«Անհրաժեշտ է սահմանափակել ձերբակալությունները»

17/03/2008

«Հայաստանում այսօր լուրջ խնդիրներ կան. հասարակությունը երկփեղկված է, կա բեւեռացում, մի շարք մարդիկ ձերբակալված են եւ դատվելու են: Բնականաբար, դրա արդյունքում կան մտահոգություններ` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ»,- «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը: «Ակնհայտ է, որ այս ամենի մեջ կա քաղաքական ենթատեքստ: Քաղաքական գործիչների եւ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ, որ անհրաժեշտ է սահմանափակել ձերբակալությունները: Դատական հետապնդումները պետք է իրականացվեն միայն այն դեպքերում, երբ կան բռնարարքների եւ հանցագործությունների իրական ապացույցներ, այլապես կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ համատարած կասկածներ կլինեն, որ մարդիկ ձերբակալվել են իրենց գաղափարների համար»,- ասել է նա: Նշելով, որ հանդիպել է ձերբակալվածների հետ` Թոմաս Համմարբերգը ավելացրել է. «Ձերբակալվածներից ոմանք ծեծի են ենթարկվել, ինչը, իհարկե, անընդունելի է: Ոմանք ասում են, թե իրենք ամբողջությամբ անմեղ են եւ ընդամենը արտահայտել են իրենց կարծիքները: Իմ փաստարկն այն էր, որ այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է ապահովել արդարացի գործընթաց, եւ, որ արդարադատության հիմնարար սկզբունքները պետք է հարգվեն»: Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զերծ է մնացել ձերբակալություններին քաղաքական գնահատական տալուց: Միայն նշել է, որ աստիճանաբար, «քայլ առ քայլ թուլացվում է արտակարգ իրադրության ռեժիմը»: «Ես Հայաստանի նախագահին եւ վարչապետին ասացի, որ այդ փոփոխությունները բավարար չեն: Կարծում եմ, անհրաժեշտ է կայացնել գրաքննությունը վերացնելու որոշում»,- հավելել է նա:

Հարցին, թե ով է պատասխանատու մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների համար, Համմարբերգը պատասխանել է. «Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա իրականացնել անկախ, պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ հետաքննություն, որը կպարզի մարտի 1-ի առավոտյան, կեսօրի եւ երեկոյան իրադարձությունների, այդ թվում նաեւ՝ սպանությունների իրական հանգամանքները»: