Ադամանդագործների գործադուլը շարունակվում է

13/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Նոր Հաճընի «Շողակն» գործարանի «Էքսելենտ» արտադրամասի բանվորների
գործադուլը շարունակվում է, իսկ տնօրինությունը մոտ 200 հոգու
աշխատանքային պայմանագրերն արդեն դադարեցրել է 5 օր աշխատանքի
չներկայանալու պատճառով:

Հիշեցնենք, որ բանվորները գործադուլի էին դուրս եկել իրենց աշխատավարձը
ցածրացնելու պատճառով: «Շողակնի» գործադիր տնօրեն Սերգեյ Գասպարյանը
սակայն բոլորովին էլ միտք չունի բավարարելու բանվորների պահանջը: Նրա
ասելով՝ աշխատավարձը ոչ թե ցածրացրել են, այլ գնահատում են 2001թ.
ընդունած գնացուցակի համաձայն: Ուղղակի այս տարիներին բանվորները
վարձատրվել են իրենց հասանելիքից մի փոքր ավել: Ուրեմն «Էքսելենտ»
արտադրամասում աշխատում են գործարանի բարձրակարգ վարպետները եւ մշակում են
ամենաորակյալ ադամանդներ, բնականաբար, վարձատրվում են մի փոքր ավել:
Վարձատրությունը գործարքային է ու հաշվարկվում է մշակված ադամանդի քանակին
ու որակին համապատասխան: Պարզվեց, որ այդ արտադրամասը մշակել է երեք որակի
ադամանդ. «գուդ», «վերի գուդ» եւ «էքսելենտ»: Ամենաբարձրը գնահատվում է
«էքսելենտը», ամենացածրը՝ «գուդը»: Մշակված ադամանդի 90%-ը «վերի գուդ»
որակի է, ու միայն 6%-ն է «էքսելենտ»: Այս երեք տարիների ընթացքում
բանվորները վճարվել են «Էքսելենտի» հաշվարկով: Տնօրինությունը հիմա որոշել
է վարձատրությունը հաշվարկել ըստ արժանվույն, ու արդյունքում բանվորների
աշխատավարձը կրճատվել է մոտ 30%-ով: Ա՛յ, հենց սրա հետ համաձայն չեն
ադամանդագործները:

«Թող գնահատեն նույն ձեւի կամ փոփոխություն կատարեն գնացուցակի մեջ,-
պնդում էր նրանցից մեկը:- Ես 200 դոլար էլ չեմ ստանում, հիմա պիտի 30%-ն
էլ կրճատեն: Մենք շատ ծանր աշխատանք ենք կատարում, տաշելուց էդ փոշին մեր
թոքերին է նստում: Մի քանի տարուց հետո բոլորս հաշմանդամ ենք դառնալու:
Փոխանակ արտոնություն տան, մի բան էլ զրկում են»:

Պարոն Գասպարյանի պնդմամբ` այդ արտադրամասում միջին աշխատավարձը կազմում է
440 դոլար, նա նույնիսկ ամենաբարձր վարձատրվող 67 հոգու ցուցակ
ներկայացրեց, ուր ամենացածր աշխատավարձը 419$ էր, ամենաբարձրը՝ 789$,
մնացածն ավելի քիչ են ստանում:

«Այդ արտադրամասում կան ամուսիններ, որոնք ամսական 1000 դոլարից ավել են ստանում»,- ասում է պարոն Գասպարյանը:

«Չհավատա՛ս, քո՛ւր ջան,- զարմացավ բանվորներից մեկը:- Մենք գիտենք՝ ում
մասին է խոսքը, հես ա նրանց աշխատավարձի կտրոնները, նայի, Կամոն 135.000
դրամ է ստացել, կնիկը՝ 144.000 դրամ: Դա եղավ 1000 դոլա՞ր, խաբում են»:

«Եթե ես ստանամ 350 կամ 550 դոլար, հո գիժ չե՞մ, որ գործադուլ անեմ,
բացատրում էր մեկ ուրիշը: -Էդքան գումար մի քանի հոգի են ստանում, մնացածը
200 դոլարի սահմաններում են ստանում: Անցած ամիս այլ արտադրամասի մի
բանվոր 220.000 դրամ էր ստացել, կանչել էին վերեւ ու զգուշացրել, որ
ինչքան ուզում է աշխատի, էլ էդքան չի ստանա: Ու հետո, եթե այստեղ 500-600$
են ստանում, էլ ինչո՞ւ են գնում Աֆրիկա, որ էլի նույնքան ստանան, եթե 350$
ստանան, էլի չեն գնա: Խաբում են, թե շատ ենք ստանում»:

Պարոն Գասպարյանին խնդրեցինք ներկայացնել վերջին ամսվա աշխատավարձի
ցուցակը, նա հրաժարվեց: «Ուրեմն չե՞ք վստահում իմ ասածներին»,- վիրավորվեց
նա: Հակասություն ստեղծվեց այն ժամանակ, երբ գլխավոր հաշվապահը
ներկայացրեց փետրվար եւ մարտ ամիսների միջին աշխատավարձը՝ 122 եւ 144.000
դրամ, որը ոչ մի դեպքում չի հավասարվում 440 դոլարին, ավելի շուտ
համապատասխանում է բանվորների ասած գումարին: Մի զարմանալի հանգամանք եւս,
այդ բանվորներից ոչ մեկը չուներ իր աշխատանքային պայմանագրից մի օրինակ:

«8-9 էջանոց պայմանագիրը տալիս են մեզ ու ասում են՝ 10 րոպեում կարդացեք
ու ստորագրեք,- ասում էր մի բանվոր:- 10 րոպեում ո՞նց կարդանք,
ստորագրում, տալիս էինք՝ չիմանալով, թե ինչի տակ ենք ստորագրում: Մեզ
օրինակ չեն տվել, մենք էլ չենք ուզել, որ ուզեինք էլ, չէին տա, ավելի շուտ
գործից կազատեին»:

Պարզ է, որ բանվորների անտեղյակությունից օգտվել է գործարանի ղեկավարությունը եւ ոչ մեկին չի տվել իր պայմանագրի մի օրինակը:

«Չեն ուզել, չենք տվել»,- իրավաբանին ոչ վայել պատասխան տվեց գործարանի իրավաբանը:

Բանվորները նույնիսկ չգիտեն, թե ինչ իրավունքներ ունեն: Միայն գիտեն, որ
այդ տարբերակով չեն կարող աշխատել, որովհետեւ ճանապարհածախսը հանելուց
հետո շատ քիչ բան է մնում: Իսկ տնօրինությունն էլ հաստատ գիտի, որ
սեփականատերը չի բարձրացնելու վարձատրության չափը:

«Մենք այս երեք տարիներին իրենց կատարած աշխատանքից ավել ենք վարձատրել,
ամիսը 25.000 դոլար ավել վարձատրություն են ստացել,- բացատրում է Սերգեյ
Գասպարյանը: -Սեփականատերը դա գլխի էլ չի ընկել, հիմա նա հաշվարկել է եւ
չի ուզում վճարի այդ ավել գումարը»:

Կասկածելի հարցեր շատ կան: Հիշեցնենք, որ «Շողակնը» հրեական «LLD Diamond»
ընկերությանն է պատկանում, որն աշխարհում ադամանդագործությամբ զբաղվող
երկրորդ խոշոր ընկերությունն է «De Beers»-ից հետո, սեփականատերը
ազգությամբ հրեա հայտնի Լեւ Լեւիեւն է: Մի՞թե հրեա սեփականատերը կամ
գործարանում իր ներկայացուցիչն այնքան միամիտ էին, որ մշակվող 90% միջին
որակի ադամանդի համար պատահաբար էին երկար ժամանակ վճարել բարձր որակին
համապատասխանող աշխատավարձ եւ այդպիսի՝ պարոն Գասպարյանի ասելով՝ մոտ 1,5
մլն դոլարի վնաս կրել: Կամ ինչո՞ւ սեփականատերը որոշեց այդ փոփոխությունը
հենց այս պահին կատարել: Եթե դա դոլարի կուրսի անկման հետ է կապված, ապա
կարող էր ավելի շուտ անել: Պարոն Գասպարյանը նշում է, որ գնահատումը միշտ
դրամով է հաշվարկվել, եւ դոլարի արժեզրկման պատճառած վնասը գործարանի
հաշվին է եղել, հավանաբար՝ ոչ սեփականատիրոջ: Սեփականատերը վճարել է
ադամանդի կարատով եւ ոչ թե կատարած աշխատանքով: Արդյո՞ք հաստատվում է
բանվորների այն կասկածը, որ դոլարի անկման պատճառով գործարանի շահույթը
պակասել է, ուրեմն պակասել է նաեւ ղեկավարների շահույթը: Նրանք վստահ են,
որ դա ոչ թե սեփականատիրոջ, այլ գործարանի ղեկավարության ցանկությունն է:
Ի դեպ նոր վճարաչափով բանվորների աշխատավարձն իջնում է այն տոկոսաչափով,
ինչքան որ դոլարն է արժեզրկվել: Զարմանալի զուգադիպություն:

Ինչեւէ, գործադուլավորներն այլեւս «Շողակնի» աշխատողներ չեն, չնայած
տնօրինությունը նրանց հնարավորություն է տալիս նորից դիմում գրել եւ
աշխատանքի ընդունվել, հակառակ դեպքում, 10 օրում կհամալրեն այդ
աշխատատեղերը: Բանվորներն էլ կասկածում են տնօրինության ինքնավստահության
վրա. «Մեր կլասի վարպետներ 10 օրում չեն կարող պատրաստել, դա ամիսների ու
տարիների աշխատանք է,- բացատրում էր մի երիտասարդ:- Եվ հետո, ամեն օր
պատվիրակություն են ուղարկում մեզ մոտ, որ հետ գնանք: Քաղաքապետին են
ուղարկել, միլիցիայի ու Խթը-ի աշխատողների են ուղարկել: Մենք իրենցից մեծ
բան չենք ուզում, թող շարունակեն վարձատրել այնպես, ինչպես եղել է մինչեւ
հիմա: Ադամանդ տաշելուց արդեն սաղս թոքերի պրոբլեմ ունենք, դա քաղցկեղածին
աշխատանք է, էլ չենք ասում, որ 2-3 տարուց հետո տեսողությունից էլ ենք
ընկնում: 200-300 դոլարը շա՞տ են համարում դրա համար»:

Ի դեպ, բոլոր գործադուլավորները երիտասարդ տղաներ ու աղջիկներ էին, հիմնականում՝ 20-30 տարեկան: