«Շատ դժվար է այս երկու ընտրությունների միջեւ համեմատություն անցկացնելը: Բայց, ընդհանուր առմամբ, այո, կարելի է ասել, որ այս ընտրություններին տրված մեր գնահատականը տարբերվում է խորհրդարանականին տրված գնահատականից: Եթե անգամ դիտարկեք բառերի տարբերության առումով, ակնհայտ կդառնա, որ «մեծամասամբ» բառը, որը հնչեցվեց խորհրդարանական ընտրություններին տրված գնահատականում, շատ ավելի դրական իմաստ ունի, քան «հիմնականում» բառը, որն օգտագործվեց այս ընտրություններին տրված նախնական զեկույցում,- երեկ «Ազատությանն» ասել է Գերտ Արենսը,- Մեր նախնական զեկույցն ասում է, որ որոշակի առաջընթաց կար այս ընտրություններում: Օրինակ, կարող ենք խոսել այդ առաջընթացի մասին օրենսդրական դաշտում»: Նրա վկայությամբ` «Գնահատականը կարող է փոխվել՝ պայմանավորված այն հանգամանքով, թե մենք ինչ կհայտնաբերենք առաջիկայում: Հաջորդ փաստաթուղթը երրորդ միջանկյալ զեկույցն է լինելու: Այն հիմնված կլինի փաստերի վրա, որոնք նաեւ քննադատություն կպարունակեն: Առաքելության վերջնական զեկույցը կհրապարակվի մայիսին»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հետեւո՞ւմ են արդյոք դիտորդները հայաստանյան հեռուստաընկերությունների աշխատանքին, երբ Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները հիմնականում ծաղրանքով են լուսաբանվում, հնչած քաղաքական գնահատականներն ուղղակի չեն հեռարձակվում, իսկ Տեր-Պետրոսյանի տան մոտ հավաքված ցուցարարների կարծիքը լրատվական ծրագրերը կարեւոր են համարում եթեր հեռարձակել, Գերտ Արենսը պատասխանել է. «Կարծում եմ, ձեր ասածի մեջ ճշմարտություն կա: Անձամբ ես մի քանի անգամ միացրել եմ հեռուստացույցը, որ տեսնեմ` ցուցադրվո՞ւմ են արդյոք Տեր-Պետրոսյանի կազմակերպած այդ հանրահավաքները, սակայն հանրահավաքի մասին պատմող տեսանյութ չեմ հայտնաբերել: Այս դեպքում տեսնում ենք միանգամայն միակողմանի լուսաբանում, եւ դա լավ չէ»: ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության ներկայացուցիչները նաեւ ուսումնասիրում են ԿԸՀ-ի կայքում հայտնված այն փաստերը, որոնց համաձայն՝ նույն ընտրատարածքի միմյանց հարեւանությամբ գտնվող տեղամասերում մի դեպքում՝ ընդդիմադիր թեկնածուն ձայների բավական բարձր տոկոս է հավաքել, մյուս դեպքում՝ 0 ձայն է ստացել:
«Մենք վերլուծում ենք եւ տեսնում, որ այդ արդյունքներն անհավանական են: Կան նաեւ տեղամասեր, որտեղ մեծ է անվավեր քվեաթերթիկների քանակը: Այս ամենը մենք ուսումնասիրում ենք, եւ վերլուծության մեր արդյունքները տեղ կգտնեն մեր հաջորդ միջանկյալ զեկույցում»,- ասել է Գերտ Արենսը: Նա ավելացրել է նաեւ, որ իրենց առաքելությունը մեկ շաբաթից ավարտվում է, բայց իրենց փորձագետներից երկու-երեքը դեռ կմնան՝ հետեւելու իրավիճակին, այդ թվում՝ ձերբակալվածների, կալանավորվածների դատավարություններին: «Ես իրավունք չունեմ խորհուրդներ տալու, բայց մի անձնական դիտարկում. մենք տեսել ենք, որ մարդիկ իսկապես օրինապահ են այդ հրապարակում, եւ չեմ կարծում, որ այնտեղ խուլիգաններ կան: Ու հատկապես երիտասարդները մտահոգված են ժողովրդավարական ընտրություններով: Սա մի շարժում է, որին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն այս երկրի քաղաքական գործիչները: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ ձեւով պետք է վարվել այս շարժման հետ»,- եզրափակել է Գերտ Արենսը: