ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ դարձյալ 30 օրով հետաձգել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրած` ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը նիստերի օրակարգում ընդգրկելու մասին հարցը: Հետաձգելու վերաբերյալ առաջարկի հեղինակը հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն էր` պատճառաբանությամբ, թե Ր. Հովհաննիսյանը նիստին ներկա չէ: Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանն այդ օրինագծով պահանջում է, որպեսզի ՀՀ ԱԺ-ն ընդունի հետեւյալ ամրագրումը` «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարի ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե կառավարությունը ներկայումս աննպատակահարմար է համարում օրինագծի քննարկումն ու ընդունումը: Իսկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը Տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե` «Մենք գոնե տեսանելի ապագայում չենք պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: