«Ջերմուկ Մայր գործարան» ընկերությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` հայտնելով, որ հանքային ջուր արտադրող «Արա Գեղեցիկ եւ Արամ», «Գեւորգյանի Մագիստրոս», «Ռոզալ եւ Մանուկ» ընկերությունները` խախտելով օրենքն ու գործարար շրջանառության սովորույթները, իրենց արտադրանքն իրացնելու նպատակով օգտագործում են մտավոր սեփականության գործակալությունում իրենց ընկերության անվամբ գրանցված ապրանքային նշանները` շշերը:
ՏՄՊՀ մամուլի քարտուղարի փոխանցմամբ` գրությանը կից հանձնաժողով են ներկայացվել նաեւ վերոհիշյալ ընկերությունների կողմից օգտագործվող շշերի նմուշներ, որոնց վրա առկա են «Ջերմուկ մայր գործարան 1951» հայերեն եւ անգլերեն գրառումներ կամ դաջվածքներ, ինչը սպառողները կարող են շփոթել «Ջերմուկ Մայր գործարանի» արտադրանքի արտաքին տեսքի հետ:
Հանձնաժողովի կարգադրությամբ «Արա Գեղեցիկ եւ Արամ», «Գեւորգյանի Մագիստրոս» ընկերություններն արդեն դադարեցրել են իրենց ապրանքների արտադրությունն ու իրացումը: Հանձնաժողովը տնտեսվարողներին նաեւ զգուշացրել է այսուհետեւ զերծ մնալ օրենքի խախտումներից, իսկ «Ռոզալ եւ Մանուկ» ընկերության նկատմամբ սահմանել է 500.000 դրամի տուգանք:
Ի դեպ, հանձնաժողովը Երեւանի մանրամեծածախ առեւտրի կետերում հայտնաբերել է «Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող «Beauty» ապրանքային անվանումով, կոկոսի միջուկով կոնֆետ, որի բառային, գունային եւ պատկերային համադրությունները շփոթության աստիճան նմանեցված են «Bounty» ապրանքային նշանին: Այս գործի վարույթի ընթացքում պարզվել է, որ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից «Բյութի» ապրանքային նշան` «Ա. Ավետիսյանի ԱՍԱ» ընկերության անունով, գրանցված չէ, իսկ «Բաունթի» ապրանքային նշանը միջազգային գրանցում է ստացել ամերիկյան «Mars» ընկերության անունով:
Երեկվա նիստի ընթացքում տնտեսվարող սուբյեկտը հայտարարել է, որ արդեն դադարեցված է օրենքի խախտումով փաթեթավորմամբ տվյալ ապրանքի արտադրությունը, եւ օգտագործվում է նոր` օրինական գրանցում ստացած ապրանքանիշով փաթեթավորում: Տնտեսվարող սուբյեկտը նախազգուշացրել է ընկերությանը` հետագայում խախտումները բացառելու վերաբերյալ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաեւ անհատ ձեռնարկատեր Իշխան Սարգսյանի կողմից արտադրվող եւ իրացվող «ASA Calgon» («ԱՍԱ Քալգոն») ապրանքային անվանումով լվացքի մեքենաների համար նախատեսված քիմիական նյութ, որի փաթեթավորումը նույնպես շփոթության աստիճան նմանեցված է «Calgon» («Քալգոն») ապրանքային նշանին: Մտավոր սեփականության գործակալության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, «Calgon» ապրանքային նշանը 1992թ. 20 տարի ժամկետով գրանցված է «Reckitt Benckiser N.V.» («Ռեքկիթ Բենքկիզեր ՆՎ»), ընկերության անունով: Հանձնաժողովը որոշել է տվյալ ապրանքը փորձաքննության ուղարկել, եւ եթե պարզվի, որ իրոք նույն ապրանքն է, շփոթության խնդիրը կվերանա: