Վերջին մի քանի օրերին մի շարք մթերքների գնաճ է նկատվում: Հատկապես` թանկացել է ալյուրը, ինչի հետեւանքով նաեւ` մի շարք այլ մթերքներ, մասնավորապես` հացը, հացաբուլկեղենը, մակարոնեղենը եւ այլն:
Եթե նախկինում մեկ կիլոգրամ ալյուրի միջին գինը 250 դրամ էր, ապա այսօր այն կազմում է 270 դրամ: Թանկացել են նաեւ կարագը, ձեթը, ձուն, շաքարավազը: Թանկացումները միջին հաշվով հիմնականում կազմում են 20-100 դրամ: Ի դեպ, հարկ է նշել, որ գները միանշանակ չեն: Երեւանի տարբեր թաղամասերի խանութներում տարբեր տեսակի սննդամթերքների գները տարբեր են: Սննդամթերքի այս գնաճը խիստ մտահոգիչ խնդիր է դարձել: Երեւանի մի շարք խանութներում` գնորդների շրջանում փոքրիկ հարցում անցկացրեցինք` պարզելու համար, թե մեր համաքաղաքացիներն ինչպես են վերաբերվում գնաճին եւ ինչի հետ են այն կապում: 45-ամյա տիկին Աշխենին մտահոգում է այն, որ մթերքների գները դեռ էլի կարող են աճել: Նրան անհանգստացնում է հատկապես հացի թանկանալը. «Վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչ հիշում եմ` հացի գինը բարձրանում կամ իջնում է: Հիմա էլ նորից թանկացել է: Կողքից կարող է ասեն, թե 10-20 դրամով է թանկացել: Բայց մենք մեծ ընտանիք ենք, օրական մի վեց հատ հաց եմ գնում: Եթե այսպես շարունակվի, եւ ամեն ինչը սկսի թանկանալ, ինչպե՞ս ենք ապրելու: Չգիտեմ, թե ինչի՞ հետ կարող է կապված լինել թանկացումը, բայց դա նոր երեւույթ չէ: Վերջին տարիների ընթացքում պարբերաբար թանկացումներ լինում են»,- ասում է նա: 53-ամյա Արմենին մտահոգում է շաքարավազի գնի բարձրացումը. «Բոլորն էլ հիշում են, որ մի քանի ամիս առաջ շաքարավազի հետ կապված աղմուկ բարձրացավ: Ասում էին` շաքարավազ չկա, չի լինելու, մարդիկ էլ մեշոկներով առնում էին: Սուտ լուր դուրս եկավ: Բայց հիմա էս թանկացումը նորից մտածելու տեղիք է տալիս: Չնայած, որ ապրանքները շատ չեն թանկացել: Բացի այդ, տարբեր խանութներում գները տարբեր են: Ուրիշ մթերքներ էլ են թանկացել, դա էլ է անհանգստացնում: Հատկապես` հացը: Ընդհանրապես, ինձ թվում է, որ ամեն ինչի թանկացումն էլ սկսվում է հենց հացի թանկացումից»:
Մեր մյուս զրուցակիցը` տիկին Ելենան, գնաճը կապում է մոտալուտ Սուրբ Զատկի տոնի հետ: Նրա խոսքերով` ամեն տարի, Սուրբ Զատիկից առաջ, մի շարք մթերքներ թանկանում են. «Ամեն տարի, օրինակ, մարտի 8-ից մի շաբաթ առաջ ծաղիկների գները սարսափելի աճում են: Հիմա էլ նույնն է: Հատկապես` ձվի թանկացումը հենց Զատիկի հետ է կապված: Ամեն տարի էլ` տոնից մի քանի օր հետո, այն նորից էժանանում է: Էս մի քանի օրերի ընթացքում շատ են թանկացել նաեւ կանաչեղենն ու մրգերը: Կանաչու մի կապի արժեքը որոշ շուկաներում 1000-1500 դրամ է: Իհարկե, խոսքն այն կանաչեղենի մասին է, որ տապակում են: Բայց թարխունի, համեմի, կանաչ սոխի գներն էլ են շատ բարձրացել: Ինչ վերաբերում է մրգերին, դրանք էս շրջանում միշտ էլ թանկ են լինում: Սրանք, գոնե գիտես, որ կէժանանան: Իսկ ա՛յ ձեթը, հացը, մյուս մթերքները, որ գնալով թանկանան, չեմ իմանում, թե ուր կհասնի, մեր վիճակն ինչ կլինի»: 25-ամյա տնտեսագետ Մարիամի կարծիքով էլ՝ գնաճը պայմանավորված է համաշխարհային շուկայի գների բարձրացմամբ. «Ամբողջ աշխարհում ընդհանուր գնաճ է նկատվում: Դրա հետեւանքով էլ մեր երկրում էլ են թանկացումներ նկատվում: Իմ կարծիքով` հակառակը չէր էլ կարող լինել: Իհարկե, տան առեւտուրը ես չեմ անում, այդքան էլ չեմ հետեւում գներին, չգիտեմ, թե, օրինակ, որ ապրանքը մինչեւ հիմա որքան է արժեցել: Բայց ամեն դեպքում, ինչքան էլ համաշխարհային շուկայում թանկացումներ լինեն, մեր երկրի վրա յուրաքանչյուր գնաճ շատ է ազդում: Մենք փոքր երկիր ենք, բնակչության մեծ մասը հազիվ է գոյատեւում, եւ ամեն մթերքի մեջ նույնիսկ 10 դրամի թանկացումն ազդում է մարդկանց վրա: Իսկ ամենավատը` ալյուրի թանկացումն է: Դրա հետեւանքով շատ մթերքներ են թանկանում` հացը, մակարոնը, վերմիշելը, բուլկին, բլիթները, այն դեպքում, երբ այս մթերքներն այսօր ամենից շատն են վաճառվում: Օրինակ, բուլկեղենը, բլիթները, խաչապուրին եւ այլն, հատկապես լավ են վաճառվում դպրոցներում: Իսկ թանկանալուց հետո ծնողների համար դժվար կլինի: Մյուս ծախսերից բացի, հիմա էլ դպրոցում ուտելու համար ստիպված ավելի շատ փող պիտի տան»,- ասում է նա: