«Պետք է պատրաստ լինի զիջումների»

19/03/2008

Բաքվում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գծով դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Հենիկը հայտարարել է, որ «գրավյալ տարածքների» վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձեւը «ոչինչ չի լուծում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանական ANS-Press գործակալությանը տված հարցազրույցում Հենիկը «ոչ էֆեկտիվ» է անվանել ՄԱԿ-ի բանաձեւը: Նրա խոսքերով, ՄԱԿ-ում տասնյակ բանաձեւեր կան, որոնք մինչ օրս լուծում չեն գտել: Նա գտնում է, որ ԼՂ հակամարտության ամենաարդյունավետ լուծման տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ գործընթացն է: «Եթե շատ աշխատեն այդ գործընթացի շրջանակում, խնդիրը կարելի է լուծել: Դա հեշտ գործընթաց չէ: Հակամարտության վերսկսման դեպքում՝ դա կլինի ողբերգություն ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար: Բնական է, որ Ադրբեջանը պետք է պատրաստ լինի զիջումների գնալու հայկական կողմին: Դա չի նշանակում, որ Ադրբեջանը պետք է զոհի իր ազգային շահերը: Սակայն, միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է փորձել գործնական լուծումներ գտնել: Մենք ցանկանում ենք փախստականների վերադարձ` իրենց հողեր»,- եզրափակել է Հենիկը: