Որքան արագ՝ այնքան համոզիչ

29/02/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակեց կիրակի օրը՝ փետրվարի 24-ին: Մինչդեռ հրապարակելու վերջնական ժամկետը փետրվարի 26-ն էր:

Ինչո՞ւ է ԿԸՀ-ն նման շտապողականություն ցուցաբերել, երբ դեռ երկու օր ժամանակ ուներ: Այս օրերին այս հարցը հաճախ է հնչեցվել: Ընդ որում, ԿԸՀ-ն փետրվարի 24-ի այդ նիստն անցկացրել է առանց «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների: Նիստի մասին նրանց ծանուցվել է ընդամենը կես ժամ առաջ: Պարզվում է՝ ԿԸՀ-ն շուտ է ամփոփել, որպեսզի ընտրությունների արդյունքների ընկալումը հասարակության կողմից ավելի օբյեկտիվ լինի: «Ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ին իրավունք է վերապահված վերջնական արդյունքները հրապարակել քվեարկությունից հետո 7 օրվա ընթացքում, սակայն վերահաշվարկի արդյունքները մինչեւ 16:00-ն եղել են ԿԸՀ-ում: Հանձնաժողովն այդ արդյունքները մուտքագրել է ընտրությունների ավտոմատացված համակարգ, եւ մնում էր միայն սեղմել համակարգի մի կոճակը, որը դուրս է բերում այդ վերջնական արձանագրությունը՝ բազայում եղած տվյալների հիման վրա»,- երեկ ասաց ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը: Բացի այդ, ըստ Ա. Բախչագուլյանի` Եվրոպական կոնվենցիայում մոտեցում կա, որ որքան արագ հրապարակվի ընտրության վերջնական արդյունքները, այնքան այն հասարակությանն ավելի համոզիչ կթվա: Եվ ահա այս անգամ ԿԸՀ-ն որոշել է հետեւել Եվրոպական կոնվենցիայի դրույթներին եւ հասարակության համար համոզիչ քայլ անել: Հասարակությունը, սակայն, դրանից այդպես էլ չի համոզվել, թե ԿԸՀ-ն քվեաթերթիկների հաշվարկումը կատարել է ճշգրտորեն: Դրա ապացույցն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո ԿԸՀ-ն թեկնածուների վստահված անձանց կողմից վերահաշվարկի մի քանի հարյուր դիմում-բողոք է ստացել: Բացի այդ, ԿԸՀ-ի կողմից քվեաթերթիկների հաշվարկը մտահոգել էր նաեւ միջազգային դիտորդներին: Ա. Բախչագուլյանը երեկ անդրադարձավ դիմում-բողոքներին: Երկու օր առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել էր, որ վերահաշվարկի 300 դիմում են ունեցել, որոնցից վերահաշվարկ է իրականացվել միայն մեկ-երկու տեղամասում: Ի պատասխան Ա. Մուսինյանի` Ա. Բախչագուլյանն ասաց, թե Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից ներկայացրած դիմումներից չեն քննարկվել միայն 19-ը, փոխարենը նրանց դիմումների հիման վրա վերահաշվարկ է իրականացվել 62 տեղամասում: ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի թիմակիցների ներկայացրած դիմումներից մերժվել է 4-ը, վերահաշվարկ կատարվել է 24 տեղամասում: ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի ընդամենը 2 դիմումների հիման վրա է վերահաշվարկ կատարվել, Վահան Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի վստահված անձանց ներկայացրած 3-ական դիմումները նույնպես բավարարվել են: Բավարարվել եւ վերահաշվարկվել են Արամ Հարությունյանի ներկայացրած 27 դիմում-բողոքից` 24-ը, Արտաշես Գեղամյանի դիմում-բողոքներից՝ 6-ը, Տիգրան Կարապետյանի ներկայացրած դիմում-բողոքներից՝ 11-ը: ԿԸՀ քարտուղարը տեղեկացրեց, որ հանձնաժողով դիմումներ են ներկայացվել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների կամ այնպիսի վստահված անձանց կողմից, ովքեր վերահաշվարկի դիմումում նշված տեղամասում որպես վստահված անձ գրանցված չեն եղել: Այդ իսկ պատճառով Ընտրական օրենսգրքի (ԸՕ) պահանջներին չհամապատասխանող այդ դիմումները քննության չեն առնվել: «ԿԸՀ-ում եղել են նման մոտ 170 դիմումներ, որոնցից չեն քննարկվել ընդամենը 24-ը, որովհետեւ ժամանակը չի բավարարել»,- ասաց Ա. Բախչագուլյանը:

Երեքշաբթի օրը Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ հայտարարվել է, որ դիմել են ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Ա. Բախչագուլյանն ասաց, որ հանձնաժողովը ստացել է առանց ստորագրության նման նամակ, որով պահանջվում է քվեարկության արդյունքների վերաբերյալ որոշումը չեղյալ հայտարարել: Նամակը դեռ չի քննարկվել, սակայն, ԸՕ-ի պահանջներին համապատասխան, ցանկացած գրություն հանձնաժողովում քննարկվում է 5-օրյա ժամկետում: Թեպետ առանձին տեղամասերում արձանագրված խախտումներ եղել են, բայց, միեւնույն է, Ա. Բախչագուլյանն ընտրությունների լեգիտիմության հետ կապված որեւէ մտահոգություն կամ կասկած չունի: Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին ու բողոքներին, ԿԸՀ քարտուղարը կարծում է, որ չեն կարող միանշանակ տեսակետներ լինել մի գործընթացի նկատմամբ, որին մասնակցում է 1 միլիոն 600 հազարից ավելի մարդ:

Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԿԸՀ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը հանրահավաքի ժամանակ ցույց տվեց քվեարկած քվեաթերթիկ, որն, իր ասելով՝ գտել է հանձնաժողովի մոտակա աղբարկղից: Ըստ Զ. Թադեւոսյանի` այդ աղբամանում կային նման բազմաթիվ այլ քվեաթերթիկներ: Ինչո՞ւ է այդ քվեաթերթիկը հայտնվել աղբամանում: Ա. Բախչագուլյանը կարծում է, որ դա վերցրել են տեղամասերից: «Յուրաքանչյուր անբարեխիղճ ընտրող կարող է տեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, քանի որ ծրարը կնքող հանձնաժողովականը իրավունք չունի ստուգել` ծրարի մեջ քվեաթերթիկ կա՞, թե՞ ոչ»,- ասաց ԿԸՀ քարտուղարը: Այսինքն` հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչները կարողացել են քվեաթերթիկ գողանալ, իսկ իշխանության ներկայացուցիչները կամ հանձնաժողովի նախագահը դա չեն նկատել: Եթե որեւէ մեկը երբեւէ ականատես է եղել ընտրատարածքներում քվեաթերթիկների հաշվարկմանը, ապա կարող է վկայել, որ նման բան հնարավոր չէ, հատկապես, երբ այդ քվեաթերթիկը իշխանության թեկնածուի օգտին է լինում: Ա. Բախչագուլյանը նաեւ տեղեկացրեց, թե 5 տոկոսը հաղթահարած 4 թեկնածուների կողմից դեռեւս 8 մլն դրամ ընտրագրավը ետ ստանալու պահանջ ԿԸՀ-ն չի ստացել: 5 տոկոսի շեմը չհաղթահարած ՀՀ նախագահի չորս թեկնածուները՝ Արամ Հարությունյանը, Արման Մելիքյանը, Արտաշես Գեղամյանը, Տիգրան Կարապետյանը եւ Վազգեն Մանուկյանը չեն կարող ետ ստանալ վճարած ընտրագրավը: