Մարտի 1-ի դեպքերի հետ կապված միջազգային բազմաթիվ կառույցներ ու պաշտոնյաներ Հայաստանի իշխանություններին կոչ արեցին հանել արտակարգ դրությունը, լրատվամիջոցների նկատմամբ սահմանված սահմանափակումներն ու անկախ հետաքննություն իրականացնել կատարված բռնությունների նկատմամբ:
Կոչերից բացի, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, թե կոնկրետ «պատժամիջոցներ կսահմանեն» Հայաստանի նկատմամբ, եթե իշխանությունները չապահովեն վերոնշյալ պայմանները: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, որի ղեկավարները զգուշացնում են, թե կկասեցնեն իրենց կողմից ֆինանսավորվող ծրագրերը: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն ԱՄՆ-ի 2009թ. բյուջեի նախագծի շուրջ Կոնգրեսի հատկացումների ենթահանձնաժողովում անցած շաբաթ հայտարարել էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» (ՀՄՀ) ծրագիրը վտանգված է: Նա նշել է, որ վերջերս հայտարարված արտակարգ դրությունը Հայաստանում ամերիկյան որոշ ծրագրեր առկախելու անհրաժեշտություն է առաջացրել: Ռայսի խոսքերով, հարկ կլինի զգուշացնել հայերին, որ արտակարգ դրությունը վտանգում է նաեւ «ՀՄՀ-ի ծրագիրը»: Այդ մասին խոսել է նաեւ ծրագրի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված նամակում: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում, եւ այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա: Հիշեցնենք, որ ՀՄՀ ծրագրով ԱՄՆ-ը 5 տարիների ընթացքում Հայաստանին պետք է հատկացներ 236 մլն դոլար գյուղական համայնքներում ոռոգման համակարգը եւ ճանապարհային ցանցը վերանորոգելու համար: Ծրագրի մեկնարկը եղել է 2006թ. սեպտեմբերին, եւ Հայաստանը մինչեւ հիմա ստացել է 16,5 մլն դոլար: ՀՄՀ գրասենյակից երեկ մեզ տեղեկացրեցին, որ առայժմ իրենք աշխատում են սովորականի պես եւ ՀՄ կորպորացիայի կողմից ծրագիրը կասեցնելու մասին պաշտոնական որոշում չեն ստացել: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը երեկ ասել է, որ ՀՀ կառավարությունն աշխատում է ՀՄ ծրագրի հետ՝ նպատակ ունենալով ճշգրտել այն ապագա գործողությունները, որոնք վերաբերում են ծրագրերի հաջող իրականացմանը: «Պետք է նաեւ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեն մի քանի ցուցանիշների վերաբերյալ, որոնք պետք է կարողանանք ապահովել մի շարք միջոցառումների իրականացմամբ»,- նշել է նախարարը: Ն. Երիցյանն ասել է, որ պետք չէ այս ծրագրերի մասին «գուշակություններ անել եւ դրանք ներկայացնել որպես վերջնական երեւույթ»:
Հիշեցնենք, որ կորպորացիան տարբեր երկրներում այս ծրագիրը ֆինանսավորում է միայն այն դեպքում, եթե այդ երկրները ապահովում են ժողովրդավարության որոշակի պայմաններ: ՀՄՀ ծրագրի մեկնարկի ժամանակ մեր երկիրն ապահովել է այս պայմանները: Հիմա ֆինանսավորող երկիրը գտնում է, որ այդ առումով Հայաստանը ետընթաց է ապրում եւ, եթե չապահովի վերը նշված պայմանները, ապա կզրկվի ֆինանսավորումից: Իսկ առաջիկայում որքա՞ն է հավանական, որ Ամերիկան դադարեցնի ՀՄՀ ծրագրի ֆինանսավորումը, կամ ի՞նչ կնշանակի այդ ծրագրի կասեցումը: «Այո, ծրագրի դադարեցումը հավանական համարում եմ: Դա ինձ համար տվյալ պարագայում ֆինանսական աջակցության խնդիր չէ, թեպետ դա էլ խիստ կարեւոր է մեր հասարակության եւ երկրի համար: Առավելապես մտահոգիչ կարող է լինել ԱՄՆ-ի կողմից քաղաքական աջակցության նվազեցման իրողությունը»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: «Գիտեք, անկեղծ ասած՝ ես իրական եմ համարում այդ սպառնալիքները, բայց ես գիտեմ, որ այդ սպառնալիքները չեզոքացնելու հնարավորություն մենք ունենք: Մենք ունենք այդ ֆինանսավորմանը խոչընդոտող հանգամանքները վերացնելու հնարավորությունը: Խոսքը վերաբերում է մամուլին, արտակարգ դրությանը: Ես կարծում եմ, որ այդ խնդիրները կկարգավորվեն, եւ հուսով եմ, որ գործը կասեցմանը չի հասնի»,- ասաց «Հանրապետական» խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը: