Բոլոր սպանություններից ամենակարեւորը

13/05/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ապրիլի 14-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը մի սահմռկեցուցիչ թիվ էր
հրապարակել, որն, ամենայն հավանականությամբ, վերցված է ոստիկանության
տեղեկագրերից։ Ապրիլ ամսվա առաջին տասներկու օրվա ընթացքում մեր երկրում
կատարվել է ինքնասպանության 17 փորձ։ Նրանց մի մասն է փրկվել, մյուսները
հասցրել են վճիռն ի կատար ածել։

Որեւէ քաղաքակիրթ երկրի մամուլում այս թվի ի հայտ գալը եթե լուրջ
ցնցումներ չառաջացներ, ապա անպայման հասարակական բուռն քննարկումների եւ
վերլուծությունների առարկա կդառնար։ Մեզ մոտ, սակայն, այսպիսի
վիճակագրություններն ու կայունությանը սպառնացող դեպքերը մատնվում են
անուշադրության։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մենք ավելի կարեւոր խնդիրներ ունենք,
մասնավորապես՝ պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 90-ամյակին։

Եվ ընդհանրապես, մեր շուրջը կատարվող ամեն ինչ, եթե կապված չէ Հայ դատի ու
պահանջատիրության հետ, դատապարտված է անուշադրության։ Անցած տարի
փետրվարին, երբ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնահարեց
երիտասարդ հայ սպա Գուրգեն Մարգարյանին, մեր հասարակությունը (ՀԿ-ներն ու
ԶԼՄ-ները) արդարացի զայրույթով սկսեցին հետաքրքրվել այդ իրոք ողբերգական
դեպքով ու դրա հետագա ընթացքով։ Մինչդեռ նույն օրերին (համենայնդեպս,
դարձյալ փետրվարին) մի մարդ փոքրահասակ երեխաների ներկայությամբ
պատուհանից դուրս էր նետել իր հղի կնոջը։ Այս դեպքը մեր թերթերի ու
մնացյալ ԶԼՄ-ների լրահոսում ընթացիկ ու աննշմար տեղ զբաղեցրեց։ Ոչ ոք
չփորձեց իմանալ՝ ո՞վ էր նա, ինչո՞ւ կատարեց այդ ոճրագործությունը,
որովհետեւ դա չի տեղավորվում Հայ դատը հետապնդող մեր քարոզչության մեջ։

Ահա նաեւ այս դժբախտ ինքնասպաններն, ովքեր կյանքին վերջ տալու սխալ
ժամանակ են ընտրել, մնում են մեր ուշադրությունից ու հետաքրքրության
շրջանակից դուրս։ Այսինքն՝ ընտրված ժամանակն այնքան էլ կարեւոր չէ,
որովհետեւ եթե ողբերգական այս դեպքերը տեղի ունեցած լինեին հունիսին կամ
հոկտեմբերին, միեւնույն է, մնալու էին անարձագանք, որովհետեւ մեր
հասարակությունը հասարակական արձագանքման մեխանիզմ չունի, որովհետեւ մեր
ԶԼՄ-ներում նման հարցեր քննարկելու տեղ չկա։ Բնական է, որ սոցիալականից
մինչեւ փիլիսոփայական ձգվող այս աղետը հնարավոր չէ քննարկել լոտոների,
կոկտեյլների կամ զվարճալի-ժամանցային այլ հաղորդումների ընթացքում։

Այսուհանդերձ, ի՞նչը կարող էր դառնալ այսքան շատ մարդկանց ինքնասպանության
դիմելու պատճառ։ Միջին վիճակագրական պատասխանը կարող է լինել
սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը։ Բայց չէ՞ որ այդ իրավիճակն էլ իր
ծալքերն ունի, որոնց բացահայտումը կարող է շունչ ու կենդանություն տալ
«Սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ» ցուցատախտակին, կարող է նկարագրել
բոլորի եւ յուրաքանչյուրի բարոյահոգեբանական վիճակը։

Ինքնասպանության դիմած տասնյոթ մարդու համար կարելի է բերել տասնյոթ
պատճառ, որոնք, իհարկե, կտեղավորվեն հասարակական ու պետական
հաստատությունների փաստաթղթերում արձանագրված հասկացությունների մեջ, բայց
չեն դադարի հիմնավոր պատճառ լինելուց, որովհետեւ պատճառները վերանում են
միայն հետեւանքների ահավորության գիտակցմամբ։

«Մեկ մարդու մահը ողբերգություն է, շատերինը՝ վիճակագրություն» խորհրդային
հայտնի աֆորիզմը մեզանում գործում է ստույգ ճշգրտությամբ, բայց եթե
վերցնենք ու տեղադրենք այն իրական պատճառների համայնապատկերում, պարզ
կդառնա, որ այդ «վիճակագրությունը» կարող էր պատահել մեզանից
յուրաքանչյուրի հետ։

Պատկերացրեք, որ այս տասնյոթ հոգուց մեկն ամեն օր լսելով լոտոյի գովազդի
վայրենության աստիճան գայթակղիչ եւ քրիստոնեական բարոյականությունը
ոտնահարող «Խաղացեք, շահեք, վայելեք» կոչնակն, իր ունեցած-չունեցած փողը
տվել լոտոյի տոմս է գնել ու պարզել է, որ խաղալուց հետո շահելն ու
վայելելը պարտադիր չէ։ Այս մարդու ինքնասպանության դիմելը միանգամայն
արդարացված է, որովհետեւ նա չէր հասցրել գիտակցել հեռուստատեսային գովազդի
եւ իրականության դաժան տարբերությունն ու մի անմիտ քայլով դարձել էր
ԱՆՀԵՌԱՆԿԱՐ։

Կամ պատկերացրեք, որ գործազուրկ մեկը հերթական անգամ մոտեցել էր մոտակա
խանութին կամ կրպակին` հերթական անգամ պարտքերի մատյանում գրանցվելու
համար, եւ արժանացել հերթական մերժմանն, ու դա եղել էր բոլոր մերժումներից
ամենախիստն ու կատեգորիկը։ Նա էլ երեւի չէր հասցրել գիտակցել, որ պարտքով
ապրելն իր սահմանն ունի, եւ նույնպես դարձել էր ԱՆՀԵՌԱՆԿԱՐ։

Մի ուրիշն էլ՝ արտագաղթելու հնարավորություն չունենալով եւ չտեսնելով
կյանքի բարելավման որեւէ հույս եւ, իհարկե, չհասկանալով, որ այդ
բարելավմանն ինքն էլ պիտի մասնակցի, ընդդիմության հերթական համաժողովից եւ
սահմանադրական ուղիների անսպառությունից հիասթափված` դարձել էր
ԱՆՀԵՌԱՆԿԱՐ։

Տասնյոթ պատճառն, իհարկե, չի տեղավորվի մեկ հոդվածի մեջ, բայց վերը բերված
օրինակները միանգամայն ցայտուն են։ Որովհետեւ տնտեսական աճի երկնիշ թվերը
մեր երկրի բնակիչներից շատերին հիշեցնում են Չարենցի «Մահվան տեսիլի»
հայտնի «երկնուղեշ փայտերը», որից միայն կարելի է կախվել, բայց, ցավոք, չի
կարելի կրկնել պոետի «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի / ուրիշ ոտքեր
կախաղանին թող մոտ չգան» պատգամը։ Իսկ դրսից ներմղվող թթվածնի՝ ամերիկյան
դոլարի կուրսի անկումը պատահած վիհից կամ կամրջից ցած նետվելու թափանցիկ
ակնարկ է, որին կարող են հետեւել դրսից նվեր ստացող եւ այդ նվերով
ընտանեկան բյուջե ձեւավորող բազմաթիվ հայեր։

Սովորաբար նման դեպքերում ես գրում եմ` «մարդիկ» եւ ոչ թե` «հայեր»,
որովհետեւ աղետն ազգություն եւ հասցե չի հարցնում, բայց հիմա ազգությունը
հատուկ եմ շեշտում, քանզի մենք (մինչեւ ինքնասպանությունը) ապրում ենք
հանուն ազգի եւ ազգայինի, մենք հանդուրժում ենք այս ճահճոտ կայունությունը
հանուն ազգի ու ազգայինի, մենք խեղդվելու աստիճան սեղմվում ենք այս
շրջափակման ու մեկուսացման մեջ հանուն ազգի ու ազգայինի։ Եվ ինչպես մեր
ֆրանսիացի գործընկեր Ալեքսանդր Ադլերն է գրում «Le Figaro» թերթում,
Ցեղասպանության պնդումների համառությունն ուղիղ համեմատական է Հայաստանի
իրավիճակի վատթարացմանը։

Չի սխալվում մեր ֆրանսիացի գործընկերը, քանի որ կինոյի մասին Լենինի
հայտնի միտքը վերաձեւելով` կարող ենք արձանագրել, որ սպանություններից
ամենակարեւորը մեզ համար ցեղասպանությունն է։ Իսկ մնացյալը լռություն է,
քանի որ աղետալի վիճակագրության մասին լուրը մեզ չի հասել, ասենք,
Վրաստանի հայկական ծայրագավառ Ջավախքից։ Եթե այնտեղից հասած լիներ,
անպայման կսկսվեր ջավախքյան համազգային շարժումը՝ հանուն ազգի եւ ազգայինի
փրկության։