5-րդ դասարանցի Վարդուհին անչափ խելացի ու հասուն է: Չնայած իր ապրած 11 տարիների ընթացքում, բացի աղքատությունից, սովից ու ցավից ուրիշ ոչ մի բան չի տեսել, այդուհանդերձ, կարողանում է իր մեջ ուժ գտնել, կենսուրախ մնալ, լավատես լինել ու լավ երազանքներով ապրել: Ասում է` «Երազանք ունեմ, որը, գիտեմ, կիրականանա: Ուզում եմ լեռնագնաց դառնալ, որ լեռներում շրջեմ: Ես բնություն շատ եմ սիրում: Հենց բնության օդը շնչում եմ` բարիանում եմ: Մենք էդքան հնարավորություն չունենք, որ քաղաքից դուրս գանք, դրա համար էլ մեկ-մեկ ինձ պատկերացնում եմ անտառներում, լեռներում ու էդ երազանքից` կյանքը սիրում եմ»: Վարդուհին չի պատմում իրենց կյանքի դժվարությունների մասին: Այն մասին, որ ինքը ձմռանը դպրոց գնալու համար երկարաճիտ կոշիկներ չուներ, որ ինքն ու մայրը շատ հաճախ քաղցած են գիշերում, այլ պատմում է երազանքների ու միայն գեղեցիկ բաների մասին:
Վարդուհին ու մայրը` տիկին Սուսաննան, շատ հաճելի եւ կիրթ մարդիկ են: 47-ամյա Բաքվի փախստական տիկին Սուսաննան միայնակ մայր է, ռուսական կրթություն ունի. «Ես երեխային ռուսական դպրոց էի ընդունել, բայց անցյալ տարի ինձ ստիպեց, որ տեղափոխեմ հայկական դպրոց: Ես մի քիչ դժվարանում եմ հայերեն դասերը սովորեցնել, բայց ինքը շատ հաճույքով, ինքնուրույն սովորում է: Ինձ ասաց` մամա՛, ես Հայաստանում եմ ապրում, հայ եմ ու ուզում եմ հայկական կրթություն ստանալ: Ես հայերեն լեզուն եմ սիրում, իսկ ռուսերենն՝ էդքան չէ»,- պատմում է տիկին Սուսաննան, ով աղջկա մոտ ձեւացնում է, որ ինքը ոչ մի բանից չի վախենում եւ ամեն ինչ անում է, որ Վարդուհին իրեն պաշտպանված զգա: Իսկ երբ աղջիկը հանրակացարանի խուց հիշեցնող իրենց սենյակից մի պահ դուրս է գալիս` տիկին Սուսաննան աչքերը լցնում է ու հոգու ցավից խեղդվում: Հարցնում եմ` «Ինչո՞ւ եք էդպես հուզվում, շատ հաճելի աղջիկ ունեք, լավ մարդ է դառնալու»: Երկար լռելուց ու սիրտը թեթեւացնելուց հետո անկեղծանում է. «Ես կրծքի ուռուցք ունեմ, որն անհապաղ վիրահատության ենթակա է: Մեծանալու, տարածվելու հատկություն ունի, արդեն ցավերին էլ չեմ դիմանում»,- ասում է տիկին Սուսաննան ու իր վիճակի մասին խոստովանելուց հետո պոռթկալով գլուխն առնում է ափերի մեջ: Բաքվից Հայաստան տեղափոխվելուց հետո տիկին Սուսաննան 7 տարի վարձով է ապրել, սակայն տեղափոխվել է Նոր Նորքի հանրակացարան, քանի որ այլեւս ի վիճակի չի եղել վարձավճարը մուծել: Այժմ մայր ու աղջիկ ապրում են բանտախցի նման մի տաղտուկ ու խոնավ սենյակում, որտեղ 15 րոպե նստելուց հետո մարդու տրամադրությունն ընկնում է: Ապրում են «Փարոսի» տրամադրած 13.500 դրամ նպաստով, որը ստանալուց հետո տիկին Սուսաննան շատ երկար մաթեմատիկական հաշվարկներ է անում, բայց չի կողմնորոշվում, թե ինչպես անել, որ հոսանքի գումարը վճարի, խանութի պարտքերը տա ու Վարդուհու համար ինչ-որ բան անի: Ու Վարդուհու համար էդ ինչ-որ բան անելն ամեն անգամ կրկին հետաձգվում է` մինչեւ հաջորդ ամսվա նպաստը, ու այդպես շարունակ: Ասում է` «Ճիշտն ասած, ուրիշների տները մեկ-մեկ մաքրելով` գոնե գումար էի վաստակում, բայց ձմռանը նման գործ գտնելը շատ դժվար է: Քանի որ իմ մաքրած տան տնտեսուհին ինձ շատ է հարգում, մեկ-մեկ ուտելիքով-բանով օգնում, ձեռք է մեկնում: Ծանր աշխատանք չեմ կարող կատարել, ուռուցք ունեմ»: Մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ տիկին Սուսաննան թվարկում է այն հաստատությունները, որտեղ աշխատել ու մեծ հարգանք է վայելել: Ամբողջ ձմեռն անցկացրել են էլեկտրական փոքրիկ սալիկը ժամանակ առ ժամանակ միացնելով, սակայն էլեկտրական սալիկն այնքան ժամանակ առ ժամանակ են միացրել, որ թաց պատերի խոնավությունը չի հասցրել թեթեւակի չորանալ, դրա համար էլ տիկին Սուսաննան թոքաբորբով հիվանդացել է: Ասում է, որ քույրը Ռուսաստանում է բնակվում, 2003 թվականին Վարդուհու հետ մեկնել են այնտեղ: Ռուսաստան գնալն առիթ է հանդիսացել, որպեսզի տիկին Սուսաննային որպես փախստական հաշվառման չենթարկեն եւ սերտիֆիկատ չտան: Միգրացիոն գործակալություն դիմած այս կնոջը հորդորել են, թե գործակալությունից մարդիկ կգան, կծանոթանան պայմաններին եւ կհաշվառեն: Ասում է` «Արդեն 4-րդ տարին է, սպասում եմ, բայց չեն գալիս: Չեն հաշվառում, որպեսզի սերտիֆիկատ, տան հարց չլինի: Բայց ինձ համար էդ հաշվառումը, ցուցակում լինելը շատ կարեւոր է»: Միգրացիոն գործակալությունը տիկին Սուսաննային խոստացել է ՀՀ նախագահական ընտրություններից հետո մարդ ուղարկել, ստուգել պայմաններն ու հաշվառել, բայց… Այդ «բայց»-ից կախված է տիկին Սուսաննայի ուռուցքի վիրահատությունը, Վարդուհու ճակատագիրն ու առհասարակ՝ մայր ու աղջկա հետագա կյանքը: Ասում է, որ չի գնում վիրահատության միայն այն պատճառով, որ իր կյանքի համար երաշխիք չեն տալիս. «Գոնե որ հաշվառեն` կիմանամ, որ երեխաս հետո անտուն չի մնա: Ես հիմա սպասում եմ էդ մարդկանց, որ նոր գնամ վիրահատության: Ես չգիտեմ ինձ հետ ինչ կլինի, դրա համար էլ Վարդուհու համար գոնե պիտի ապահով լինեմ: Եթե ինձ հետ բան պատահի՝ բա երեխաս ո՞նց պիտի ապրի, որտե՞ղ: Երեխաս թող անկյուն ունենա, իսկ ինձ հետ ինչ լինելու է՝ թող լինի: Ես էստեղ ոչ ոք չունեմ, ոչ մի հարազատ»: Տիկին Սուսաննայի միակ քրոջ վիճակն, ով ապրում է Ռուսաստանում, այնքան բարվոք չէ, որ հարազատներին ձեռք մեկնի: Նա կարողանում է Վարդուհու համար միայն հնամաշ հագուստ ուղարկել:
Տիկին Սուսաննան ու Վարդուհին սովորել են կյանքի դժվարությունները հաղթահարել անձայն ու առանց տրտնջալու: Վարդուհուն օգնում են երազանքները` լեռներն ու բնության օդը, իսկ տիկին Սուսաննային` հնարավոր հաշվառումն ու բարեհաջող վիրահատության մասին երազանքները: