Այն պահից սկսած, երբ միջազգային հանրությունը մարդու կյանքը արժեք համարեց, բոլոր պետությունների ուժային կառույցները սկսեցին մարդու կյանքին նվազագույն վնաս հասցնող, սակայն արդյունավետ գործող միջոցներ որոնել, քանի որ բոլոր երկրներում դժգոհողներ ու իրենց դժգոհությունը ցուցադրել ցանկացողներ միշտ են լինում:
Ցույցերի դուրս եկած մարդկանց վարքագիծը օրինական դարձնելու եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար տարբեր երկրների ոստիկանները զինվում են այնպիսի զենքով, որը կարող է վնասազերծել, սակայն լուրջ վնասվածք չհասցնել դժգոհ քաղաքացիներին: Ռետինե մահակները, էլեկտրաշոկերը, արցունքաբեր գազը, լուսային ու ձայնային էֆեկտներ ունեցող զինատեսակներն օգտագործվում են բոլոր պետությունների զինանոցում: Այդ շարքում շատ կարեւոր դեր ունեն ջրով աշխատող թնդանոթները կամ, ինչպես ասում են` ջրցան մեքենաները: Ջրցան մեքենան համարվում է անցանկալի վայրերում ցուցարարներին ու անկառավարելի խմբերին արագ եւ հնարավորինս անվնաս ցրելու ամենաարդյունավետ միջոցը: Ջուրը, որպես զենք, կարող է գործել բավականին մեծ հեռավորությունից, եւ միայն ջրի շիթին շատ մոտ գտնվող մարդը կարող է լուրջ վնասվածք ստանալ, ընդհուպ՝ մինչեւ պարանոցի ոլորում կամ կրծքավանդակի պատռում: Ավելի հաճախ ջուրը բառիս բուն իմաստով սառը ցնցուղի դեր է կատարում եւ սառեցնում իշխանությունների համար ոչ պատեհ պահին բորբոքված ուղեղներն ու կրքերը: Ջրի դեմ չեն կարող պատնեշ հանդիսանալ ո՛չ արագ կառուցված թեթեւ բարիկադները, ո՛չ վահանները եւ ո՛չ էլ մինչեւ վերջ կանգուն մնալու ցուցարարների ցանկությունը: Ջրի շիթերը 100-150 մետր հեռավորության վրա գտնվող մարդուն կարող են գետնին տապալել եւ թերթի մի պատառի նման գլորել փողոցով: Որոշ պետություններում «կրակող» ջրի մեջ վառ գույնի հատուկ ներկ են ավելացնում, որպեսզի հետագայում, երբ հավաքը ցրվի, հնարավոր լինի գտնել ու ձերբակալել ցուցարարներին կամ բողոքի ցույց կազմակերպողներին` նրանց զգեստի վրա առկա գունավոր հետքերի շնորհիվ: Եվ հենց ջրցան մեքենան է, որն իր մեծ քաշի շնորհիվ կարող է կատարել նաեւ տանկի դեր` ճանապարհ բացելով իր ետեւից եկող ոստիկանների համար, որոնք խուզարկում ու ձերբակալություններ են իրականացնում: Ջուրը նախեւառաջ օգտագործվում է, երբ մարդկանց խիտ շարքերը նոսրացնելու եւ տարածքը մաքրելու անհրաժեշտություն է հասունանում: Հաշվարկված է, որ ջրի շիթերը ստիպում են մարդկանց լքել հավաքատեղին: Դա նաեւ հոգեբանական զենք է: Այդ պահին գործում է վախի եւ ջրից շուտափույթ փախչելու գործոնը: Ոչ մի մարդ, լինի նա նույնիսկ ամենաագրեսիվ տրամադրված եւ անկարգությունների պատրաստ մեկը, չի կանգնի ջրի առջեւ, քանի որ դա նրան պարզապես չի հաջողվի: Եթե ջուրը կարելի է ամենահումանիստական զենքն անվանել, ապա մարտի 1-ի լուսադեմին այն չի օգտագործվել: Ջրցան մեքենաները, ցավոք, ավելի ուշ գործի դրվեցին:
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Սայաթ Շիրինյանը տեղեկացրեց, որ ՀՀ Ոստիկանությունը մարտի 1-ի լուսադեմին Օպերայի եւ բալետի թատրոնի դիմաց հավաքված մարդկանց դեմ չի օգտագործել ՀՀ Ոստիկանության զինանոցում առկա ջրցան մեքենաները: «Ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ չեն օգտագործվել: Օպերայի հրապարակ դրանք նույնիսկ չեն էլ բերվել, քանի որ ղեկավարությունը դա նպատակահարմար չի գտել»,- ասաց նա: Ցուցարարների շարքերում զենքի եւ զինամթերքի խուզարկում եւ հետագա առգրավում անցկացնելու նպատակ ունեցող օպերացիան դժբախտաբար արյունալի հետեւանքներ ունեցավ, ինչի արդյունքում մարդիկ զոհվեցին, եւ քաղաքին զգալի վնաս հասցվեց: Սույն թվականի հունվարի 25-ին Սայաթ Շիրինյանը պատասխանելով լրագրողների հարցերին ասել է, որ ՀՀ Ոստիկանությունը այնքան ջրցան մեքենա ունի, որ կարելի է կանխել մասսայական անկարգությունները: Ի դեպ, մարտի 2-ին եւ՛ ցերեկվա ժամերին, եւ՛ երեկոյան, այսինքն` ցուցարարների եւ ոստիկանական ուժերի բախման ժամանակ, արդեն կային 5-ից ավելի ջրցան մեքենաներ (մասնավորապես Երեւանի քաղաքապետարանից դեպի Պարոնյան եւ Լեո փողոցները տանող հատվածներում), որոնք, սակայն, ուշ գործի դրվեցին: Այնինչ կարելի էր առաջնային տեղ տալ հենց այդ միջոցին` ջրցան մեքենաներին, որը եւ ավելի արդյունավետ միջոց է, եւ քիչ վնասաբեր: