Անհերքելի ճշմարտություն է, որ քաղաքական խոշոր գործընթացների եւ հատկապես ընտրությունների ժամանակահատվածում երկրների տնտեսություններում զարգացումները դանդաղում են, կանգ են առնում, կամ էլ ետընթաց են ապրում:
Տնտեսության տարբեր ոլորտներ յուրովի են կրում այդ գործընթացների ազդեցությունը: Այս առումով բացառություն չէ նաեւ Հայաստանը, եւ այս առումով 2008 թվականը, ինչպես գիտենք, մեր երկրի համար դարձավ աննախադեպ: Նույնիսկ առօրյա կենցաղային խոսակցություններից էլ կարելի է եզրակացնել, որ Հայաստանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում: Այդ մասին մենք լսում ենք խանութներում, գյուղատնտեսական շուկաներում, տոնավաճառներում, երթուղային տաքսիներում, աշխատավայրերում, բանկերում, անշարժ գույքի եւ տուրիզմի գործակալություններում ու բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ միմյանց հետ շփվում են: Մարտի 20-ից հետո ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի իր հերթական զեկույցը, իսկ Հարկային պետական ծառայությունն էլ՝ խոշոր հարկատուների ցանկը, եւ մենք կիմանանք, թե այս նախագահական ընտրությունները տոկոսային ու թվային արտահայտությամբ ինչ ազդեցություն են ունեցել մեր տնտեսության տարբեր ոլորտների վրա: Սակայն մինչ այդ տարբեր ոլորտների գործարարներից ու համակարգողներից փորձեցինք հարցումների միջոցով տեղեկանալ, թե ինչ ազդեցություն են կրել իրենց ընկերություններն ու ընդհանուր բիզնես-հանրությունը: «Այո, այս ընտրական գործընթացը բիզնեսի ակտիվության վրա որոշակի ազդեցություն ունեցել է, դա ակնհայտ է: Բեռնաշրջանառության մեջ էլ եմ տեսնում 10-15 տոկոս անկում: Հասկանո՞ւմ եք, քաղաքական գործընթացները նախընտրական 1-2 ամիսներին միշտ էլ ազդեցիկ են լինում»,- ասում է Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Եթե տնտեսության որեւէ ոլորտ դրական կամ բացասական շարժ գրանցի, դա անմիջապես իր վրա կզգա առաջին հերթին բանկային համակարգը: Եվ ահա, Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանն ասում է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նկատելի կերպով նվազել է ոչ միայն մեր երկիր մտնող տրանսֆերտների, այլեւ՝ բանկային գործարքների քանակը: Այսինքն, եթե բանկային գործարքները նվազում են, ապա դա նշանակում է, որ տնտեսության բոլոր ճյուղերում որոշակի անկում կա: Պարոն Սողոմոնյանը թվային արտահայտությամբ չասաց, թե որքան է այդ նվազումը, բայց խոստացավ ամփոփ պատկերը ներկայացնել ապրիլին: Նշենք, որ մեր գրեթե բոլոր զրուցակիցները շատ զգուշավոր էին խոսում: Իսկ ավելի խիստ արտահայտվողները չցանկացան հիշատակվել: Տնտեսագետներն ասում են, որ ընտրական գործընթացների ազդեցությունն առաջին հերթին իրենց վրա կրում են անշարժ գույքի ու տուրիզմի ոլորտները: «Էսկո» կոնցեռնի հիմնադիր նախագահ Սարգիս Աղաբեկյանի դիտարկմամբ` նախընտրական եւ հետընտրական շրջանում այս շուկայում թեեւ գնանկում չի եղել, սակայն եղել է գործարքների քանակի նվազում: Ընդ որում, ըստ Ս. Աղաբեկյանի` այս պասիվությունը նկատելի էր դեռեւս 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակներից: «Որոշակի սեկտորներ կան, որտեղ անշարժ գույքի պահանջարկը ոչ թե վերացել է, այլ գտնվում է սառեցված վիճակում: Այսինքն` դրա կարիքը կա, մարդիկ նպատակադրված են անշարժ գույք ձեռք բերել, բայց հավանաբար նպատակահարմար են գտել այդ գնման գործարքներն իրականացնել 1-1,5 ամիս հետո: Սա հիմնականում վերաբերում է բնակարանների եւ առեւտրային տարածքների ձեռքբերմանը: Իսկ ներդրումային խոշոր փաթեթների հետ կապված, այո, այդ հատվածը դեռ չի աշխուժանում: Հույս ունենք, որ 3 ամիս հետո այդ ոլորտն էլ կմտնի հունի մեջ: Ընդհանուր առմամբ շուկան բավականին ամրացել է. եթե 2003թ. ընտրություններին այս շուկայում բավականին մեծ գնանկում տեղի ունեցավ, ապա դա հիմա դեռ չի նկատվում: Նույնիսկ՝ հակառակը, այս ընթացքում որոշակի գնաճ էլ է նկատվել»,- ասում է Ս. Աղաբեկյանը:
Սակայն անկախ բրոքեր Արամ Ղարիբյանն էլ պնդում է, որ այս մի քանի ամիսներին անշարժ գույքի գների անկում է եղել: «Գնաճը ինչի՞ հաշվին պետք է լինի: Շարունակական պահանջարկի աճ պետք է լինի, որ գնաճ էլ լինի: Շարժ չկա, շուկան մեռած է: Որքան էլ խոշոր գործակալություններն ու Կադաստրի պետական կոմիտեն պնդեն, որ գները շարունակում են աճել, միեւնույն է, դա իրական շուկայի հետ կապ չունի: Ճիշտ է, Հյուսիսային պողոտայում գներն աճում են, սակայն դա կարծես թե ընդհանուր շուկային չի վերաբերում: Դա ինչ-որ տեղ նաեւ արհեստական աճ է: Հիմա այնպես չէ, որ ընդհանրապես գործարքներ չեն լինում: Լինում են, բայց շատ քիչ: Մեծ ներդրողներ չկան, թանկ գույք չեն գնում: Շուկայական արժեքից բավականին ցածր գներով գույք է վաճառվում: Ավելին ասեմ, մարդիկ վարձակալած տարածքների վարձը չեն կարող փակել: Դա էլ ուրիշ գնահատական ունի, այսինքն՝ տնտեսական շարժ չկա, որ գումար գոյանա ու վարձ փակվի»,- ասում է բրոքերը:
«Տաթեւ» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դալվությանն ասում է, որ իրենց ընկերությունը զբոսաշրջիկներ է բերում հիմնականում Իրանից: Իսկ Իրանի ժողովուրդը քաղաքական սուր իրավիճակներին սովոր է: Սակայն այս ընթացքում այդ երկրից սպասվող տուրիստական 40 հոգանոց երկու խմբեր հրաժարվել են գալ Հայաստան: Մինչեւ մարտի 20-ն էլ սպասում են մեկ այլ խմբի, որի անդամները տոմսերը պատվիրել են, սակայն գումարը դեռ չեն վճարել: Ա. Դալվությանը մտահոգություն ունի, որ այս խումբն էլ կհրաժարվի: «Մենք զանգում ենք, բացատրում ենք, որ վտանգավոր ոչինչ չկա, եկեք: Չգիտեմ՝ կգա՞ն, թե՞ ոչ: Գիտե՞ք, մարդիկ ավելի շատ արտակարգ դրությունից վախեցան: Եթե մարտի 1-ի դեպքերից հետո արտակարգ դրություն չհայտարարվեր, այդպիսի վախ չէր լինի»,- ասում է պարոն Դալվությանը:
Գրեթե նույն մտահոգություններն ունի նաեւ աշխարհահռչակ «Սինոփսիս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Հովհաննես Մուսայելյանը: «Սինոփսիսն» արդեն 4 տարի է Հայաստանում է, մեծ ներդրումներ է կատարել, ցանկություն ունի ընդլայնել իրականացվող ծրագրերի շրջանակը, սակայն ընկերության ղեկավարները խիստ մտահոգված են գարնան առաջին օրերին տեղի ունեցած դեպքերով: Ըստ Հ. Մուսայելյանի` մինչ այդ 25 երկրներում մասնաճյուղեր ունեցող «Սինոփսիսը» Երեւանը դասել է աշխարհի ամենակայուն եւ ապահով քաղաքների շարքին: Իսկ հիմա մտահոգ է իր հայաստանցի աշխատողների ճակատագրով: «Մեծ ջանքեր է պահանջվում` համոզելու համար, որ այստեղ հանգիստ է, եւ կարող են գալ: Ավելի շատ մտահոգված են, որ արտակարգ դրությունից դուրս գալուց հետո մարդիկ փողոց դուրս կգան, ցույցեր ու երթեր կանեն, եւ չեն էլ հասկանում, թե խնդիրն ինչումն է: Սա իրենց համար լուրջ ռիսկային գործոն է: Իրենց մոտ ինչ-որ տեղ նաեւ տեղեկատվության պակաս կա: Եթե այս քաղաքական անկայունությունը շարունակվի, չի բացառվում, որ նրանք վերանայեն իրենց ծրագրերը: Նրանց համար կապ չունի, թե այստեղ քաղաքական որ կուսակցությունն է եկել իշխանության, նրանց համար կարեւորը քաղաքական կայունությունն է: Առայժմ չգիտեմ, թե ինչ մտադրություններ ունեն, բայց տեսնում եմ նրանց շատ մեծ մտահոգությունը: Այն, ինչ մեզ մոտ կատարվեց, դուրս էր նրանց պատկերացումների շրջանակներից»,- ասում է պարոն Մուսայելյանը:
Հագուստ արտադրող եւ արտահանող «Տոսպ» ընկերությունն այս օրերին Հայաստանում շատ վատ իրացում է ունեցել: «Ավելի վատ չի լինում»,- ասում է ընկերության տնօրեն Սուրեն Բեկիրսկին: Սակայն պարոն Բեկիրսկին նաեւ նշում է, որ այս օրերից անկախ, արդեն 3-4 տարի է, ինչ «Տոսպ» ընկերության գործերը վատ են: Դա էլ կապված է դոլարի արժեզրկման հետ: «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը նույնպես իր բոլոր բիզնեսներում իրացման ծավալի անկում է նկատել: Ասոցիացիան ընդգրկում է օծանելիքի իրացման, գովազդային եւ ռեստորանային գործունեություն: Այս բոլոր ոլորտներում «Նուշիկյան» ասոցիացիան իրացման ծավալների անկում է ունեցել: Գ. Նուշիկյանը, սակայն, չասաց, թե այդ անկումն ինչ չափերի է հասել: «Մենք դա կարող ենք գնահատել մի երկու ամիս հետո»,- ասաց նա:
Մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ տնտեսագետներից, թե ընդհանուր առմամբ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ընտրական գործընթացները տնտեսությունների վրա, եւ ի՞նչ հետեւանքներ են թողել մասնավորապես այս անգամ Հայաստանում: «Ընտրությունները եթե ուրիշ երկրներում բերում են որոշակի լարվածություն, ապա մեզ մոտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Մենք ուրիշ ենք: Մեզ մոտ 2003թ. եղել է նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, 2005թ. էլ եղել է Սահմանադրության փոփոխության հանրաքվե: Այդ երկու տարիներին Հայաստանի տնտեսությունն արձանագրել է ամենաբարձր աճը՝ 13,9 տոկոս: Այն, որ ասում եմ՝ մերն ուրիշ է, հենց դրա համար եմ ասում: Դա շատ հետաքրքիր երեւույթ է Հայաստանի համար: 2007 թվականն էլ մենք փակել ենք 13,7 տոկոս աճով: Սակայն մյուս կողմից էլ՝ այս աճի մոտ 50 տոկոսն ապահովում են տրանսֆերտները: Եվ եթե յուրաքանչյուր տարի Հայաստան է ներարկվում 1,5-2 մլրդ դոլար, ապա դա մեխանիկորեն բերում է որոշակի տնտեսական աճի»,- ասաց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Ի դեպ, երեկ կեսօրին, երբ մենք հեռախոսով զրուցում էինք պարոն Աղաջանովի հետ, նա գտնվում էր Նոր Նորքի Ոստիկանության բաժանմունքում, ուր հրավիրվել էր հարցաքննության: «Ես միաժամանակ ցուցմունք էի տալիս եւ ձեր հարցերին էի պատասխանում»,- ավելի ուշ ասաց պարոն Աղաջանովը: