«Ազատություն» ռադիոկայանը փետրվարի 19-ին` հղում կատարելով Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհի Եպրաքսյա Բարսեղյանին, տեղեկատվություն էր տարածել, որ Կարեն Կարապետյանը, Վարդան եւ Ստյոպա Ստեփանյանները քվեարկության ժամանակ ընտրողների ձեռքից վերցրել են քվեաթերթիկները եւ քվեարկել նրանց փոխարեն: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի` ստուգմամբ պարզվել է, որ Շահումյան գյուղում Ե. Բարսեղյան անուն-ազգանունով բնակվել է մեկ անձ` Եպրաքսյա Մանվելի Բարսեղյանը, ով դեռեւս 2006թ. վաճառել է բնակարանն ու հողամասը, դուրս գրվել գյուղի հաշվառումից եւ մեկնել ՌԴ Կեմերովո քաղաք: Պարզվել է, որ Վ. Ստեփանյանը հանդիսանում է Շահումյան գյուղի 17/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ Ստեփան Ստեփանյանը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանի վստահված անձ, ներկա է գտնվել ընտրություններին նույն տեղամասում: Կ. Կարապետյան անուն-ազգանունով անձ ընտրատեղամասում չի եղել: Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ են տվել թիվ 17/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վ. Ստեփանյանը, հանձնաժողովի քարտուղար Շուշանիկ Գրիգորյանը, հանձնաժողովի անդամներ, նշված տեղամասում գրանցված դիտորդներ, ՀՀ նախագահի թեկնածուների վստահված անձինք: Նրանք հերքել են նշված տեղամասում քվեաթերթիկների լցոնման մասին տեղեկությունը եւ հայտնել, որ ընտրատեղամասում ոչ մի ընտրախախտում չի արձանագրվել եւ դիտորդների, վստահված անձանց կողմից ընտրախախտումների վերաբերյալ որեւէ արձանագրություն չի կազմվել: Նախապատրաստված նյութերով Ոստիկանության Արտաշատի բաժնում քր. գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության պատճառով: