Խորհրդարանական ընդդիմադիր այլեւս երկու` ՀՅԴ եւ «Ժառանգություն» քաղաքական ուժերը ստեղծված ներքաղաքական իրավիճակից միակ ելքը տեսնում են բանակցությունները: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «Օրինաց երկիրն» այլեւս ընդդիմություն չէ` ընդունելով Սերժ Սարգսյանի` Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու առաջարկը, ապա ԱԺ-ում նրա «ընդդիմադիր» տեղն այսուհետ զբաղեցնելու է ՀՅԴ-ն: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն իշխանությունների` ընդդիմությանն ուղղված երկխոսության կոչը համարում է կառուցողական: Իսկ նույն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը` նախագահի թեկնածուներին «հաճախորդներ» անվանելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը հիշեցնելով, ասաց, որ եթե Ս. Սարգսյանը շարունակում է այդպես կարծել, «ուրեմն` իր կողմից արված համագործակցության կոչը քննարկելի էլ չէ»: Չնայած սրան, Ա. Բախշյանը համոզված է, որ երկրում այնքան քաղաքական լարվածություն կա, որ իշխանություններից պահանջվում է «քաղաքական կամք դրսեւորել` խնդիրը երկխոսության ճանապարհով լուծելու համար, անկախ նրանից` ով է հաճախորդ եղել, ով` ոչ»: Իսկ հարցին, թե մասնավորապես ինչի՞ շուրջ պետք է երկխոսություն ծավալվի, Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Ընտրությունների շուրջ: Արդյո՞ք ընտրությունները որպես իրավական խնդիր կարող ենք ավարտված համարել, թե՞ սպասենք ՍԴ որոշմանը: Արդյո՞ք միտինգային բողոքի կոշտ ձեւերը պետք է փոխարինել այլ ձեւերով, որտեղ չի լինի սեւ ու սպիտակի, կամ մեկը մյուսին հաղթելու գաղափարը, այլ կլինի հասարակության հաղթանակը»:
Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը համոզված է, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու միակ ելքն այն է, որ «բոլորս պետք է մտահոգ լինենք երկրի, ազգի ճակատագրով»: «Գուցե փոքր-ինչ վերամբարձ է հնչում, բայց իսկապես դրա ժամանակն է: Յուրաքանչյուրը, ում մտահոգում է երկրի ճակատագիրը, վարկը, նույնիսկ նրանք, ովքեր դժգոհ են ընտրություններից, առնվազն պետք է իրենց քաղաքական, անձնական շահերը դնեն մի կողմ ու գերադասեն երկրի եւ պետական շահերը: Ու եթե այդպես է, ապա նրանք իսկապես կհամաձայնեն բանակցությունների»,- հայտարարեց Հ. Կարապետյանը:
ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն էլ` ակնարկելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մերժողական դիրքորոշումը, ասաց. «Չի կարելի փակուղի մտցնել ազգին, եւ ասել` ես ոչինչ չեմ ուզում: Ի՞նչ ասել է` մենք ձեզ հետ բանակցելու բան չունենք»: