Հայաստանը շահերի խաչմերուկում

17/03/2008 Կարեն ԲԱԲԱՅԱՆ

Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում տեղի ունեցած գունավոր հեղափոխություններից հետո բազմաթիվ քաղաքական գործիչներ, տեղացի եւ արտասահմանցի վերլուծաբաններ-փորձագետներ էին կանխատեսում, որ հետխորհրդային տարածքում հաջորդ գունավոր հեղափոխությունը տեղի է ունենալու Հայաստանում:

Այդ կանխատեսումներն արվում էին հաշվի առնելով արտաքին գործոնները: Որեւէ ընդդիմություն, որքան էլ պնդի, թե իշխանափոխության կարող է հասնել միայն ներքին ռեսուրսներով, ակնհայտ է, որ, ինչպես Վրաստանում, Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում հեղափոխության հավանականությունը կախված էր նրանից, թե որքանով դրանում շահագրգիռ կլինի միջազգային հանրությունը: Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաներով զբաղվում են բազմաթիվ միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կառույցներ: Նկատենք, որ հետխորհրդային տարածքի երկրներում հեղափոխությունները հիմնականում տեղի են ունեցել նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Գունավոր հեղափոխությունների ժամանակ մեծ է լինում երիտասարդության, կանանց եւ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր ծրագրերով ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Ինչպես ասում են` երիտասարդները բոլոր հեղափոխությունների ճարտարապետներն են:

Օրեր առաջ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հատուկ քննչական խմբի կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազական խմբի ղեկավարը հրապարակավ հայտարարեց, որ Ազատության հրապարակում ամբոխի հոգեբանության վրա ազդելու տեխնոլոգիաներ են կիրառվել: «Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում օգտագործվել են տեխնոլոգիաներ, որոնք կիրառվել են այլ երկրներում «գունավոր հեղափոխությունների» ժամանակ, սակայն Հայաստանի դեպքում հաշվի են առնվել մեր ազգային առանձնահատկությունները»,- նշել է նա` օրինակներ նշելով: Քննչական խումբը վստահ է, որ կիրառված մեթոդները հայտնի են եւ պատմությանը, եւ քաղաքագիտությանը, դրանք գրեթե նույնությամբ կրկնվել են նաեւ այլ երկրներում` Վրաստանում, Ուկրաինայում, եւ այլն. կիրառվել են «գունավոր հեղափոխության» տեխնոլոգիաներ: «Այս փաստերը հաստատված են վերլուծաբանների խմբի կողմից, որոնք ուսումնասիրություններ են կատարել նաեւ այլ երկրներում»,- ասել է քննչական խմբի ղեկավարը: Մարտի 1-ի դաժան դեպքերին անմիջապես արձագանքեցին եւ շարունակում են կոշտ հայտարարություններով հանդես գալ միջազգային, եվրոպական գրեթե բոլոր կառույցները` ԵԱՀԿ, ԵԽ ԽՎ, ՄԱԿ, Եվրամիություն եւ այլն: Օրերս կոշտ հայտարարությամբ հանդես եկան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարությունը, Սպիտակ տունը, իսկ երեկ` նաեւ Եվրոպական խորհրդարանը:

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի նկատմամբ նման ուշադրությունը: Խնդիրը պետք է դիտարկել տարածաշրջանային եւ արտաքին քաղաքականության եւ տնտեսական քաղաքականության ենթատեքստում: Առայժմ հպանցիկ նշենք երկու հանգամանք, որ անպայման պետք է հաշվի առնել աշխարհի` Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ հետաքրքրությունը հասկանալու համար: Այսօր գերտերությունների համար չափազանց կարեւոր է այս տարածաշրջանը: Արեւմուտքի համար կարեւորագույն խնդիր է նավթամուղի անվտանգության, ապահովության հարցը, եւ այդ պատճառով էլ նրանք այդչափ հետաքրքրված են ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորմամբ: Պետք է նաեւ հաշվի առնել այն, որ Վրաստանի երկաթգծի կառավարումը 89 տարով տրված է բրիտանական «Parkfield Investment Ltd»-ին: Այդ երկաթգծի նկատմամբ մեծ է Արեւմուտքի ակնհայտ հետաքրքրությունը:

Ըստ «Ռեգնումի»` ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այն, որ Հայաստանը չի մասնակցում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծին, արտաքին քաղաքականության բացթողում է: Նրա խոսքերով, այդ նախագիծը կարող էր ընդգրկել նաեւ Հայաստանը, եթե նա համաձայներ, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծին, ապա Ս. Սարգսյանը չի համաձայնել այն մտքի հետ, որ այդ նախագիծը կյանքի կոչելու դեպքում Հայաստանը կտուժի. «Կա երկաթուղի, եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք այն օգտագործել: Լուրջ վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ այդ նախագիծն ուղղված է ոչ թե Հայաստանի, այլ առավել խոշոր պետությունների դեմ»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ, բնականաբար, լավ կլիներ, եթե հնարավոր լիներ շահագործել եղած Կարս-Գյումրի երկաթուղին, սակայն եթե այն երբեք չի օգտագործվելու, առավել լավ կլինի մոտակայքում ունենալ գործող երկաթուղի: Վարչապետը նշել է նաեւ, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տնտեսական միության վերաճումը ռազմաքաղաքական դաշինքի՝ «այդքան միանշանակ» չէ: Իսկ գլոբալ քաղաքական խնդիրների շարքում պետք է առանձնացնել Իրանի եւ ԱՄՆ-ի փոխհարաբերությունների խնդիրը. Իրանում այս պահին Խորհրդարանական ընտրություններ են ընթանում: Երբեք չպետք է մոռանալ այս տարածաշրջանում Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի եւ Մեծ Բրիտանիայի առանձին հետաքրքրությունները:

Այնպես որ, Հայաստանի ներքաղաքական ծանր պրոցեսները եւ առհասարակ Հայաստանի հասարակական ծանր ապրումները, ժողովրդի անկումային տրամադրությունները, մարտի 1-ի դեպքերի նկատմամբ միջազգային հանրության կողմից այդքան մեծ հետաքրքրությունները բխում են նաեւ կոնկրետ երկրների կոնկրետ շահերից, ինչը շատ բնական է: Սակայն այստեղ է, որ Հայաստանն էլ պետք է առաջնորդվի իր շահերով: Եվ այս գործում մեծ դեր ունեն եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը: