«Պետք է գնալ զիջումների»

03/03/2008

ՀՀ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսական «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ իշխանությունը չի համարձակվի ուժ կիրառել հանրահավաքների մասնակիցների դեմ. «Իշխանությունը շատ լավ է զգում մարդկանց էներգետիկան, ժողովրդի համախմբման աստիճանը: Մենք էլ, մեր հերթին, իշխանությանը ոչ մի առիթ չենք տա, որովհետեւ գործելու ենք բացառապես օրենքի շրջանակներում»: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, Լ. Տեր-Պետրոսյանն ասել է. «Պետք է գնալ լուրջ զիջումների՝ պայմանով, որ մյուս կողմն էլ դրան պատրաստ կլինի: Հայաստանը Ադրբեջանին է զիջում որոշ տարածքներ, բայց մյուս տարածքները մնում են ղարաբաղցիների ձեռքին մինչեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը: Ի՞նչ է ստանում Հայաստանը: Անվտանգության միջազգային երաշխիքներ, բաց ճանապարհներ դեպի Ադրբեջան, Թուրքիա, դեպի բոլոր երկրները: Ստանում է տնտեսության զարգացման հնարավորություն, ընդ որում՝ ոչ միայն սեփական, այլեւ` Ղարաբաղի»: Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի` «Եթե ամեն ինչ մնա ինչպես կա, ապա շրջափակումը մեզ կխեղդի: Ադրբեջանը զարգանում է, եւ ստատուս-քվոն, որի մասին որոշ մարդիկ շարունակում են խոսել, պարզապես միֆ է: 10 տարի առաջ մենք գրեթե հավասար էինք, բայց այժմ ուժերի հարաբերակցությունը փոխվել է»: Խոսելով Կոսովոյի նախադեպի եւ ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացի մասին, Լ. Տեր-Պետրոսյանն ասել է. «Կոսովոն եւ Ղարաբաղը անհամեմատելի են իրենց նշանակությամբ, կշռով: Եթե Ղարաբաղը ունենար նույնիսկ ոչ թե 2 միլիոն, ինչպես ալբանացիներն են Կոսովոյում, այլ գոնե 300.000 հայ բնակիչ, որեւէ զիջման մասին խոսք անգամ չէր լինի»: