ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը համատեղ հոդված են տպագրել «The Washington Post» թերթում: «Մենք հակառակորդներ էինք նախագահական ընտրություններում, սակայն մեզ միավորեց Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու եւ զարգացման նորմալ ուղի վերադարձնելու ցանկությունը»,- ընդգծել են հոդվածագիրները` հիշեցնելով, թե Հայաստանը «կայուն եւ ժողովրդավարական» երկրի համբավ ուներ վտանգավոր տարածաշրջանում, սակայն այժմ այդ համբավը «սասանվել» է: «Չնայած նրան, որ միջազգային դիտորդները դրական գնահատեցին փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունները, դժգոհ ընդդիմությունը դուրս եկավ փողոց՝ մարդկանց կարծիքը փոխելու նպատակով: Անկարգությունների եւ զինված ընդհարումների արդյունքում շուրջ 100 հոգի վիրավորվել են եւ 8-ը զոհվել, որից մեկը՝ ոստիկան է: Խարխլվեց ժողովրդի հավատը տնտեսության ու քաղաքական ինստիտուտների հանդեպ: Արմատական մասը հետեւեց ընտրություններում տանուլ տված նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ետեւից, որն ընտրեց հակաժողովրդավարական եւ պոպուլիստական ուղի, որի արդյունքում հրահրվեցին զանգվածային անկարգություններ եւ ընդհարումներ ոստիկանության հետ»,- գրում են Ս. Սարգսյանն ու Ա. Բաղդասարյանը` վստահեցնելով, թե առաջընթացը հնարավոր է բացառապես երկխոսության եւ բարեփոխումների միջոցով: «Ժողովրդավարության մեջ տեղ չկա բռնության համար: Ուստի, մենք դիմում ենք նրանց, ով դեռեւս շարունակում է անկայունություն սերմանել, կոչ անելով միանալ քաղաքական երկխոսությանն ու օգնել մեզ առաջ տանել մեր երկիրը դեպի բարգավաճում: Մեր ձեւավորած քաղաքական դաշինքը ժողովրդավարական ոգով եւ փոխզիջման հիման վրա աշխատելու փորձ է: Մեզ են իրենց քվեն տվել հայ ընտրողների 70 տոկոսը, եւ դա լուրջ մանդատ է: Այս հիմքի վրա էլ մենք մտադիր ենք անցկացնել ամբիցիոզ, սակայն իրատեսական բարեփոխումներ, ուղղված ժողովրդավարության ամրապնդմանն ու սոցիալ-տնտեսական առաջընթացին մեր երկրում»,- ասվում է հոդվածում: Նրանք նաեւ ընդգծում են, որ Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին մարտահրավերների առջեւ, որոնցից առաջինը ԼՂՀ հակամարտությունն է, երկրորդը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը: «Միայն այն կառավարությունը, որն օգտվում է բնակչության աջակցությունից, կարող է լուծել այդ խնդիրները: Մենք նաեւ շարունակում ենք կոչ անել միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ այդ հարցը եւս խանգարում է մեր առաջընթացին: Մենք հասկանում ենք, որ մեր պետության բոլոր խնդիրները չեն կարող լուծվել միայն կոալիցիոն կառավարության կողմից: Մենք կոչ ենք անում այն մի քանի հարյուր հազար ընտրողներին, որոնք դժգոհ են, եւ հայտարարում ենք, որ պետք է գանք փոխըմբռնման: Մեր գերակայությունը՝ թափանցիկ կառավարությունն է, մենք ունենք հստակ օրակարգ, որը մենք կհրապարակենք: Մենք պայքարելու ենք կոռուպցիայի դեմ: Մենք չպետք է ժամանակ կորցնենք՝ մեր անելիքները շատ են: Անկախ վերջին իրադարձություններից, մեր երկիրը շարունակում է առաջ ընթանալ: Միջազգային հանրությունը կշահի՝ սատարելով Հայաստանի կայուն, թափանցիկ եւ ընտրված կառավարությանը»,- «The Washington Post» թերթում տպագրած հոդվածում գրում են Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը: