Փետրվարի 28-ին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը` մեկնաբանելով Հայաստանի հետընտրական իրավիճակը՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Մենք լինելու ենք չափազանց հանդուրժողական, մինչեւ այն պահը, երբ այդ հանդուրժողականությունը կփորձեն չարաշահել, եւ դա կարող է բերել վատ հետեւանքների»: Վարչապետը հաստատել է իր պատրաստակամությունը՝ համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք պատրաստ են իրենց ներուժն օգտագործել ի օգուտ Հայաստանի զարգացման: Ըստ նրա, իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի հետընտրական գործընթացները չվնասեն երկրի քաղաքացիներին եւ Հայաստանի միջազգային հեղինակությանը: Պ. Սեմնեբին շնորհավորել է Սերժ Սարգսյանին` նշելով, որ տեղի ունեցած ընտրությունները դարձել են ժողովրդավարության ամրապնդման կարեւորագույն գործոն: Նա նաեւ ասել է, որ Հայաստանի ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումներին նա փոխանցել է ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության հարցերով քաղաքականության գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի ուղերձը` խուսափել դեպի բռնություն տանող քայլերից, գործել օրինականության սահմաններում եւ քաղաքական էներգիան ուղղորդել կառուցողական դիրքերի ուղղությամբ: