Տագնապ

13/05/2005

Երկաթուղու մասնավորեցման հետ կապված լուրերը տագնապ են առաջացրել նաեւ
բեռնափոխադրումներով զբաղվող կազմակերպությունների մեջ: Այս մասին մեր
թղթակցի հետ զրույցում խոստովանել է բեռնափոխադրումներ իրականացնող
«Ապավեն» ընկերության նախագահ Արսեն Ղազարյանը: Թեեւ կառավարությունը
տարբեր մակարդակներով հերքում է այս լուրերն ու փորձում իբր ավելի
հստակեցնել՝ ոչ թե Երկաթուղու մասնավորեցում, այլ վերակառուցում, սակայն
այդ հայտարարություններն էլ հավատ չեն ներշնչում թեկուզեւ այն պատճառով,
որ վերակառուցման այդ ծրագիրը հայտնի չէ, թե ինչ է ենթադրում: «Ես ծանոթ
չեմ այն կոնցեպցիային, որ կառավարությունն ընդունել է: Տարբեր
ճանապարհներով փորձել եմ իմանալ, թե ի վերջո, ինչ է իրենից ներկայացնում
վերակառուցման այդ հայեցակարգը, սակայն ապարդյուն: Ոմանք ասում են՝
Երկաթգիծը կմնա պետական, իսկ շարժակազմը կմասնավորեցվի: Նույնիսկ այս
դեպքում հնարավոր չէ հստակ ասել՝ դա ինչի կհանգեցնի՝ շարժական որակի
բարձրացմա՞նը, թե՞ տարիֆների թանկացմանը: Գաղտնի են պահում, եւ կարծում
եմ՝ մինչեւ վերջ էլ գաղտնի կպահեն, քանի որ իրենք էլ դեռ հստակ չեն
պատկերացնում՝ ինչ են անում»,- ասել է պրն Ղազարյանը:

Ն. Ա.