Սվետլանայի 5 ամսական աղջիկը սովից մահացել է: Այդ ծանր դեպքից հետո այս ընտանիքում ոչինչ չի փոխվել՝ մնացած յոթ երեխաների կյանքն ինչ-որ կերպ ապահովագրելու համար:
Բազմանդամ ընտանիքի անչափահաս երեխաներն ապրում են այնպես, ինչպես մահանալուց առաջ ապրում էր սովից մահացած Քրիստինեն, հետեւաբար յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ էս աշխարհում մարդկանց, մասնավորապես՝ իրենց ընտանիքի անդամներին սպառնում է սովից մահանալու վտանգը: Այս տանը բոլորը վախենում են: Սվետլանան ասում է` «Երեխաս սնունդ չունենալու պատճառով մահացավ, սովամահ եղավ: Ամուսինս 20 օր անշարժացավ, ոտքերը բռնվեցին, անկողնային էր: Ես էլ չէի հասցնում, էնքան էլ առողջ էր ծնվել երեխես, բայց սովից մահացավ: Շատ պատահական սկսեց խռխռացնել, հարեւան մանկաբույժը եկավ, տակաշոր ուզեց, ասեց` չխառնվեք իրար, բայց երեխեն մահանում ա: Շատ եմ վախենում, երբ տեսնում եմ, որ ալյուրի պարկը դատարկվում ա` վախից դողում եմ, ինձ թվում ա՝ էլի երեխա եմ կորցնելու: Սովից աննկարագրելի վախենում եմ: Տեսնո՞ւմ եք, պարկի միջի ալյուրը կամաց-կամաց դատարկվում ա, ու դրանից իմ վախը շատանում ա, գիշերները վախից չեմ քնում»: Յոթ երեխաների մայրը երեխաներին պաշտպանելու համար ամեն ինչի պատրաստ է ու հաճախ ինքնասիրությունը մի կողմ դնելով՝ Գեղարդից հաց է հավաքում, մատաղի արարողությունից մնացած փշրանքներն է տուն բերում: Ասում է` «Շատ ա եղել, որ ինձ ստորացրել, նվաստացրել են, բայց հասկանո՞ւմ եք՝ ես մայր եմ, չեմ դիմանում էդ ցավին, երբ երեխաս սոված ա… Եղել ա, որ տաճարից բան-ման եմ հավաքել, դաժե տերտերներն ինձ դուրս են վռնդել, բայց…»:
Կոտայքի մարզի Գառնի գյուղում անասնագոմի նման մի փոքրիկ հյուղակ կա, որտեղ ծայրահեղ ծանր պայմաններում ապրում են անչափահաս յոթ երեխաներ: Բետոնե սալիկներից չորս պատ կառուցած այս քառակուսու մեջ անգամ անասուններն իրենց հարմարավետ չէին զգա: Ներսում դրված են կոտրատված մի քանի մահճակալներ: Մանկահասակ երեխաների անորոշ հայացքները լուսանկարում եմ ու վերնագիր եմ դնում` «աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի պտուղները»: Ներսում սոսկալի ցուրտ է, դրա համար էլ երեխաներն իրենց դուրս են գցում, որ արեւի ջերմությունը մարմինները տաքացնի: Դուրսն էլ է սոսկալի, քանի որ այս ընտանիքին բաժին հասած բետոնապատ քառակուսին շրջապատված է ցեխակորույս բլուրներով: Հարցնում եմ` «Սա անասնագո՞մ է, թե՞ տուն»: Տան տղամարդը` Արտավազդն, ասում է, որ թոնրատուն է, այս «տունը» կառուցվել է իբրեւ հաց թխելու վայր, բայց քանի որ տուն չունեն ու հաց թխելու համար առանձնապես հնարավորություններ էլ չունեն` այդտեղ են ապրում: Արտավազդը Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից է, 3-րդ կարգի հաշմանդամ է: Մի աչքի տեսողությունից զրկվել է, իսկ մյուս աչքի արցունքածորանը փակվել է ու գնալով մի աչքի տեսողությունն էլ է խավարում: 3-րդ կարգի հաշմանդամության համար 6800 դրամ կենսաթոշակ է ստանում, փաստաթղթերով համարվել է անաշխատունակ: Սվետլանան չի կարող աշխատել այն պարզ պատճառով, որ 7 երեխա եւ հիվանդ ամուսին է խնամում: 9 հոգանոց այս ընտանիքն ապրում է «Փարոսից» ստացած 50.000 դրամ նպաստով, որով ամսական մի քանի պարկ ալյուր են գնում: «Նպաստի գումարով ալյուր ենք առնում, ջուրն ու ալյուրը շաղախում եմ ու որպես հաց երեխաներին կերակրում եմ: Սեփականաշնորհած հող էլ չունենք, որ մի երկու բան ցանենք: Խանութներին էնքան պարտք ենք, որ վախենում եմ հիշել էդ ցուցակը»,- ասում է Սվետլանան՝ պատմելով, որ նախկինում` նկուղում, այնուհետեւ՝ մի փայտաշեն տնակում են ապրել, որից հետո քարերն իրար վրա դնելով, այս փոքրիկ հացատունն են կառուցել ու հանգրվանել: Հացատան խոնավության պատճառով 7-ամյա Արսենը, 4-ամյա Անին ու 2 տարեկան Մանուելը բրոնխիալ ասթմայով հիվանդ են: «Երեխեքս չեն լավանում, որովհետեւ էստեղ միշտ խոնավ ու ցուրտ ա, թոքախտի բուն ա: Ամբողջ տարին քրոնիկ հիվանդ են, ահավոր ցուրտ ա: Ձյան ժամանակ երեխեքս կծկվում, ցրտահարվում են, կռիշից հալվում, լցվում ա գլխներիս»,- ասում է բազմազավակ մայրը: Գարնան ամիսներին երեխաներն առավոտից գնում են ձնծաղիկ հավաքելու: Երեկոյան ձնծաղիկներն իրենց ձեռքով կապկպում ու 30 դրամով վաճառում են: Ծաղիկներից ստացված մի քանի հարյուր դրամով երեխաներն իրենց համար քաղցրավենիք չեն գնում, այլ գումարը հանձնում են ծնողներին, որ այդ օրը, շաղախած խմորից բացի, նաեւ տաք ճաշ ուտեն: Երեխաները ծնողներին խոստացել են զատիկի օրը ձնծաղիկներից ստացված գումարով ձու գնել, ներկել եւ տոնել այդ օրը: Ասում եմ` «Ախր էս ծանր պայմաններում, 7 երեխա…»: Սվետլանան, կարծես մեղանչելով՝ ասում է. «Վախենալով եմ ունեցել, բայց էնպես ա ստացվել, որ չեմ կարողացել հղիությունը դադարեցնել, գումար էին ուզում, որտեղի՞ց տայիգ»,- լաց լինելով պատմում է Սվետլանան ու արցունքները մաքրելուց հետո` հիշում է երեխաներին` մեկիկ-մեկիկ, ու ժպտում է` ասելով, որ իր երեխաների նման երեխաներ արժե շատ ունենալ: Սվետլանայի 7 երեխաներից 5-ը դպրոցական են ու հաճախ դպրոց չեն գնում շոր չունենալու պատճառով: 2-րդ դասարանցի Արսենն ուղիղ մեկ ամիս կոշիկ չունենալու պատճառով դպրոց չի գնացել, սակայն դա չի խանգարել, որ տղան հետագայում լավ գնահատականներ ստանա: Սվետլանան վստահեցնում է, որ երեխաները շատ լավ են սովորում, ու ափսոսում է, որ սոցիալական պայմանները լավ ուսում ստանալուն խոչընդոտում են: Մայրն ասում է` «Արյան գնով մի բան ստեղծում ենք: Մեկ-մեկ անճարությունից նստում, լաց եմ լինում, ասում են` մամա՛ ջան, մի՛ լացի, մենք արդեն մեծացել ենք, կօգնենք քեզ»:
Սվետլանայի տղաները չեն երազում բջջային հեռախոսի, շքեղ տան ու զվարճանքների մասին: Տղաները երազում են բանակ գնալու, հայրենիքին ծառայելու մասին: Գայանեն երազում է իրավաբան դառնալ, որովհետեւ արդարություն է փնտրում: Պատրաստվում եմ հրաժեշտ տալ, երբ մոտենում է փոքրիկ Իլոնան, ով ամբողջ ընթացքում անընդհատ ձնծաղիկների փունջ էր կապկպում։ Մոտենում է, հրաժեշտ է տալիս ու ձնծաղիկի փունջ նվիրում: