Սարքավորումներ են տեղադրում

29/02/2008

Վերջերս Հայաստանի խաղաղապահ գումարտակն ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հաղորդակցման սարքավորումներ է ստացել Միացյալ Նահանգների Ռազմական համագործակցության գրասենյակի (ՌՀԳ) միջոցով, որը տեղակայված է ԱՄՆ դեսպանությունում: «Հերրիս րեյդիո քորփորեյշնից» գնված ռադիոները, անտենաները, զանազան լրացուցիչ սարքերը եւ ուսուցումն ավելի կհզորացնեն հայկական գումարտակի կարողությունները` կոալիցիոն եւ խաղաղապահ ուժերի հետ համատեղ գործելու ողջ աշխարհում, եւ մասնավորապես՝ Կոսովոյում եւ Իրաքում, ուր ներկայումս գործում են հայկական զորախմբերը: Հաղորդակցման սարքավորումները հանդիսանում են ԱՄՆ-ի կողմից պլանավորած ավելի մեծածավալ աջակցության մի մաս` աջակցելու Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ Անհատական համագործակցության գործողությունների ծրագրի (ԱՀԳԾ) խնդիրներին, որոնք պայմանավորում են Հայաստանի նպատակը խաղաղապահ գումարտակ ստեղծելու գործում: Աջակցելով այդ նպատակին` 2006թ. սկսած ԱՄՆ-ը Միջազգային զինվորական ֆինանսավորման (ՄԶՖ) միջոցներից ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել` հայկական խաղաղապահ գումարտակին ամբողջությամբ ապահովելու համազգեստով, զորավարժային սպառազինմամբ, բժշկական սարքավորումներով, քիմիական նյութերի հայտնաբերման եւ դրանցից պաշտպանվելու սարքերով եւ ուսուցմամբ:

Ամերիկյան լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել աջակցելու այս խաղաղապահ գումարտակի ընդարձակմանը` հասցնելով այն բրիգադի ծավալին, ինչպես դա պայմանավորված է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ԱՀԳԾ-ով: 2008թ. ընթացքում ՌՀԳ-ն աշխատելու է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ եւ տրամադրելու է սահմանափակ քանակությամբ բեռնատար մեքենաներ, համազգեստներ, զորավարժային սպառազինում եւ հաղորդակցման լրացուցիչ սարքավորումներ` հայկական խաղաղապահ բրիգադի զարգացմանը նպաստելու նպատակով:

Հայաստանում ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակի նպատակն է՝ խթանել պաշտպանության ոլորտում Հայաստանին ԱՄՆ կառավարության եւ արդյունաբերության կողմից օժանդակության ցուցաբերումը: Գրասենյակը գործում է ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի եւ Շտուտգարտում տեղակայված` ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ենթակայության ներքո: