Եվս մեկ միջնորդի հավակնորդ

29/02/2008

ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հավաստմամբ` ՀՀ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուժային մեթոդներն իր գլխավորած կուսակցության համար անընդունելի են, եւ ստեղծված իրավիճակը պահանջում է քաղաքական լուծումներ: «Հասարակությունն իրավունք ունի խնդիրը լուծողի դերում հանդես գալ, իսկ խնդիրն այն է, թե ինչպես պետք է համախմբել հասարակության երկու հատվածները, որոնք այս կամ այն կերպ բեւեռացված են, եւ մեկը մյուսի հետ հաշտվել չի ցանկանում: Հասարակության համախմբման համար ՍԻՄ կուսակցությունը, որը որեւէ մեկի ձեռքը սեղմելու հայտարարություն չի արել, կարող է հանդես գալ անկողմնակալ միջնորդի դերում: Սա մեզ համար հստակ քաղաքական դիրքորոշում է, սա փորձառու մարդկանց մի խմբի դիրքորոշում է, որն ուղղված է լինելու քաղաքական փաթեթային լուծումներ առաջարկելու եւ այդ լուծումները համաձայնեցնելու խնդրին»,- ասաց Հ. Խաչատրյանը: Վերջինս նաեւ վստահեցնում էր, թե ՍԻՄ-ը չի ուզում կոնկրետ ինչ-որ մեկի նախագահ դառնալու խնդիրը լուծել: Ըստ Հ. Խաչատրյանի` ՍԻՄ-ն ուզում է պարզել, թե այս լարված օրերից հետո նորից ինչպե՞ս են համախմբող գործընթացներ լինելու: «Հնարավոր լուծումների զինանոցը բավականին մեծ է. օրինակ` կարելի է օգտվել անցյալի փորձից, երբ 1998թ. ստեղծվեց քաղաքական խորհուրդ, որը խորհրդատվական մարմին էր, եւ որում յուրաքանչյուր քաղաքական ուժ ուներ կարծիք հայտնելու իրավունք»,- հայտարարեց Հ. Խաչատրյանը: