, ապա այս
տարվա 1-ին եռամսյակում դրանց թիվն ավելացել է 24-ով՝ 19
կազմակերպություն, 39 ֆիզիկական անձ: 2004թ. 1-ին եռամսյակի 10 խոշոր ոսկի
ներմուծող երկրները եղել են ԱՄՆ-ը, Միացյալ Արաբական Էմիրությունները,
Շվեյցարիան, Հունգարիան, Իսլանդիան, Բելգիան, Գերմանիան, Ռուսաստանը,
Կանադան եւ Վրաստանը: 2005թ. 1-ին եռամսյակում 10 խոշոր ներմուծող
երկրների ցանկը համալրվել է Բրիտանական Վերջինյան կղզիներով, Ուկրաինայով,
Մոլդովայով, Սյանգանով (Հոնկոնգ): Այս տարվա 10 խոշոր ներմուծող երկրների
ցանկից դուրս են մղվել Վրաստանը, ՄԱԷ-ն, Իսլանդիան եւ Կանադան:
Այդուհանդերձ, դոլարի անկմանը զուգընթաց Հայաստանում նկատվում է ոսկու
թանկացում: Ոսկու շուկայում ոսկյա իրերի վաճառքով զբաղվող առեւտրականները
հավաստիացնում են, որ դրանց գներն անհամեմատ բարձրացել են, թեեւ նրանց
պնդմամբ՝ համաշխարհային շուկաներում նույնպես գների աճ է արձանագրվել, եւ
հայկական շուկայի ոսկու թանկացումը պայմանավորված է դրսի շուկաներում
կատարվող իրադարձություններով: Ձուլված տեսքով ոսկու, ասել է թե՝ ջարդոնի
(լոմ) 1գ. արժե 8 ԱՄՆ դոլար, իսկ զարդերը գնահատվում են 1գ.՝ 9,5-12
դոլար: Ըստ էության, մարդիկ այսօր հակված են գնել ոսկի, քանի որ դոլարի
փոխարժեքը գնալով նվազում է, եւ ունեցածը ոսկու տեսքով պահպանելն առավել
հուսալի է: Ոսկյա իրեր վաճառողներն ասում են, որ տեղական ոսկին գնում են
մասնավորապես արտասահմանցիները, թեեւ մեր հայրենակիցները նույնպես վերջերս
ակտիվ գնումներ են կատարում: Ի դեպ, վաճառողները Երվանդ Քոչարի փողոցի վրա
գտնվող ոսկու շուկայում տեղ վարձակալելու համար ամսական վճարում են 70
դոլար: Ոսկու շուկայում վաճառվում է թե՛ տեղական արտադրության, թե՛
թուրքական եւ թե՛ արտասահմանյան ոսկի: Նրանց խոսքերով՝ ներկայումս
նույնիսկ 5000 դոլար արժողությամբ ոսկյա վզնոցի պոտենցիալ գնորդ կա: