Դիտորդները տեխնիկական մասնագետներ են

03/03/2008

Անցած տարվա ընթացքում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը դիտորդական առաքելություն է իրականացրել ԱՊՀ մի շարք երկրներում: Բացառությամբ երկու դեպքի, դիտորդները, չնայած իրենց արձանագրած էական եւ ոչ այնքան էական խախտումներին, ընտրությունները, հիմնականում, բնութագրել են որպես մեկ քայլ առաջ` ժողովրդավարության ճանապարհին: Նույն գնահատականին էին արժանացել նաեւ ղազախստանյան վերջին խորհրդարանական ընտրությունները, որտեղ «Նուր Օթան» իշխող կուսակցությունը գրավեց խորհրդարանի Ստորին պալատի բոլոր տեղերը: Այս մասին հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ազատության»` Վիեննայի թղթակից, վերլուծաբան Ժան-Քրիստոֆ Պյոշն այդ առնչությամբ տվել է իր գնահատականները: «Միջազգային դիտորդների այդ, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրությունների մասին զեկույցները խորացրին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության նկատմամբ քաղաքացիական հասարակության պաշտպանների անվստահությունը: Մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում եւ Վրաստանում, ընդդիմությունը պնդում է, թե առաքելությունն ընտրակեղծիքների մասին բարձրաձայն խոսելու բավարար համարձակություն չունի եւ դրանով իսկ աջակցում է բռնապետական կամ կիսաբռնապետական վարչախմբերին,- ասել է Ժան-Քրիստոֆ Պյոշը` ավելացնելով,- Իրականում խնդիրն այն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության մասին շատերը թյուր պատկերացում ունեն: Այս գրասենյակի դիտորդները տեխնիկական բնույթի արհեստավարժ մասնագետներ են, որոնք իրենց առաքելությունն իրականացնում են ոչ թե այս կամ այն երկրին գովաբանելու կամ քննադատելու նպատակով, այլ օգնում են կառավարություններին՝ բարելավել իրենց ընտրական գործընթացները եւ ընտրական մթնոլորտը: Նրանք երբեք քաղաքական գնահատական չեն տալիս, չեն հայտարարում, թե, ասենք, այս ընտրություններն արդար ու ազատ էին կամ այդպիսին չէին: Շատերն են ԺՀՄԻԳ-ի առաքելությունից նման գնահատական ակնկալում, բայց դիտորդները պնդում են, թե իրենք քաղաքական գործիչներ չեն եւ քաղաքական գնահատականներ չեն տալիս»,- ընդգծել է վերլուծաբանը: «Մենք դիտորդներ ենք, մենք չենք մասնակցում քաղաքական գործընթացներին»,- ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում հայտարարել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Քրիստիան Շտրոհալը: Ժան-Քրիստոֆ Պյոշը, շատ կարեւոր համարելով Շտրոհալի դիտարկումը, ընդգծել է, որ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը երբեք հրապարակային քննադատություններ չի հնչեցնում այս կամ այն երկրի կառավարության հասցեին. դա, այսպես ասած, նրանց ունեցած մանդատի, նրանց իրականացրած առաքելության մաս չի կազմում»: «Բայց դա չի նշանակում, թե մասնավոր զրույցներում դիտորդները կառավարության գործունեությունը չեն քննադատում»,- շեշտել է վերլուծաբանը: