Դիմել է դատարան

17/03/2008

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի հրամանագիրը: Ըստ «Ժառանգության»` ի թիվս այլ սահմանափակումների, ժողովրդավարական հանրակարգերի գործունեության կասեցումը, մասնավորապես, ԶԼՄ-ների թեմատիկ շրջանակների նեղացումը հակասում են ՀՀ օրենսդրության, ինչպեսեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին: Այդ ամենի արդյունքում էապես սառեցվել է անկախ եւ ընդդիմադիր թերթերի ու կայքերի աշխատանքը, ինչը կուսակցությունը համարում է քաղաքացիների` անաչառ, համապարփակ տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպիտ խախտում: Հայցադիմումում «Ժառանգությունը» պնդել է, թե այդ հրամանագիրն օրենքից դուրս է եւ դատարանին միջնորդում է շտապ նշանակել արագացված դատաքննություն: