Դատախազության հայտարարությունը

03/03/2008

ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է թիվ 34/06 ՏԸՀ-ի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ փետրվարի 19-ին թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար Պետրոս Մակեյանին եւ Շոթա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով), իսկ Աշոտ Զաքարյանին` ՀՀ Քր.օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով (ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց կողմից): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, կիրառվել է կալանքը: Նախաքննությամբ պարզվել է, որ 19.02.08թ.` ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամաս են մտել Գյումրիի բնակիչներ, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանը եւ Գյումրիի Զինվորական ոստիկանության նախկին պետ Ա. Զաքարյանը: Վերջիններս տեղամասում աղմկել են ընտրողների անձնագրերում դրոշմակնքման հարցի շուրջ, ընտրողների ներկայությամբ վիճաբանել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ, շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը եւ սպառնացել: Դեպքից 1-2 րոպե անց նույն ընտրատեղամաս է մուտք գործել Շոթա Սաղաթելյանը եւ, ներկայանալով որպես ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ ու խոչընդոտել նրանց աշխատանքների կատարմանը: Վերջինիս հեռանալուց հետո քիչ անց 34/06 տեղամաս է մուտք գործել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ կրկին նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի նախագահի հետ եւ շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների կատարմանը: Միջոցներ են ձեռնարկվում Մուրադ Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ»: